Սփիւռք

Սիրիայի նոր իշխանութիւնները հանդիպումներ են սկսել տեղի քրիստոնեայ համայնքների հետ

«ԱԼԻՔ» – Սիրայում տեղի ունեցած «իշխանափոխութիւնից» 7 օր անց, դեկտեմբերի 15-ին, տեւական դադարից յետոյ, առաջին անգամ ղօղանջել են Սիրիայում գտնւող հայկական եկեղեցիների զանգերը: Սիրիայում կեանքը դանդաղ ու փոքր քայլերով վերականգնւում է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասել է «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը: Նա նկատել է՝ թէեւ Սիրիայում դեռեւս անորոշութիւնը շարունակւում է, բայց այնուամենայնիւ մարդիկ փորձում են վերադառնալ իրենց բնականոն կեանքին:

«Դպրոցներում դասընթացները վերականգնւել են: Կապւեցի հայկական դպրոցների ղեկավարների հետ՝ հասկանալու՝ ի՞նչ իրավիճակ է իրենց մօտ, նորմա՞լ են ընթանում դասերը: Ինձ տեղեկացրին, որ վարժարաններում բացականեր գրեթէ չեն եղել, դասերն առանց խնդիրների են անցել, ուսուցիչները կամ մնացած աշխատողները, առանց բացառութիւնների, աշխատանքի են ներկայացել»,- ասել է Պօղիկեանը:

«Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագրի խօսքով՝ Սիրիայի նոր իշխանութիւնները հանդիպումներ են սկսել տեղի քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչների հետ: Իշխանութիւնները եկեղեցականներին յորդորում են՝ շարունակել եկեղեցական կեանքը, աղօթքներն ու պատարագներն այնպէս, ինչպէս նախկինում:

«Դեկտեմբերի 15-ին մեր բոլոր եկեղեցիները բացւեցին, արարողութիւններ տեղի ունեցան: Իշխանութիւնները դրական են տրամադրւած քրիստոնեաների նկատմամբ, քաղաքում էլ տօնածառ դնելուն դրական են վերաբերւում: Մարդիկ կամաց-կամաց փորձում են իրենց կեանքին վերադառնալ, որովհետեւ անցումային իրավիճակը շարունակւում է, իսկ մենք պիտի փորձենք հանդարտօրէն անցնել այս ճանապարհը»,- ասել է նա:

Պօղիկեանը նաեւ տեղեկացրել է, որ Սիրիայում այս պահին տնտեսական տագնապը շարունակւում է: Չանայած տատանւող ու անորոշ դրութեանը, շատ մարդիկ շարունակում են տանը մնալ, աշխատատեղիներից շատերը դեռեւս չեն վերաբացւել:

«Այնուամենայնիւ, մինչեւ հիմա, քաղաքում կարգ ու կանոն չի հաստատւել: Տնտեսական կեանքի անիւը դեռեւս իր ընթացքով չի շարժւում: Հալէպում սուղ պայմաններ են: Հիմա մարդիկ չգիտեն՝ ի՞նչ անել»,- նշել է նա:

Բացի այդ, Պօղիկեանն ընդգծել է, որ նոր իշխանութիւնները յորդորում են՝ ասելով՝ իրար օգնելով, ձեռք ձեռքի տւած, պիտի անցնենք այս բարդ իրավիճակի միջով, որպէսզի երկիրը դուրս գայ ծանր վիճակից:

«Հայ համայնքը պատրաստ է օգնութեան ձեռք մեկնել երկրի իշխանութիւններին: Խնդրել են, որ իրենց անվտանգութեան երաշխիքներ տրամադրւեն: Այս իմաստով երաշխիքներ տրամադրւել են: Հայ համայնքն էլ իր հերթին պիտի օգնութեան ձեռք մեկնի, որպէսզի կարգաւորւի կեաքնը»,- շեշտել է նա:

Հալէպի փողոցներում զինեալներ այլեւս չկան,- հաստատել է Պօղիկեանը: Իսկ թէ որքանո՞վ են մարդիկ ցանկանում թէկուզ որոշ ժամանակով տեղափոխել Հայաստան, Պօղիկեանը տեղեկութիւն չունի: Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք ցանկանում են դուրս գալ Սիրիայից, բայց թէ քանի՞ հոգի՝ ինքը չգիտի:

Related Articles

Back to top button