Սփիւռք

Հայ գիտնականի գիւտը միջազգային ցուցահանդէս-մրցոյթում արժանացել է ոսկէ սերտիֆիկատի

Բետոնի պատրաստման նոր եղանակը նոր խօսք է շինարարութեան բնագաւառում, որը հետաքրքիր եւ տնտեսապէս շահաւէտ լուծումների հնարաւորութիւն է ստեղծում շինարարների համար։ Ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) (ՇԱՏԿ) ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդգէս Գրիգորեանի այս գիւտը IFIA NV կարգավիճակ ունեցող գիւտարարների երրորդ միջազգային ցուցահանդէս-մրցոյթում արժանացել է ոսկէ սերտիֆիկատի։

«Այս գիւտի էութիւնն առանց աւազի բետոնի պատրաստման եղանակն է, որի արդիւնքում ստացւում է նոր տեսակի թեթեւ բետոն, որն ունի ջերմամեկուսիչ եւ ձայնամեկուսիչ յատկութիւններ։ Ըստ էութեան, բետոնախառնիչի թմբուկի պտտման ժամանակ խճի թոյլ ծայրերը վեր են ածւում աւազի․ որքան երկար ժամանակ պտտւի թմբուկը, այդքան աւազը կաւելանայ՝ ի հաշիւ խճի մակերեւոյթի մաշեցման։ Պտտման ընթացքում առաջացած փոշեմասնիկները փակում են խճի մակերեւոյթի վրայի ծակոտիները՝ պահպանելով ներսի ծակոտիների բնականոն վիճակը: Այս տեսակի բետոնը օգտագործւում է մասնաւորապէս շէնքի արտաքին պատերի կոնստրուկցիաներում»,- պարզաբանել է գիւտի հեղինակ Վարդգէս Գրիգորեանը։

ՃՇՀԱՀ-ի տարածած հաղորդագրութեան մէջ նշւում է, որ հայ գիտնականի մտքի արգասիքը կիրառական կը լինի ոչ միայն Հայասատանի, այլեւ աշխարհի շինարարների կողմից, քանի որ էներգիայի խնայողութեան հարցը գերխնդիր է դարձել անգամ զարգացած երկրներում։ Շինարարների գնահատմամբ՝ շէնքերի ջերմամեկուսացման առաջնահերթ խնդրի լուծման համար այս բետոնի կիրառութիւնը բաւականին արդիւնաւէտ հնարաւորութիւններ կը ստեղծի՝ կրճատելով ջերմային կորուստներ:

«FIAI» կողմից կազմակերպւած IFIA NV կարգավիճակ ունեցող գիւտարարների երրորդ միջազգային գիւտերի եւ նորարարութիւնների մրցոյթը կայացել է Շւէյցարիայի Ժնեւ քաղաքում՝ առցանց եղանակով։

Գերմանիայի Նիւրնբերգ քաղաքում օրերս կայացած նոյն միջազգային մրցոյթում պարզ է դարձել, որ ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորի կողմից դեռեւս 2000-ականներին ստեղծած «Երկաթբետոնէ կոնստրուկցիաների պատրաստումը շաղախի մղման եղանակով» գիւտը, որը գործնականում կիրառւել է երկրաշարժի գօտում վնասւած շէնքերի վերականգման ու նաեւ երկաթբետոնէ կոնստրուկցիաների պատրաստման համար, արժանացել է արծաթէ մեդալի։

Հայաստանը՝ ի դէմս ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանի, 2023 թ.-ի գարնանը անդամակցել է IFIA-ին՝ որպէս լիիրաւ անդամ։ «IFIA-ի հայաստանեան ներկայացուցչութիւնն արդէն իսկ ստացել է մի շարք գիտական առաջարկներ, որոնք ուսումնասիրութեան փուլում են։ Ըստ ամենայնի՝ այս կազմակերպութիւնը կարող է դառնալ ամուր հարթակ հայաստանեան գիտական ներուժի զարգացման համար։

Գիտութեան զարգացումը եւ համալսարանում գիտահետազօտական աշխատանքների ակտիւացումը ՃՇՀԱՀ-ի ռազմավարական ուղղութիւններից մէկն է եւ գտնւում է համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանեանի ուշադրութեան կենտրոնում։ Այդ նպատակով անընդմէջ արդիականացւում են լաբորատոր սարքաւորումները, ընդլայնւում են համագործակցութիւնները՝ նոր կապեր հաստատելով միջազգային գիտական մտքի հետ»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։

Related Articles

Back to top button