Սփիւռք

Զարմիկ Պօղիկեան. «Պարեկային ժամեր են յայտարարւում, մարդիկ երկար չեն մնում փողոցներում՝ ապահով չէ»

«ԱԼԻՔ» – Հալէպում տիրող իրավիճակի, հայ համայնքի մասին «Հրապարակ»-ը երէկ՝ դեկտեմբերի 2-ին զրուցել է «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանի հետ:

Հարցազրոյցը ներկայացնում ենք ստորեւ:

– Ի՞նչ իրավիճակ է Հալէպում հիմա:

– Այս քանի ժամը հանդարտ իրավիճակ է, առաւօտեան 10.30-ի կողմերը ռուսական եւ սիրիական օդուժը հրթիռակոծեցին Հալէպի գնացքի կայարանին կից գտնւող պետական պահեստը, նիւթական վնասներ է հասցւել: Հիմնականում գիշերներն են բախումները լինում եւ նման դէպքերում պարեկային ժամ են յայտարարում: Ցերեկը, հիմա էլ խաղաղ է իրավիճակը, օրւայ մէջ գրեթէ բոլոր ժամերին էլեկտրաէներգիա է լինում:

Հալէպահայերն ահազանգում էին, որ հացի եւ ջրի խնդիր կայ:

– Հացի մատակարարում արւեց, յայտարարութիւն դրեցինք, որ «Արամ Մանուկեան» ժողովրդական տուն ներկայանան եւ մեր շտապ օգնութեան մարմինը հաց է մատակարարում: «Սիրիահայ օգնութեան խաչի» կենտրոնը թէ դեղատուն ունի, թէ մարդկանց նպաստ է բաժանում, այդ կենտրոնը բաց է եւ պատրաստ է ժողովուրդին դեղորայք տրամադրել, նաեւ անմիջական բուժման կարիք ունեցող մարդկանց մեր հայ բժիշկները պատրաստ են տեղում օգնել: Այսինքն, մեր Առաջնորդարանը եւ տեղական միութիւնները, «Արամ Մանուկեան» ժողովրդական տունը նեցուկ են կանգնած՝ ինչի անհրաժեշտութիւն ունեն, կապի մէջ կը մնայ մարդկանց հետ՝ հիմա հաց է տրամադրում ու դեղորայք:

Հալէպ մտած զինեալները առաջնորդարանից կամ հայ համայնքի տեղական ներկայացուցիչներից որեւէ մէկի հետ հանդիպե՞լ են, այդ մասին որեւէ տեղեկատւութիւն ունէ՞ք: Որ, օրինակ, երաշխաւորէին քրիստոնեայ հայերի անվտանգութիւնը:

– Չեմ կարծում, թէ պաշտօնական հանդիպումներ եղած լինեն, բայց ընդհանրապէս ժողովրդի հանդէպ դրական վերաբերմունք ունեն, ժողովրդին փորձում են չվնասել: Փողոցում մարդկանց չեն մօտենում, նեղութիւն չեն տալիս ընդհանրապէս: Իրենց գործը զուտ զինւորական գործ է, այսինքն, ժողովրդի հետ բախում չեն ունենում ուղղակի: Ժողովրդի հետ, որ փողոցներում խօսում են:

Լուրեր են տարածւում, որ Հալէպի Նոր գիւղ կոչւող հայկական թաղամասում տներ են թալանւել: Նման լուրեր Ձեզ հասե՞լ են, հայերի հետ նման միջադէպեր եղե՞լ են, թէ ոչ:

– Մեր հայկական շրջաններում չեն եղել, այլ շրջաններից տեղեակ չեմ, սակայն հայկական հատւածներում, մեր միութիւնների կենտրոններում մեր տղաները ներկայ են, այսինքն, ժողովուրդը, եթէ ինչ-որ բանի կարիք ունենան, կը հասնեն օգնութեան, կը հսկեն, բայց մեր շրջաններում նման բան չի եղել:

Քաղաքի ներսում հանգիստ կարո՞ղ էք տեղաշարժւել:

– Այո, բայց որոշակի ժամերին. ընդհանրապէս օրւայ մէջ պարեկային ժամեր են յայտարարւում, ցերեկը մարդիկ, ովքեր ինչ-որ բանի կարիք ունեն, իջնում են վաճառատներ, անմիջապէս վերցնում են ու երկար չեն մնում փողոցներում, որովհետեւ ապահով չէ: Տակաւին պատերազմական վիճակ է քաղաքում, ինչ-որ կարիք ունենալու դէպքում, արագ ապահովում ենք ու վերադառնում ենք տները:

Ուսման պրոցեսն էլ բնականաբար ընդհատւած է:

– Ամէն բան տակաւին ընդհատւած վիճակի մէջ է՝ դպրոցներ, համալսարաններ, հաստատութիւններ, միայն հիւանդանոցներն են բաց եւ խանութները, որոնք սնունդ են մատակարարում, այսինքն, ոմանք իրենց արհեստանոցները բացել են, բայց տակաւին, քաղաքի մէջ զգուշութիւն ենք ցուցաբերում:

Յայտնի՞ է, քանի հայ կայ հիմա Հալէպում:

– Ոչ, յայտնի չէ, քանի որ վերջերս մարդահամար չի եղել, յստակ չէ՝ որքան մնացին: Անձեր եղան, ովքեր իրենց միջոցներով դուրս եկան քաղաքից, բայց յստակ թւեր չկան: Արդէն ճանփան փակւել է, միայն մէկ օր է հնարաւոր եղել դուրս գալ քաղաքից ու այլ նահանգ տեղափոխւել:

Հալէպից դուրս գալը փաստօրէն արդէն անհնա՞ր է:

– Այո, անհնար է: Չգիտենք առաջիկայ օրերին ինչ կը լինի անշուշտ, բայց այս պահին վիճակն այս է:

Առաւօտեան ասացին, որ Հալէպում նաեւ ջրի խնդիր կայ:

– Այո, այդ խնդիրը լուծւում է, բնակարաններում արդէն ջուր են տւել, ժամեր կան, որ ջուրը քիչ է լինում, սակայն այդ հարցը լուծւել է, տագնապ չկայ: Պահեր են լինում, երբ կապի դուրս գալ չեմ կարողանում, օրինակ, առաւօտեան աւիահարւածը մեզ շատ մօտ էր, նիւթական վնասներ ունեցանք ու երկար ժամանակ չէի կարողանում կապի դուրս գալ: Աղօթեցէք մեզ համար:

Related Articles

Back to top button