Թուրքիայում 10 տպաւորիչ հնավայրերից 3-ը հայկական են

Ermenihaber.am-ը գրում է, որ ստամբուլաբնակ լրագրող Փօլ Օսթերլունդը «National Geographic»-ի համար կազմել է Թուրքիայի տարածքում գտնւող 10 ամենատպաւորիչ հնավայրերի ցանկը, որոնք արտացոլում են տարածաշրջանի բազմաշերտ պատմութիւնը եւ համարւում պարտադիր այցելութեան վայրեր։ Ցանկում տեղ են գտել նաեւ հայկական պատմամշակութային կոթողները։
Դրանց թւում է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնւող Անիի հնավայրն իր աւերակներով։ Այն կառուցւել է Միջնադարում եւ Բագրատունի թագաւորական տոհմի համար ծառայել որպէս մայրաքաղաք: Այնտեղ է գտնւում Անիի մայր տաճարը (Սուրբ Աստւածածին), որի շինարարութիւնը սկսել է հայոց թագաւոր Սմբատ 2-րդ Բագրատունին 989 թ.-ին, իսկ աւարտել՝ հայոց թագուհի Կատրամիդէն 1001թ.-ին։
Անիի մայր տաճար

Անի քաղաքը յայտնի է նաեւ «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անունով: Մինչ օրս քաղաքում տարբեր վիճակներով պահպանւել են բազամթիւ հայկական եկեղեցիներ, իսկ Անիի մայր տաճարը գտնւում է վերանորոգման փուլում: Այնտեղ են նաեւ Սուրբ Ամենափրկիչ, Տիգրան Հոնենցի եւ Աբուղամրենց Ս. Գրիգոր եկեղեցինները, որոնք համեմատաբար աւելի լաւ են պահպանւել, սակայն թուրքական իշխանութիւնները հեռացրել են եկեղեցիների գմբէթներին եղած խաչերը:
Յաջորդ պատմամշակութային արժէք ներկայացնող հայկական կոթողը, որը եւս ներառւել է այդ ցանկում, գտնւում է Վանա լճի Աղթամար կղզում: Այնտեղ է 10-րդ դարում կառուցւել հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որում 2010-ից ի վեր ամէն տարւայ սեպտեմբերին՝ (որոշակի ճգնաժամային ընդհատումներով) Խաչվերաց տաղաւար տօնին յաջորդող կամ նախորդող կիրակի օրը, պատարագ է մատուցւում։
Պատարագներին զուգահեռ Թուրքիայի իշխանութիւնները թոյլատրել են եկեղեցու գմբէթի վրայ խաչի տեղադրումը եւ այժմ այն հանդիսանում է աշխարհասփիւռ հայերի համար սրբատեղի, ուր այցելում են ոչ միայն հայեր, կամ այլ քրիստոնեայ ազգեր, այլեւ մեծ թւով Թուրքիայի բնակիչներ:
Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի

Ներկայիս Թուրքիայի Ադըիաման նահանգում գտնւող Նեմրութ լեռան (2.164 մետր) դամբարանաբլուր սրբավայրն էլ ցանկում 3-րդ հայկական մշակութային հնավայրն է: Այն կառուցել է հայկական Կոմմագենէի թագաւորութեան Անտիոքոս Ա Երւանդունի արքան։ Նրան թագադրել է Տիգրան Մեծը տիգրանեան թագով, որով էլ հէնց Անտիոքոս Կոմմագենացու արձանը ներկայացւած է Նեմրութ լեռան սրբավայրում:
Նեմրութ լեռան դամբարանաբլուր

Ցանկում տեղ գտած միւս 7 հնավայրարերն էլ հետեւեալն են՝ Գիոբեքլիթեփէի հնագիտական թանգարանը, Եփեսոսի հնավայրը, Կապադովկիայի կիսաանապատային տարածքը՝ իր բարձր կոնաձեւ ժայռերով, Ստամբուլի բազիլիկ ջրամբարը եւ «Կոստանտնուպոլսի աւազային պատերը», Փամուքքալէի տաք ջրաւազաններն ու Տրապիզոնի Սիւմելա վանքը:
Yerkir.am



