Քաղաքական

Փաշինեանին պէտք է արտաքսել եկեղեցուց եւ ձերբակալել

Իրավիճակը Հայաստանում օրէցօր աւելի աղէտալի է դառնում։ Երկիրը յարձակման է ենթարկւում թէ՛ ներքին, թէ՛ արտաքին թշնամիների կողմից։

Երկրի առջեւ ծառացած բազմաթիւ գոյաբանական խնդիրները լուծելու փոխարէն, Փաշինեանը գործադրում է բոլոր ջանքերը՝ փորձելով փոխարինել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Եկեղեցու ներսում ինչ կրօնական խնդիրներ էլ որ լինեն, դրանցից ոչ մէկը չպէտք է մտահոգի վարչապետին, քանի որ Սահմանադրութունն արգելում է նրան միջամտել եկեղեցու ներքին գործերին, այդպիսով խախտելով եկեղեցու եւ պետութեան տարանջատման սկզբունքը։

Ես այստեղ չեմ կրկնի Փաշինեանի բոլոր անօրինական գործողութիւնները եւ այն վնասը, որ նա հասցրել է Հայաստանին ու Արցախին, որի համար նա վաղուց պէտք է հեռացւած լինէր պաշտօնից: Նրա պոռնոգրաֆիկ ֆէյսբուքեան գրառումները եւ կարգալոյծ քահանային աջակցելը բաւարար հիմքեր են Հայոց եկեղեցուց նրան արտաքսելու համար։ Կառավարութեան ղեկավարի վարքագիծը ցոյց է տալիս նրա լիակատար անյարգալից վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ:

Նախկին քահանան կարգալոյծ արւեց «հոգեւորականին անվայել վարքագծի» համար։ Սակայն, նա մերժեց ընդունել այդ որոշումը եւ անցեալ կիրակի անօրինական կերպով պատարագ մատուցեց՝ այդպիսով պղծելով Յովհաննավանքը։ Ստեղծելով լարւած մթնոլորտ՝ Փաշինեանը մասնակցեց կարգալոյծ քահանայ  Ստեփան (Արամ) Ասատրեանի կողմից անցկացւած անթոյլատրելի պատարագին։ Վարչապետին միացան պաշտպանութեան եւ էկոնոմիկայի նախարարները, տարբեր մարզպետներ, պատգամաւորներ, քաղաքապետեր եւ ավւագանու անդամներ՝ բոլորը Փաշինեանի կուսակցութեան ներկայացուցիչներ։ Վարչապետի շրջապատը կազմակերպել էր, որ մեծ թւով ոստիկաններ եւ քաղաքացիներ ներկայ լինեն վանքում՝ իրենց աջակցութիւնը ցոյց տալու կարգալոյծ քահանային։ Փաշինեանը պատարագի ընթացքում Սուրբ Հաղորդութիւն ստացաւ կարգալոյծ քահանայի ձեռքից, ինչը կարելի է համարել սրբապղծութիւն։ «Այսօր Յովհաննավանքի պատարագը Մայր Աթոռի ազատագրման գործընթացի գործնական փուլի մեկնարկն է խորհրդանշում», յայտարարեց Փաշինեանն իր ֆէյսբուքեան էջում։ Նա նաեւ յայտարարեց, որ յաջորդ կիրակի նոյնպէս կը լինի նոյն վանքում։ Նման սադրիչ յայտարարութիւնները կարող են յանգեցնել զանգւածային բախումների եւ արիւնահեղութեան, որի ամբողջ պատասխանատւութիւնը կրում է վարչապետը։

Անցեալ կիրակի «պատարագի» ժամանակ վանքի ներսում երկու անսպասելի միջադէպ տեղի ունեցաւ։ Մի մարդ արարողութեան ժամանակ բղաւեց, որ կարգալոյծ քահանան իրաւունք չունի պատարագ մատուցել։ Ինչ-որ մէկը շտապ փակեց նրա բերանը եւ բռնի կերպով դուրս հանեց եկեղեցուց։ Մէկ ուրիշը կարգալոյծ քահանայի ձեռքից խլեց Աստւածաշունչը։

Անցած շաբաթ կառավարութիւնը ոստիկաններ ուղարկեց Յովհաննավանք՝ պաշտպանելու կարգալոյծ քահանային եւ վտարելու օրինական հոգեւորականներին, ինչը Հայաստանի օրէնքի խախտում է: Սա իշխանութեան չարաշահում է եւ ապօրինի միջամտութիւն եկեղեցու ներքին գործերին: Ոստիկանները պէտք է ճիշտ հակառակն անէին՝  կանխէին կարգալոյծ քահանայի մուտքը եկեղեցի, քանի որ նա այլեւս հոգեւորական չէ:

Իրավիճակն աւելի սրելով՝ Քննչական կոմիտէն, Փաշինեանի հրահանգով, անցած շաբաթ երեկոյեան գրաւոր պահանջեց, որ Արագածոտնի մարզի բոլոր 21 հոգեւորականները կիրակի վաղ առաւօտեան ներկայանան Քննչական կոմիտէի երեւանեան գրասենեակ: Հոգեւորականները համատեղ յայտարարութեամբ մերժեցին այդ պահանջը՝ նշելով, որ կիրակի առաւօտեան պէտք է գտնւեն իրենց եկեղեցիներում եւ պատարագ մատուցեն հաւատացեալ ժողովրդին: Կառավարութիւնը կրկին ապօրինի միջամտում է եկեղեցական գործերին եւ խոչընդոտում հոգեւորականների կրօնական պարտականութիւնների կատարմանը: Հոգեւորականները նաեւ յայտարարեցին, որ չեն ցանկանում ներկայանալ Քննչական կոմիտէի գրասենեակ՝ առանց իրենց փաստաբանների ներկայութեան, որոնք կիրակի օրերին հասանելի չեն։

Արցախի եւ Հայաստանի շահերը վնասելուց յետոյ, Փաշինեանը հիմա փորձում է ապակայունացնել Հայ Առաքելական Եկեղեցին, որն աւելի քան 1700 տարւայ պատմութիւն ունի։ Յայտարարելով, թէ ստեղծում է կեղծ Հայաստանի չորրորդ Հանրապետութիւն, նա այժմ կարող է ծրագրել Հայոց եկեղեցու վերակազմաւորումը։

Վերջին ամիսներին մի քանի արքեպիսկոպոսների եւ տասնեակ այլ հոգեւորականների ապօրինի ձերբակալութիւններն անպայման կը բողոքարկւեն Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում, որն այլ երկրների գործերով բազմիցս վճռել է, որ եկեղեցին իրաւունք ունի վտարել իր ներքին կանոնները խախտող ցանկացած հոգեւորականի։

Հրաժարւելով ընդունել Կաթողիկոսի կրօնական իշխանութիւնը՝ Փաշինեանը փաստօրէն մերժում է Կաթողիկոսի կողմից կատարւած բոլոր մկրտութիւնների եւ հարսանիքների, ինչպէս նաեւ նրա կողմից բոլոր հոգեւորականների ձեռնադրութիւնների օրինականութիւնը՝ դրանք յայտարարելով անվաւեր։

Զաւեշտալի է, որ Փաշինեանը, իրեն ներկայացնելով որպէս Հայ Առաքելական Եկեղեցու հաւատարիմ անդամ, բացայայտ միջամտում է եկեղեցու գործերին: Նա խոստովանել է, որ իր ամուսնութիւնը չի կատարւել ո՛չ եկեղեցում, ո՛չ էլ քաղաքացիական կարգով։ Այլ կերպ ասած, նա տասնամեակներ շարունակ ապրել է մեղքի մէջ: Նրա զուգընկեր Աննա Յակոբեանը, որին սխալմամբ անւանում են «Առաջին տիկին», իր շքախմբի հետ տարբեր երկրներ մեկնելու եւ պաշտօնական հանդիպումներ ունենալու համար օգտագործում է պետական ռեսուրսները: Յայտնի չէ՝ արդեօք Փաշինեանը մկրտւել է Հայ Առաքելական Եկեղեցում, թէ ոչ։

Մինչ այժմ Փաշինեանը կարողացել է բաժանել աշխարհասփիւռ հայերին մի քանի հակադիր խմբերի՝ Փաշինեանամէտ եւ հակափաշինեանական հոգեւորականներ, իշխանութիւն ընդդէմ ընդդիմութեան, ներկայ ղեկավարներ ընդդէմ նախկին ղեկավարների, արցախցիներ ընդդէմ հայաստանցիների, սփիւռքահայեր ընդդէմ տեղացիների եւ այլն: Բազմաթիւ լուրջ խնդիրներ ունեցող փոքր ազգը չի կարող պառակտւել՝ բաժանւելով այդքան շատ խմբաւորումների: Շուտով ոչինչ չի մնայ: Կիրառելով «Բաժանիր, որ տիրես» մարտավարութիւնը՝ Փաշինեանի չարամիտ նպատակը բոլորին միմեանց դէմ հանելու մէջ այն է, որ իշխանութիւնը շարունակի մնալ իր կուսակցութեան ձեռքին։

Հայ հասարակութեան մէջ եկեղեցու դերը նւազագոյնի հասցնելու նպատակով, Փաշինեանի խորհրդարանական մեծամասնութիւնն անցեալ շաբաթ քւէարկեց Հայ Առաքելական Եկեղեցու կողմից վերահսկւող «Շողակաթ» հեռուստաալիքը փակելու օգտին: «Շողակաթ»-ը, որը համաֆինանսաւորւում է Եկեղեցու եւ կառավարութեան կողմից, գործում է երկու տասնամեակ: Այն հեռարձակում է կրօնական եւ կրթական ծրագրեր եւ չի անդրադառնում քաղաքական հարցերին:

Թւում է, թէ ստալինիզմը դեռ կենդանի է Հայաստանում…

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button