
Յունիսի 30-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցում Կրթական խորհրդի եւ դոկտ. Անահիտ Զարգարեանի կողմից կազմակերպւեց մասնագիտական երկրորդ հանդիպումը, որին մասնակցեցին հայկական բոլոր դպրոցների փոխտեսուչները եւ հայոց լեզու, գրականութիւն դասաւանդող ուսուցիչները։
Ինչպէս նախորդ հանդիպումը, որը տեղի էր ունեցել յունիսի 2-ին, այս հանդիպումը եւս նպատակ ունէր նպաստելու հայկական դպրոցներում պաշտօնավարող կրթական պատասխանատուների եւ մանկավարժների մասնագիտական աճին ու շարունակական կատարելագործմանը։
Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Քլարա Աղախանեանը, դոկտ. Անահիտ Զարգարեանը, հայկական դպրոցների փոխտեսուչներ եւ ուսուցիչներ։
Որպէս հանդիպման նախաբան՝ դոկտ. Անահիտ Զարգարեանը ներկայացրեց. Քննադատական մանկավարժութիւնը՝ որպէս գիտելիքի ձեռքբերման գործընթաց եւ որպէս անձի ու հասարակութեան վերափոխման միջոց։ Անդրադարձաւ Քննադատական մանկավարժութեան հիմնարար սկզբունքներին՝ ընդգծելով դրա կարեւորութիւնը ժամանակակից կրթական գործընթացի մէջ։ Ներկայացրեց նաեւ այն նշանաւոր մտածողներին ու մանկավարժներին, որոնք համարւում են մանկավարժութեան հիմնադիր հայրերը՝ շեշտելով նրանց անգնահատելի ներդրումը կրթութեան տեսութեան եւ գործնական մանկավարժութեան զարգացման մէջ։ Նա նշեց, որ նրանց գաղափարները այսօր ես շարունակում են հիմք ծառայել ժամանակակից կրթական համակարգի համար։
Դպրոցների փոխտեսուչներին եւ ուսուցիչներին նախապէս տրւել էր անհատական յանձնարարութիւններ հետեւեալ թեմաներից.
Ի՞նչպէս արդիւնաւէտ կազմակերպել ուսումնական կառավարման գործընթացը։
Որո՞նք են դասարանում աշակերտի հիմնական վարքագծի երեք առանձնայատկութիւնները։
Ի՞նչ է նշանակում դասարանի կառավարում։
Ի՞նչ է նշանակում վարքի կառավարում։
Իւրաքանչիւր անցանկալի վարքի դրսեւորման համար մանկավարժը ի՞նչ կէտեր պէտք է նկատի ունենայ։
Փոխտեսուչները ներկայացրեցին իրենց եզրայանգումները յանձնարարւած գրքից, իսկ ուսուցիչները՝ դիտւած տեսանիւթի վերաբերեալ։ Ներկայացումները ուղեկցւեցին մասնագիտական քննարկումներով, հարցադրումներով եւ կարծիքների փոխանակմամբ։
Իրենց եզրայանգումներով եւ զեկոյցներով հանդէս եկան՝ «Մարիամեան» դպրոցի փոխտեսուչ՝ Արբի Ալլահվերդեանը, «Մարիամ» հաստատութեան աղջկանց բաժնի ուսուցչուհի՝ Բերսաբէ Վարդանեանը եւ «Արաքս» դպրոցի ուսուցչուհի՝ Ժենիկ Բաբախանեանը։
Կրթական խորհրդի կողմից զեկուցաբերներին, որպէս խրախուսանք տրւեցին վկայագրեր։
Կրթական խորհուրդը իր շնորհակալութիւնն է յայտնում հիւրընկալ «Շանթ Մարիամեան» դպրոցի փոխտեսչին եւ Ծնողական խորհրդին։
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ



