Արցախի շուրջ 30 պետական եւ մասնաւոր թանգարաններ ու հաւաքածուներ յայտնւել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում

«Այս տարւայ Թանգարանների միջազգային օրւայ պաշտօնական խորագիրն է՝ «Թանգարանները միաւորում են մասնատւած աշխարհը»։ Սակայն այդ միաւորող առաքելութիւնը կարող է լիարժէք իրագործւել միայն այն դէպքում, երբ միջազգային հանրութիւնը գործնականօրէն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգութիւնը գտնւում է համակարգւած ոչնչացման եւ ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպէս ներկայումս Արցախում»,- նշում է Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Յովիկ Աւանէսովը։
Իւրաքանչիւր տարի մայիսի 18-ին աշխարհում նշւում է Թանգարանների միջազգային օրը՝ որպէս կարեւոր միջազգային հարթակ, որի նպատակն է ընդգծել թանգարանների դերը հասարակութիւնների կրթական, գիտական եւ մշակութային զարգացման գործընթացներում, ինչպէս նաեւ՝ մարդկութեան մշակութային ժառանգութեան պահպանման, ուսումնասիրութեան եւ հանրահռչակման գործում։ Այս նախաձեռնութիւնը հաստատւել է 1977 թւականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխաւոր համաժողովի ընթացքում, իսկ 1978 թւականից ի վեր այն նշւում է աշխարհի աւելի քան 150 երկրում, այդ թւում՝ Հայաստանում։
Աւանսէովը գրում է. «Առանձնայատուկ մտահոգութեան առարկայ է բռնազաւթւած Արցախում ստեղծւած իրավիճակը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացւող պետական քաղաքականութեան հետեւանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգութիւնը գտնւում է լիակատար եւ համակարգւած ոչնչացման, աղաւաղման եւ իւրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային մշակութային ժառանգութեան անփոխարինելի արժէքներ։
Արցախը՝ հազարամեակների պատմութիւն ունեցող եւ համաշխարհային քաղաքակրթութեան կարեւորագոյն օջախներից մէկը, երկար տարիներ ակտիւօրէն մասնակցել է Թանգարանների միջազգային օրւան՝ կազմակերպելով ցուցահանդէսներ, գիտաժողովներ, կրթական եւ մշակութային ծրագրեր, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգութիւնը։ Արցախի թանգարաններն ու մշակութային հաստատութիւնները եղել են ոչ միայն յիշողութեան պահպանման կենտրոններ, այլեւ գիտական ուսումնասիրութիւնների եւ մշակութային ինքնութեան պահպանման առանցքային յենասիւներ։
2023 թւականի իրադարձութիւններից յետոյ Արցախի շուրջ 30 պետական եւ մասնաւոր թանգարաններ ու հաւաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական եւ գեղարւեստական բացառիկ նմուշներով, յայտնւել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Այսօր դրանք զրկւած են բնականոն գործունէութիւնից, իսկ դրանց հաւաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման եւ նպատակային իւրացման բարձր ռիսկի ներքոյ։
Արցախի մշակութային ժառանգութիւնը, որն ունի ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային արժէք, ենթարկւում է համակարգւած քաղաքականութեան, որի նպատակը պատմական յիշողութեան խեղաթիւրումն է, մշակութային ինքնութեան ջնջումը եւ պատմաճարտարապետական արժէքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրութեան առաւել հետեւողական եւ հասցէական ուշադրութիւն՝ որպէս մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հրատապ խնդիր։
Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պէտք է դիտարկւի ոչ միայն որպէս խորհրդանշական տօն, այլեւ որպէս միջազգային հանրութեան համար պատասխանատւութեան օր՝ ուղղւած մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, վտանգների բարձրաձայնման եւ կանխարգելման գործողութիւնների խթանմանը»։
2026 թւականը յոբելեանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար. կազմակերպութիւնը նշում է իր հիմնադրման 80-ամեակը՝ ութ տասնամեակ շարունակ միաւորելով համաշխարհային թանգարանային հանրոյթը եւ նպաստելով մշակութային ժառանգութեան պահպանմանն ու զարգացմանը։



