ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

Իրանցի կապալառուները շարունակում են ԷՀԳ-ի եւ Քաջարան-Ագարակ ճանապարհի աշխատանքները

«Հիւսիս-հարաւ» ծրագրի շրջանակում 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը եւ Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցւում են ըստ պլանի։

Իրանցի կապալառուները չեն դադարեցնում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) եւ Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին Sputnik Արմենիային յայտնեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութիւնից։

«Աշխատանքները շարունակւում են բնականոն հունով»,– նշեցին գերատեսչութիւնից։

Յիշեցնենք, որ Ագարակ-Քաջարան ճանապարհը կառուցում է իրանական «Abad Rahan Pars International Group» եւ «Tunnel Sadd Ariana» ընկերութիւնների կոնսորցիումը: Յուլիսին եւ դեկտեմբերին աւարտւեցին երկու թունելների փորման աշխատանքները (այդ թունելների շնորհիւ կէս ժամով կը կրճատւի Իրանի սահմանից դէպի Կապան ճանապարհի տեւողութիւնը, իսկ Երեւանից Գիւմրի գնալու ժամանակը կը դառնայ մինչեւ շուրջ մէկ ժամ (այժմ՝ 1,5-2 ժամ)): Քաջարան-Ագարակ 32 կմ երկարութեամբ հատւածում շինարարութիւնն ընթացքի մէջ է։ Ճանապարհը կառուցւում է Իրանից մինչեւ վրացական սահման «Հիւսիս-հարաւ» ժամանակակից արագընթաց մայրուղու նախագծի շրջանակում։

Ճանապարհի որոշ հատւածներ կառուցւում են «զրոյից», միւս տեղամասերում ընդլայնւում է գործող ճանապարհը։ Աշխատանքներն իրականացւում են միջազգային կազմակերպութիւնների վարկերով։ Մասնաւորապէս Ագարակ-Քաջարան հատւածը ֆինանսաւորւում է Կայունացման եւ զարգացման եւրասիական հիմնադրամի վարկով։ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր՝ 400 կՎ լարմամբ, երկու շղթայով գիծը կառուցում է իրանական «Sunir» ընկերութիւնը: Այս գիծը կը դառնայ երկու երկրների համար երրորդը՝ բացի գործող 220 կՎ լարմամբ երկու գծերից:

Արդիւնքում Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի հոսքերի թողունակութիւնը ներկայիս 330-ից կաճի մինչեւ աւելի քան 1000 ՄՎտ։

Ինչպէս աւելի վաղ յայտնել էինք, 2026 թւականի առաջին կիսամեակում գիծը կարող է միացւել ցանցին, բայց մասամբ՝ ընդհանուր ձգւածութեան մօտ կէսի չափով (իրանական սահմանից դէպի Սիսիանի տարածաշրջանի «Նորաւան» ենթակայան, որը նոյնպէս դեռ կառուցւում է)։ Դա կը բարձրացնի գծերի ընդհանուր թողունակութիւնը մինչեւ 500 ՄՎտ։ Աշխատանքները պէտք է շարունակւեն մինչեւ նախագծի ամբողջական աւարտը. էլեկտրահաղորդման երկու շղթաներն էլ պէտք է հասնեն մինչեւ Սեւան քաղաքի մօտակայքում գտնւող Դդմաշէն գիւղ, որտեղ կը կառուցւի եւս մէկ ենթակայան: Նախագծի ընդհանուր արժէքը մօտ 108 մլն եւրօ է, որի 77%-ը իրանական Արտահանման զարգացման բանկի վարկն է, մնացած 23%-ի ներդրումն իրականացրել է կապալառու «Sunir» ընկերութիւնը:

Sputnik Armenia

Related Articles

Back to top button