Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ԵՍ ՈՒԶՈՒՄ ԷԻ…

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ

 

Ես ուզում էի

բանաստեղծութեան պատը զարդարել

վանքի պատի պէս՝

իբրեւ հատուցում

այն սքանչելի բանաստեղծութեան,

որով պապերը մեր հաւատակեզ

հիւսել են վանքի պատերը նրբին.-

քարը քարի հետ արիւնով կապել,

կապն իրենց հոգու ջերմութեամբ չափել,

քրտինք թափելով, քաղցր տառապել

եւ նւիրել են Փրկիչին, Սրբին:

Խաչը հիւսել են երգի հիւսւածքից,

քիւը կապել են երգի բառերով,

սիւնն արարել են բառի սլացքից,

գմբէթին բառէ սալեր են քաշել՝

ծայրին հաւատի ջահը վառելով:

Եւ գմբէթի տակ կախել են բառեր՝

զրընգուն,

զուլալ,

յաւիտենական,

ու զրընգում են բառերն այդ դարեր՝

հոգու զանգերը տիեզերական:

 

Ես ուզում էի

բանաստեղծութեան լեզուն բարբառի

զանգերի նման սուրբ եկեղեցու,

եւ արձագանգը

աշխարհէ-աշխարհ, սրտէ-սիրտ գնայ,

ու չդադարի,

եւ ազդարարի

տագնապը դարի,

հաւատը դարի,

արատը դարի՝

այնպիսի զնգուն համոզկերութեամբ,

որ տագնապ, արատ,

ցաւ ու ցաւագար

ուժատւեն լրիւ, դառնան անկարող

մարդկային հոգին իսպառ խաթարել:

 

Այդ ղօղանջները

մենք լսում ենք, երբ

հնչում են նրանք,

եւ լսում ենք՝ երբ

ննջում են նրանք,

քանի որ անուշ մխիթարութեան

բառերն են անմեռ մեր նախնիների,

որ ամրոցներ են դարձել մեր հոգուն՝

ընդդէմ գրոհին գետնաքարշ Նեռի:

 

Ես ուզում էի բանաստեղծութեան

տողերը շարել

եկեղեցու նուրբ շարերի հանգոյն,

բառը բառի հետ

այնպէս նժարել,

որ դառնայ կրկին փոքրիկ հատուցում

այն սքանչելի տողաշարերի,

որով հաւատի տունն է արարւում,

որի մէջ սիրո կրակն է վառւում,

բոցում է անվերջ ու… չի սպառւում:

 

Ես ուզում էի

բանաստեղծութեան պատին քանդակել

պատկերը սիրոյ, հաւատարմութեան

եւ եղբայրութեան,

եւ քո պատկերն էլ դնել հովանի՝

յաւիտենական յոյս ու բարութեան…

………………………………………………………..

 

Ահա, երկինքը ցողով թաթախւած

անուշ բառերի ոսկի է մաղում.-

շոյի՛ր պատերը բանաստեղծութեան՝

քո մատների տակ սիրտ է բաբախում:

 

11.01.1985 թ.

Related Articles

Back to top button