Սփիւռք

Մարիա Գաբրիէլեան. «Հայերն ու տեղացիները յետեւում են իրավիճակի հետագայ զարգացումներին. Սիրիայում իշխանութեան փոխանցում է տեղի ունենում»

«ԱԼԻՔ» – «Սիրիայում ապրող հայերի շրջանում տիրում է զուսպ եւ սպասողական վիճակ: Ինչպէս տեղացիներն, այնպէս էլ հայերը, յետեւում են իրավիճակի հետագայ զարգացումներին»: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում յայտնել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Մարիա Գաբրիէլեանն՝ անդրադառնալով զինւած ընդդիմութեան կողմից երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրաւումից յետոյ տիրող իրավիճակին, տեղի ունեցող քաղաքական զարգացումներին եւ Սիրիայի հետագայ ճակատագրին:

«Վաղ առաւօտեան ժամերից (դեկտեմբերի 8-ԽՄԲ.) յաղթանակի տօնական մթնոլորտ է. կրակոցներ, ուրախութեան վանկարկումներ»,- յայտնել է Մարիա Գաբրիէլեանը՝ նկարագրելով իրավիճակը:

Անդրադառնալով հայերի շրջանում տիրող տրամադրութիւններին՝ պատգամաւորը նշել է, որ բոլորի մօտ սպասողական վիճակ է. ‹‹Հայերն, ինչպէս տեղացիները, հետեւում են իրավիճակի զարգացումներին»:

Պատասխանելով հարցին, թէ տեղացիներն ուրա՞խ են՝ իմանալով, որ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հեռացել է իշխանութիւնից՝ պատգամաւորը նկատել է. ‹‹Այո, նրանք այլընտրանք չունեն. նախօրէին Ասադին էին փառաբանում, իսկ այսօր՝ յեղափոխութիւնը»:

 «Այս պահին Սիրիայի վարչապետ Մուհամմեդ ալ Ջալալին հանդիպում է անցկացնում «Հայաթ Թահրիր ալ Շամ» զինւած խմբաւորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ Ջոլանիի հետ, որպէսզի իշխանութեան յանձնում կատարի»,- նշել է Մարիա Գաբրիէլեանը՝ յաւելելով, որ դեռեւս իրավիճակում այլ յստակութիւն չկայ:

Պատգամաւորի բնորոշմամբ՝ Սիրիայի այլ հատւածներում բնակւող հայերի շրջանում եւս տիրում է զուսպ ու սպասողական վիճակ:

Related Articles

Back to top button