Սփիւռք

Լիբանանը կրկին սարսափելի ճգնաժամային իրավիճակում է

«Հեզբօլլահ»-ի ղեկավարի ահաբեկումն իր վատ անդրադարձն ունեցաւ ոչ միայն Լիբանանի, այլեւ ողջ տարածաշրջանի վրայ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունին:

«Դժբախտաբար Լիբանանը կրկին սարսափելի ճգնաժամային իրավիճակում է: Սկսւել են իսրայէլեան ցամաքային ներխուժումները Լիբանանի հարաւային տարածքների վրայ: Բնականաբար, «Հեզբօլլահ»-ի ղեկավարի ահաբեկումն իր վատ անդրադարձն ունեցաւ ոչ միայն Լիբանանի, այլեւ ողջ տարածաշրջանի վրայ: Ամէն վայրկեան սպասւում է, որ յարձակումները կուժեղանան: Միջազգային հանրութիւնը դիւանագիտական յայտարարութիւններից բացի ոչինչ չի անում Իսրայէլի եւ Լիբանանի միջեւ զինադադար հաստատելու համար:

Այն շրջաններում, որտեղ բնակւում են նաեւ հայեր, այս պահին անվտանգ է, յատուկ վնաս չկայ թէ՛ մարդկանց առումով, թէ՛ նիւթական, սակայն Լիբանանի հարաւում եւ Բէյրութի հարաւային արւարձաններում գաղթականների թիւը հասնում է շուրջ 1 մլն.-ի: Նրանց մի մասը տեղափոխւել է աւելի ապահով շրջաններ, եւ դրանց մէջ են հէնց հայկական բնակավայրերը: Այն շրջաններում, որտեղ յարձակումներ չկան, խանութները դեռ գործում են, սակայն բոլորի մօտ վախի մթնոլորտ է»,- նշեց Բագրատունին:

Նա ընդգծեց՝ լիբանանեան եւ իրանական օդանաւային ընկերութիւններից զատ, այլ ընկերութիւններ Լիբանան չեն գալիս:

«Լիբանանցիները նման պատերազմներ աւելի վաղ տեսել են, եւ գիտեն, թէ ինչ մեծ դժւարութիւններ կան: Օդանաւակայանը շարունակում է գործել, բայց բաց են միայն լիբանանեան եւ իրանական օդանաւային ընկերութիւնները, ոչ մի այլ ընկերութիւն Լիբանան չի գալիս: Բայց մենք հասկանում ենք՝ անվտանգային երաշխիքներ չկան: Սկզբում Լիբանանի հարաւային հատւածն էր թիրախաւորւում, որն անմիջականօրէն սահմանակից է գրաւեալ Պաղեստինին՝ այս պարագայում Իսրայէլին: Սակայն սկսեցին թիրախաւորւել նաեւ Բէյրութի հարաւային արւարձանները, որը «Հեզբօլլահ»-ի կարեւոր խարիսխներից մէկն է, նաեւ Բեքքայի եւ Բաալբեկի շրջանները։ Թիրախաւորւել են նաեւ «ՀԱՄԱՍ» շարժումի եւ Իսլամական շարժումի մէկ-երկու կենտրոն»,- եզրափակեց Բագրատունին:

Related Articles

Back to top button