Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել
1926-ին 18-ամեայ Վիլիամ Սարոյեանը թողնում է ծննդավայր Ֆրեզնօն եւ ուղեւորւում Սան Ֆրանցիսկօ։ Այստեղ նա նախ աշխատում է որպէս հեռագրատան աշխատող, այնուհետեւ՝ մարզական ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանւոր, ապրում է վարձով տրւող խղճուկ սենեակներում, սակայն այդ ամէնը ո՛չ չարացնում, ո՛չ էլ թեւաթափ է անում նրան: Այստեղ Սարոյեանը հատը հինգ սենթով հնամաշ գրքեր է առնում, շարունակ կարդում է եւ իրեն երջանիկ է զգում, քանի որ Սան Ֆրանցիսկոյում մարդիկ չեն արհամարհում հայերին: Մէկ տարի անց տեղափոխւում է Նիւ Եօրք: Վրայ է հասնում «սեւ չորեքշաբթին»՝ մեծ ճգնաժամը: Նիւ Եօրքում թափառելիս Սարոյեանը գիտակցում է, որ իր իսկական կոչումը գրող դառնալն է: Մինչեւ 1933 թւականը, երբ Սարոյեանն արդէն քսանհինգ տարեկան էր, «Ովերլենդ Մանսլի» հանդէսում երկու պատմւածք է հրապարակում: Նոյն թւականի յունւար ամսից Սարոյեանը տպագրում է «Հայրենիք» հայկական ամսագրում, իսկ «Ճօճաձողով սաւառնող խիզախ պատանին» պատմւածքը ուղարկում է «Սթորի» գրական հանդէսին։ Սարոյեանի պատմւածքը լաւ է ընդունւում, եւ հեղինակն ստանում է առաջին հոնորարը:
1934-ի հոկտեմբերին ամերիկեան խոշորագոյն հրատարակչութիւններից մէկը՝ «Ռենդոմ Հաուսը», լոյս է ընծայում հեղինակի առաջաբանով եւ քսանհինգ պատմւածքից կազմւած առաջին ժողովածուն: Կարճ ժամանակում ժողովածուն բեսթսելեր է դառնում, եւ Սարոյեանը մեծ համբաւ է ձեռք բերում: Իհարկէ, յայտնւում են քննադատներ, որոնք ամենեւին էլ չեն ոգեւորում շռնդալից գրական ասպարէզ ներխուժած նորելուկ գրողին: Տարիներ անց «Հայն ու աշխարհը» (1939) գրքի նախաբանում Սարոյեանն ի պատասխան այդ քննադատների գրում է. «Իմ զէնքն աշխարհի ապականւած ուժերի դէմ անաչառ աչք, անկեղծ միտք, մաքուր սիրտ եւ խանդակաթ մի ոգի է, որն ինձ ստիպում է գրել: Քննադատների գովեստներից չեմ շփացել, քննադատներից չեմ վիրաւորւել… Գրելուց յետոյ գործս դիտում եմ որպէս մի իր, որ իր սեփական կեանքն ունի…»։
Սարոյեանը մերժում է նովելի ու պատմւածքի աւանդական թեմաներն ու ձեւերը, գրական գործի մասնագիտական նրբութիւնները: Նրան ամենեւին չեն յուզում թեմայի մեծ կամ փոքր լինելը, ձեւի կատարելութեան խնդիրները: Նա կարծում է, որ կեանքի ցանկացած իրողութիւն արժանի է գրականութիւն մտնելու: Գրում է անկաշկանդ ու հեշտ՝ հետեւելով Չեխովի «Իրաւացի է նա, ով անկեղծ է» սկզբունքին:
Խաղողը Սարոյեանի ստեղծագործութիւններում չափազանց յաճախ է հանդիպում, այնքան յաճախ, որ ակամայ խորհրդանշական բովանդակութիւն է ձեռք բերում: Խաղողը համարւում է հնագոյն մշակաբոյս: Այն հին առասպելաբանութիւններում բեղմնաւորութեան, առատութեան, ինչպէս նաեւ կենսասիրութեան եւ ուժի խորհրդանիշ էր (յիշենք Դիոնիսոսի պաշտամունքի հետ կապւած առասպելները): Սարոյեանի դէպքում, այս յատկանիշերից բացի, խաղողը խորհրդանշում է նաեւ սկիզբը: Իհարկէ, այն նաեւ իրական հանգամանքների ծնունդ է եւ իրական բովանդակութիւն ունի. Սարոյեանը ծնւել է Կալիֆորնիայում, որտեղ յայտնի են խաղողի հնագոյն տասնեակ տեսակներ: Նրա հայրը բողոքական քարոզիչ էր, որով հնարաւոր չէր հաց վաստակել, եւ իր հարազատների հետ զբաղւում էր խաղողագործութեամբ («Հայրս Սանջրի խաղողի այգիներում էր գտնւում… փորձելով ի մի բերել առանց ամբիոնի քարոզիչի եւ առանց ընթերցողի բանաստեղծի իր փշուրները»): Խաղողի խորհրդանշական բովանդակութիւնը ակնյայտ է հեղինակի «Խաղողի այգին» պիէսում, որտեղ խաղողի այգին այն նոյն նշանակութիւնն ունի, ինչ բալենու այգին Անտն Չեխովի համանուն դրամայում (Չեխովը Սարոյեանի սիրելի գրողներից էր)։
Իրականութեան բանաստեղծականացումը բնորոշ է նաեւ Սարոյեանի արձակին (չմոռանանք, որ նա ողջ կեանքում նաեւ բանաստեղծութիւններ էր գրում), սակայն շատ աւելի պրագմատիկ, խօսքի, եթէ կարելի է այդպէս ասել՝ ծայր խնայողականութեամբ: Սարոյեանը մշտապէս բարձր է գնահատում ռուս գրականութիւնը (Գոգոլ, Տուրգենեւ, Դոստոեւսկի), մասնաւորապէս՝ Չեխովին: Այդ առումով ուշագրաւ է «Անտոն Չեխով անունով մարդը» էսսէն: Որքա՜ն պատկառանքով, երախտագիտութեամբ, սիրով ու հիացմունքով է Սարոյեանը խօսում Անտոն Չեխովի մասին: Էսսէի նախաբանում գրում է, որ Ռուսաստանն իր համար նոյն նշանակութիւնն ունի, ինչ Հայաստանը, եւ այդ երկիրը ճանաչել է` հասկանալով Չեխովին: Այնուհետեւ խօսում է ռուս գրողի հանրայայտ մի պատմւածքի մասին, որն ընթերցել էր կէս դար առաջ եւ, վերընթերցելով այժմ, այնպէս է ընկալում, կարծես գրւել է հէնց հիմա, նոյնիսկ աւելի լաւն է, քան երբեւէ: Չեխովն ընթերցողին դրդում է մասնակից լինել ստեղծագործութեանը, գրքում յայտնաբերել իրենց, եթէ դա իսկապէս մեծ գիրք է:
Սարոյեանն ասում է. «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել: Հիմա էլ, ինչ որ սկսել եմ, եթէ գործն առաջ չի գնացել, գրիչս ցած եմ դրել եւ վերադարձել իմ ընթերցանութեանը, կարդացել եմ Անտոն Չեխովից մի քանի էջ եւ նորից ինձ համար պարզ է դարձել, թէ ինչ պէտք է արւի»: Սարոյեանը մշտապէս բարձր է գնահատել չեխովեան գրականութեան նրբութիւնը: «Նա նրբին հոգի ունի, նրբին քնարականութիւն, անկեղծութիւն նրբին, եւ Չեխովի մօտ նոյնիսկ անհաշտւողականութիւնը եւ արիութիւնը նրբին են»,- ասում է նա հարցազրոյցներից մէկում, այսինքն՝ յատկանիշեր, որոնք բնորոշ են նաեւ իր գրականութեանը:
ԹԱԴԷՈՍ ԽԱՉԱՏՐԵԱՆ
«Հայաստանի Հանրապետութիւն»