Ֆրենսիս Քուրքջեանի՝ Dior-ի համար ստեղծած վերջին բոյրն արտացոլում է Նիւ Եօրքի ոգին
Երբ խօսում ենք New Look Dior-ի մասին, առաջին բանը, որ գալիս է մտքում, փարթամ կիսաշրջազգեստներն ու նուրբ բաճկոններն են, որոնք ստեղծել է Christian Dior-ը դեռեւս 1947 թւականի ձմռանը՝ սկիզբ դնելով կանացի շքեղ զգեստապահարանի նոր դարաշրջանին: Իւրաքանչիւր յաջորդ դիզայներ իր ուրոյն ներդրումն է ունեցել հիմնադրի նորարարական հայեցակարգում:
Ուստի զարմանալի չէ, որ երբ Ֆրենսիս Քուրքջեանը, որն այժմ Dior Parfums-ի բոյրերի ստեղծման տնօրէնն է, առաջին անգամ ժամանեց Dior, սկսեց մտածել դրա նշանակութեան մասին: «Նոր կերպարն աւելին է, քան ժառանգութիւնը, եւ աւելին, քան, պարզապէս, ուրւագիծը․ դա հոգեվիճակ է»,-ասում է նա:
Հէնց այդ New Look-ը ոգեշնչեց Ֆրենսիսի համանուն վերջին բոյրին, որը, որպէս Dior’s La Collection Privée-ի հետ իր առաջին նախագիծը, կամրջում է նորաձեւութեան եւ բուրմունքի աշխարհները, շարժումը՝ ոգեշնչւած Քրիստիան Դիորից, ով իրեն անւանում էր «եւ պարֆիւմեր, եւ կուտիւրիեր»: «Օծանելիքը նորաձեւութեան մասնիկ դարձնելը 1947 թւականի կարեւոր գործողութիւններից էր, եւ այսօր ես ուզում եմ եւս մէկ անգամ հաստատել այդ կապը»,- style.news.am-ի փոխանցմամբ՝ Harper’s Bazaar Arabia-ին պատմել է Քուրքջեանը:
«Սա իմ տեսլականն է Dior-ի տան համար: Ինձ համար New Look-ը տան արմատներին վերադառնալու միջոց է, որը միաժամանակ ցոյց է տալիս այն ուղղութիւնը, որով կը զարգանայ հաւաքածուն»,- յաւելել է նա։
New Look-ը բուրմունք է, որի ստեղծման համար պահանջւել են ամիսներ: «Բոյրը տարբերւում է նորաձեւութիւնից։ Մէկ բուրմունք ստեղծելու համար կարող է պահանջւել վեցից ութ ամիս»,- ասում է նա: