ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԵԹԷ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՒ ՉԴԻՄԱՆԱՅ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԵԱՆԸ
Մերձաւոր Արեւելքում իրավիճակը շարունակում է լարւած մնալ:
Հպանցիկ ակնարկն անգամ իրավիճակային զարգացումների ընթացքին, մեզ յուշում է, որ դրանք հիմնականում Իրանի հետ առնչւող եւ Իրանի դէմ գործընթացներ են, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցութիւն են ունենում Իրանի անվտանգային միջավայրի վրայ:
Վերջին մէկ տարւայ ընթացքում, մենք Իսրայէլի անմիջական նախաձեռնութեամբ եւ մասնակցութեամբ հակաիրանական տարաբնոյթ սադրանքների ծաւալի ու մակարդակի կտրուկ թէժացման ականատեսն ենք, որոնց նպատակն է ի վերջոյ Իրանին ներքաշել ուղղակի ռազմական հակամարտութեան մէջ: Հակամարտութիւն, որն օդի ու ջրի պէս անհրաժեշտ է յատկապէս վարչապետ Նեթանիահուի առանցքի շուրջ համախմբւած սիոնիստական աջակողմեան ծայրայեղականներին, որոնք իշխանութեան վերատադրման միջոցով իրենց քաղաքական ապագայի երաշխաւորումն ու դիրքերի ամրապնդումը կապում են հիմնականում Իրանի հետ ուղղակի հակամարտութեան ծրագրով:
Այս ընթացքում, մինչ օրս Իրանին յաջողւել է խելամտօրէն խուսափել ուղղակի հակամարտութեան մէջ ներքաշւելու բոլոր սադրանքներից: Ակնյայտ է, որ Իրանի դիւանագիտական եւ ռազմական բոլոր գործողութիւնները միտւած են չէզոքացնելու լայնածաւալ եւ ուղղակի հակամարտութեան վտանգը:
Իրանա-իսրայէլական դիմակայութիւնը այսօր դեռեւս գտնւում է հարւած-պատասխան փուլում: «Ճշմարիտ խոստում-2» գործողութիւնն իր բնոյթով ընդամէնը պատժիչ-զսպող գործողութիւն էր, որն ինչպէս Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Սէյէդ Աբբաս Արաղաչին յայտարարեց չի շարունակւի, եթէ թշնամին չփորձի կրկին հատել Իրանի նախանշած կարմիր գծերը:
«Ճշմարիտ խոստում-2» գործողութեանը հետեւած վերջին զարգացումները, սիոնիստ տարբեր տրամաչափի եւ նշանակութեան ռազմաքաղաքական գործիչների յայտարարութիւնները սակայն մեզ յուշում են, որ միանգամայն հնարաւոր է գործընթացների կտրուկ թէժացման ականատեսը լինենք: Յամենայն դէպս ակնյայտ է, որ Իսրայէլը ձգտում է տարածաշրջանում հակաիրանական ուղղակի եւ անուղղակի գործընթացների ընթացքը կտրուկ արագացնել, առաջին հերթին զրոյականի հասցնելով Լիբանանում եւ Գազայում հրադադարի ռեժիմի հաստատման հնարաւորութիւնը, իսկ երկրորդը՝ հնարաւորութեան դէպքում Իրանի դէմ սադրանքներում ներքաշել երրորդ երկրի/երկրների:
Նման սադրանքի մէջ ներքաշւելու համար անշուշտ լաւագոյն թեկնածուն Ադրբեջանն է, որի տարածքն անցեալում եւս Իրանի դէմ իսրայէլական տարբեր բնոյթի եւ նշանակութեան գործողութիւնների հարթակ է հանդիսացել, որտեղից պարբերաբար հետախուզութիւնից մինչեւ կոնկրետ ահաբեկչական գործողութիւնների նախապատրաստման գործընթացներ են գեներացւել ու ղեկավարւել, եւ պատահական չէ, որ վերջին ամիսներին ծաւալւող իրադարձութիւնների ֆոնին, ադրբեջանա-իսրայէլական խորացւած ռազմատեխնիկական յարաբերութիւնները հարստացել են նոր գործարքով, իսկ ալիեւեան քարոզչական մեքնենան նոր թափ եւ ակտիւութիւն է հաղորդել հակաիրանական քարոզչութեանը:
Բաքւում, սակայն, պէտք է որ հասկանան, թէ Իսրայէլն ինչպիսի վտանգաւոր սադրանքի եւ արկածախնդրութեան մէջ է փորձում ներքաշել նրանց, եւ ինչ կործանարար հետեւանքներ է կարող ունենալ իրենց արհեստածին պետութեան համար Իրանի դէմ իսրայէլական գործողութիւններում ուղղակի կամ անուղղակի ներքաշւելու գայթակղութեան տրւելը:
Ալիեւեան կլանը պէտք է, որ անհրաժեշտ հետեւութիւններն արած լինի «Ճշմարիտ խոստում-2» գորոծողութեան ծաւալների եւ թափի հետ կապւած: Նրանք պէտք է, որ հասկանան, թէ ինչ է կարող պատահել Իրանի անմիջական սահամանին կամ առաւելագոյնը 400 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող իրենց ռազմավարական նշանակութեան բոլոր տեսակի ենթակառուցւածքների եւ օբիեկտների հետ, եթէ նրանք յայտնւեն Իրանի բալիստիկ եւ գերզարգացած հիպերձայնային հրթիռների թիրախում: Անշուշտ, Ադրբեջանի բոլոր տեսակի ենթակառուցւածքների ոչնչացումն Իրանի ԶՈՒ-ի համար առանձնապէս մեծ դժւարութիւններ չի ներկայացնելու: Անհրաժեշտութեան դէպքում դա լինելու է ժամերի կամ, առաւելագոյնը՝ մէկ օրւայ խնդիր: Այնպէս, որ Բաքւում դեռ երկար պէտք է մտածեն Իրանի դէմ սիոնիստական սադրանքներում ներքաշւելուց առաջ:
Ի դէպ, իրանական հրթիռները Թել Աւիւ հասան ընդամէնը 12 րոպէում, Թել Աւիւի հեռաւորութիւնը Թեհրանից 1900 կմ է: Իսկ որքա՞ն է Բաքւի հեռաւորութիւնը Թեհրանից, քանի՞ րոպէ կը պահանջւի, որպէսզի իրանական հրթիռները խոցեն ցնկացած թիրախ Ադրբեջանի տարածքում: Սրա մասին է, որ պէտք է մտածեն Բաքւի հղփացած իշխանութիւնները եթէ, իհարկէ, գոնէ Իրանի հետ կապւած վերջնականապէս չեն կորցրել չափի եւ իրատեսութեան զգացողութիւնը: