ՄիջազգայինՔաղաքական

Կարէն Վրթանէսեան. «Պանթուրքիզմն է բխում Թուրքիայի ագրեսիւ ծաւալապաշտական քաղականութիւնից»

«ԱԼԻՔ» – Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պանթուրքիզմի գաղափարախօսութեան եւ Թուրքիայի ագրեսիւ ծաւալապաշտական քաղաքականութեան միջեւ յարաբերութեանը:

«Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների մասին միջոցառումից (շաբաթ օրն էր, ՀՅԴ-ն էր կազմակերպել) մի թեմայի անդրադառնամ. մեր քաղաքագիտական շրջանակներում պանթուրքիզմի ընկալումներին։

Այս հարցում ես համակարծիք եմ Կիրօ Մանոյեանին, որ ոչ թէ Թուրքիայի ծաւալապաշտական ագրեսիւ քաղաքականութիւնն է բխում պանթուրքիզմից, այլ պանթուրքիզմն է բխում Թուրքիայի ագրեսիւ ծաւալապաշտական քաղականութիւնից։

Պանթուրքիզմը գործիք է։ Աւելի ճիշտ՝ գործիքներից միայն մէկը։

Տեսէ՛ք…

Երբ պէտք է ազդել հետխորհրդային տարածքի, Իրանի եւ Իրաքի թուրքալեզու բնակչութեան վրայ, թուրքերն օգտագործում են պանթուրքիստական եւ մասամբ էլ պանթուրանիստական գաղափարները։

Երբ պէտք է աշխատել սունիների հետ (ոչ միայն թուրքախօս), միանգամից յիշում են Օսմանեան կայսրութիւնն ու խալիֆաթը, սուլթանին։

Ընդհանրապէս մուսուլմանների հետ աշխատելիս էլ առաջ են մղում պանիսլամական գաղափարները, միաժամանակ Եւրոպային եւ ԱՄՆ-ին ներկայանալով որպէս չափաւոր իսլամի կողմնակիցներ (ինչը սակայն չէր խանգարում Էրդողանին աջակցելու Սիրիայում գործող ծայրայեղական խմբաւորումներին)։

Իսկ Թուրքիայից Եւրոպա գաղթած թուրքերի հետ Էրդողանն աշխատում է ոչ միայն սունիական, այլեւ պահպանողական օրակարգերով (աւանդական ընտանիք ևն)։

Պահպանողականութեան, ինչպէս նաև հակարեւմտականութեան եւ եւրասիականութեան գաղափարները շահագործելով թուրքերն աշխատում են նաեւ Ռուսաստանի հետ, Դուգինի պէս շառլատանների միջոցով։

Հակարեւմտականութեան (անտիկոլոնիալիզմի փաթեթաւորմամբ) գաղափարներով Թուրքիան աշխատում է նաեւ Աֆրիկայում։

Ի դէպ, երբ Էրդողանը նոր էր եկել իշխանութեան եւ զբաղւած էր բանակը ջախջախելով, նա եւրոպական աջակցութիւնն ունենալու համար ներկայանում էր որպէս ժողովրդավարութեան ջատագով։

Ինչու եմ այս ամէնը թւարկում. փաստ է, որ պանթուրքիզմը Թուրքիայի գործիքներից մէկն է միայն եւ հաստատ իր քաղաքականութեան առանցքը չէ։

Իշխանութիւնը պահելու համար եթէ պէտք լինի, Էրդողանը կոմունիստ էլ կը դառնայ։ Ինչպէս մի պահ Քեմալն էր հայ-հայա՝ բոլշեւիկ դառնում…

Մի խօսքով, ասածս հետեւեալն է. Թուրքիայի այսօրւայ քաղաքականութիւնը շատ-շատ-շատ աւելի լայն է ու բազմաչափ, քան զուտ պանթուրքիզմը»,- գրել է նա:

Related Articles

Back to top button