ԽմբագրականՀայաստան - ԱրցախՄշակութայինՔաղաքական

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՈՉՆՉԱՑՒՈՂ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ. ԱՐՑԱԽ

(Մշակոյթի օրւայ առիթով)

Որեւէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակոյթը ոչնչացնելու նպատակով իրականացւած գործողութիւնները ազգային-մշակութային ցեղասպանութիւն են կոչում: Ըստ ցեղասպանութեան եզրոյթի հեղինակ Ռաֆայէլ Լեմկինի՝ ցեղասպանութիւնը ոչ միայն ազգային կամ կրօնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլեւ նրա ազգային-հոգեւոր մշակոյթի ոչնչացումը:

Ըստ ցեղասպանագէտների՝ մշակութային ցեղասպանութիւնը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջին՝ այն վերապրողների հոգու սպանութեան, նրանց հոգեբանական բռնութեան ենթարկելու փորձ է, երկրորդ՝ այն հետապնդում է բնաջնջւած բնիկ բնակչութեան գոյութեան պատմական հետքերի վերացումը կամ դրանց իւրացումը՝ ցեղասպանութեան հեղինակների կողմից։ Այլ կերպ ասած՝ մշակութային ցեղասպանութիւնը կոչւած է պայքարելու պատմական յիշողութեան, ազգային ինքնութեան, մարդկային արժանապատւութեան եւ արդարութեան դէմ:

Հայ ժողովուրդը դրա վառ օրինակն է: Հայոց Ցեղասպանութեանը յաջորդած տարիներին, հանրապետական Թուրքիայում նպատակամղւած ոչնչացւել են Արեւմտեան Հայաստանի լքւած եկեղեցիներն ու վանքերը, հազարաւոր միջնադարեան ձեռագիր մատեանները, զաւթւել է եկեղեցական գոյքը, հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինւել են թուրքականով, ծրագրաւորւած ոչնչացւել են հարիւրաւոր ճարտարապետական յուշարձաններ կամ չէզոքացւել է դրանց հայկական ինքնութիւնը: Հայկական ճարտարապետական շինութիւնները հետեւողականօրէն պայթեցւել են, որպէս թիրախ օգտագործւել թուրքական բանակի զօրավարժութիւնների ժամանակ: Որոշ գիւղական վայրերում, ցեղասպանութիւնից ի վեր դրանք ծառայում են որպէս գոմ, պահեստ, բանտ:

Հայկական քաղաքակրթութեան եւ մշակոյթի դէմ Թուրքիայի բարբարոսական այդ գործելակերպը շարունակւում է նաեւ մեր օրերում, Ադրբեջանի միջոցով: Քաղաքակիրթ մարդկութիւնը 21-րդ դարասկզբում Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանութեան սահմռկեցուցիչ օրինակի ականատեսը եղաւ: Նախիջեւանում, 1997-2006 թւականներին պաշտօնական Բաքուն պետական մակարդակով կազմակերպւած լայնածաւալ մշակութային ցեղասպանութիւն կազմակերպեց, որի արդիւնքում իսպառ վերացան շուրջ 28 հազար մշակութային օբիեկտներ, այդ թւում՝ շուրջ 6 հազար միջնադարեան բացառիկ խաչքարեր։

Իսկ այսօր, երբ Արցախն ընկել ու հայաթափւել է, Ադրբեջանը բացառիկ հնարաւորութիւն է ստացել իրականացնելու ամբողջական մշակութային ցեղասպանութիւն այն վայրում, որտեղ հայ ժողովուրդն ունեցել է հազարամեակների բնիկ ներկայութիւն, եւ որը համարւել է հայկական քաղաքակրթութեան եւ մշակոյթի բնօրրաններից մէկը:

Ադրբեջանի նպատակն ու ցանկութիւնը յստակ է. հայութեան բարոյալքում, ինքնութեան պարպում, որպէսզի հայ ժողովուրդը վերջնականապէս եւ անվերադարձ մոռանայ Արցախի մասին: Այլ խօսքով՝ Ադրբեջանի համար ոչ միայն Արցախի հայաթափումն ու արցախահայութեան հայրենազրկումն  է կարեւոր, այլեւ՝ այն ցաւը, հոգեկան անկումը, որ պետք է պատճառի ողջ հայութեանը։

Դեդօն ու Բաբօն, Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը, Ղազանչեցոցը, Ծիծեռնավանքը, Տիգրանակերտի, Կատարոյ վանքը, Մայրաբերդը, Կանաչ ժամը (արդէն ամբողջովին աւերւած) եւ հազարաւոր այլ պատմական ու մշակութային եզակի յուշարձաններ կանգնած են իսպառ վերացման կամ ինքնութեան խեղման վտանգի առջեւ: Դրանից բացի, մենք կանգնած ենք նաեւ հայկական քաղաքակրթութեան անքակտելի մասը համարւող արցախեան մշակոյթի (իր բոլոր բաղադրիչներով հանդերձ) աստիճանական կորստի վտանգի առջեւ, որը ծանր ու անդառնալի հարւած է լինելու հայկական քաղաքակրթութեան եւ մշակոյթի համար:

Սա լուրջ մարտահրաւէր է ողջ հայ ժողովրդի համար: Չպէտք է նստենք եւ ողբանք, ինչպէս դա յաճախ անում ենք Արեւմտեան Հայաստանի մեր պատմա-մշակութային ժառնգութեան ոչնչացւած կոթողների եւ արժէքների համար:

Յանուն Արցախի տարւող քաղաքական պայքարին զուգահեռ, մենք պէտք է մէկտեղենք նաեւ մեր բոլոր ջանքերը՝ կանխելու հայկական քաղաքակրթութեան դէմ հերթական մշակութային ցեղասպանութիւնն, այս անգամ՝ Արցախում: Ծրագրաւորւած ու նպատակային կերպով, մենք պէտք է ստիպենք ՄԱԿ-ի մասնագիտացւած կառոյցներին եւ միջազգային համապատասխան կազմակերպութիւններին գործնական յստակ քայլեր ձեռկնարկելու՝ կանխելու համար 2020 թւականից ի վեր ադրբեջանցիների կողմից Արցախում ծաւալւած մշակութային ցեղասպանութիւնը: Այլապէս, դեկլարատիւ բնոյթի յայտարարութիւնները (ինչպիսին են Արցախի հայաթափման եւ Ադրբեջանի գործողութիւնները դատապարտող մերօրեայ յայտարարութիւնները) չեն կարող կանխել Արցախին սպառնացող մշակութային աղէտը:

Սա ողջ հայութեան համար ոչ պակաս օրակարգային առաջնահերթութիւն է, եթէ, իհարկէ, ցանկանում ենք մի օր վերադարձնել Արցախը:

Պատմական ու մշակութային կոթողներն այն վաւերագրերն են, որոնք վկայում են որեւէ տարածքի պատկանելիութեան մասին: Հայոց Ցեղասպանութիւնից մէկ դար անց էլ, Թուրքիան դեռեւս փորձում է ազատւել Արեւմտեան Հայաստանի բռնագրաւեալ տարածքների հայկական հետքերից: Նոյն կերպ, եւ աւելի նպատակային գործում է Ադրբեջանն Արցախում: Եթէ չկանխենք այդ գործընթացն այսօր, ապա ընդամէնը մի քանի տասնամեակ անց «քաղաքակիրթ աշխարհը» չի էլ յիշի Արցախի հայկական պատկանելիութեան մասին: Վկան՝ Նախիջեւանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button