Պարագւայի Սենատը բանաձեւ է ընդունել Մբապէի շուրջ ստեղծւած սկանդալի վերաբերեալ

Պարագւայի Սենատը ձայների մեծամասնութեամբ պաշտօնական բանաձեւ է ընդունել, որով խստօրէն դատապարտում է սենատոր Սելեստա Ամարիլիային՝ Ֆրանսիայի ազգային հաւաքականի յարձակւող Կիլիան Մբապէի հասցէին հնչեցրած ռասիստական արտայայտութիւնների համար։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Parisien հեղինակաւոր պարբերականը։
Վերին պալատում այս որոշումն ընդունւել է գրեթէ հինգ ժամ տեւած թէժ քննարկումներից յետոյ։ Իր հրապարակած յայտարարութեան մէջ Պարագւայի Սենատն ընդգծել է իր «բացարձակ անհանդուրժողականութիւնն ու մերժումը» ռասիզմի եւ խտրականութեան ցանկացած դրսեւորման նկատմամբ։
Յիշեցնենք, որ աւելի վաղ Սելեստա Ամարիլիան վիրաւորական եւ ոչ կոռեկտ արտայայտութիւններ էր հնչեցրել Կիլիան Մբապէի հասցէին։ Սենատորը հասել էր նրան, որ քննադատել ու մեղադրել էր Պարագւայի ազգային հաւաքականի ֆուտբոլիստներին այն բանի համար, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի խաղից յետոյ նրանցից ոչ ոք «ապտակ չէր հասցրել» ֆրանսիացի յարձակւողին:
Միջադէպն աննկատ չի մնացել. ինքը՝ ֆուտբոլիստը, արձագանքել է հնչած յայտարարութիւններին, իսկ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան աւելի հեռուն է գնացել՝ պաշտօնական բողոք ներկայացնելով դատախազութիւն՝ ռասիստական բնոյթի վիրաւորանքների եւ ատելութեան խօսքի հիմքով։



