ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏՆԷՇԸ

ՀԱՏԻՍ

 

(Կարճով՝ վերջաբանի փոխարէն)

Մի տեսանիւթ-ռիլզ կար։ Փողոցում՝ նստարանի վրայ նստած մարդուն հարցնում են ընտրութիւնների մասին։

«Լա՞ւ էք»,- հարցնում են։ «Ո՞վ կանցնի, ո՞վ չի անցնի, ո՞ւմ կը վստահի ժողովուրդը»։

Նա մի պահ բարձրացնում է աչքերը, կարծես մի փոքր զարմացած, թէ ինչու է իրեն այդ հարցը տրւում, եւ հանգիստ պատասխանում է.

«Չէ հա, ի՞նչ լաւ… Դէ թող անցնի։ Ով էլ չանցնի՝ թող չանցնի»։

Սովորական թւացող զրոյց անծանօթի հետ: Չկայ բողոք, չկայ զայրոյթ, չկայ նաեւ սպասում։ Չկայ նոյնիսկ պարտւելու վախ կամ յաղթելու յոյս։ Կայ միայն մի զգացում, որ տեղի ունեցողը իրենից դուրս է, իր կեանքի հետ կապ չունեցող։

Եւ գուցէ ժողովրդավարութեան ամենամեծ վտանգը հէնց այստեղ է։

Ոչ այն քաղաքացու մէջ, որը սխալ ընտրութիւն է կատարում։ Սխալը ժողովրդավարութեան բնական մասն է։ Ոչ էլ այն մարդու մէջ, որը դժգոհ է իշխանութիւնից։ Դժգոհութիւնը նոյնպէս քաղաքական կեանքի մասն է։

Ամենավտանգաւոր պահն այն է, երբ քաղաքացին այլեւս չի հաւատում, որ իր ընտրութիւնը կարող է որեւէ բան փոխել։

Մենք սովոր ենք ժողովրդավարութեան խնդիրները փնտրել իշխանութեան մէջ։ Խօսում ենք վատ կառավարման, անարդար որոշումների, քաղաքական պայքարի եւ իշխանութեան սահմանափակման մասին։ Բայց ժողովրդավարութիւնը միայն իշխանութեան մասին չէ։

Այն նաեւ այն հասարակութեան մասին է, որը ընտրում է, հետեւում է, պահանջում է եւ պատասխանատւութիւն է կրում իր ընտրութեան համար։

Իշխանութիւնները հասարակութիւններից դուրս չեն ծնւում։ Դրանք ձեւաւորւում են նոյն միջավայրում, որտեղ կան քաղաքացիների սպասումները, պահանջները եւ երբեմն նաեւ անտարբերութիւնը։

Դեռ 19-րդ դարում Ալեքսիս դը Թոքւիլը նկատել էր, որ ժողովրդավարութիւնը պահպանւում է ոչ այնքան օրէնքներով, որքան հասարակութեան բարքերով։ Օրէնքը կարող է սահմանել կանոններ, բայց չի կարող ստեղծել քաղաքացիական պատասխանատւութիւն։ Լաւ Սահմանադրութիւնը չի փրկում այն հասարակութեանը, որտեղ քաղաքացին դադարում է հետաքրքրւել իր իսկ քաղաքական ճակատագրով։

Կարլ Պոպերը ժողովրդավարութեան արժէքը չէր տեսնում կատարեալ իշխանութիւն ընտրելու մէջ։ Նրա համար կարեւորն այն էր, որ հասարակութիւնը կարողանայ վատ իշխանութիւնից ազատւել խաղաղ ճանապարհով։ Բայց դրա համար անհրաժեշտ է ոչ միայն ընտրելու իրաւունք, այլ նաեւ ընտրութեան նկատմամբ հաւատ։

Այսօր, սակայն, քաղաքական մասնակցութիւնը շատ դէպքերում փոխարինւում է քաղաքականութեան «դիտումով»։ Մարդը հետեւում է քաղաքական պայքարին, կարդում է լուրերը, երբեմն մեկնաբանում է սոցիալական ցանցերում, բայց իրեն այլեւս չի զգում այդ գործընթացի մասնակից։

Նա դառնում է հանդիսատես։

Իսկ հանդիսատես դարձած հասարակութեան մէջ քաղաքականութիւնը հեշտութեամբ վերածւում է ներկայացման։ Քաղաքացին այլեւս չի պահանջում որակ, այլ սպասում է հերթական դէմքին, հերթական խոստմանը, հերթական փոփոխութեանը։

Ժողովրդավարութեան վերջին պատնէշը ոչ թէ Սահմանադրութիւնն ու դատարանն ու հերթական ընտրութիւնն է, այլ  քաղաքացին է, կամ այն մարդը, որը նստարանին նստած ասում է. «ով էլ անցնի՝ թող անցնի»։

Որովհետեւ այդ պահին խնդիրը այլեւս միայն ընտրութեան արդիւնքը չէ։

Խնդիրն այն է, որ ժողովրդավարութիւնը կորցնում է իր ամենակարեւոր ուժը՝ քաղաքացու հաւատը, որ իր ձայնը դեռ նշանակութիւն ունի։

Related Articles

Back to top button