ԱԿՆԱՐԿ. ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՒ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Որակական անկում՝ պետական որոշման մակարդակով

ՀԱՏԻՍ
Էութիւնը նոյնն է՝ Հայաստանում պետական միջոցներով եւ ուժային‑իրաւական լծակներով փորձում են վերահսկել կամ կոտրել այն ինստիտուտը, որը վեր է քաղաքական պահից, եւ պատահական չէ, որ երկրի վարչապետին այսօր էլ աւելի շատ յուզում է եկեղեցում աղօթելու ուղղութիւնը, քան արտաքին թշնամին։
«Փաշինեան. «…Ես զգուշացրել եմ, որ չխօսեն եւ չգործեն այդ ուղղութեամբ։ Զգուշացումները չեն լսել, ուրեմն կը զգան զգուշացումները»,– այս նախադասութիւնը, հնչեցնելով ոչ թէ արտաքին թշնամու, այլ ազգային ինստիտուտների ու հոգեւոր կենտրոնի հասցէին, մերկացնում է մեր օրերի հիմնական ճգնաժամը՝ որակական անկումը, որի մասին տարիներ առաջ զգուշացնում էր սպարապետ Վազգէն Սարգսեանը։
«Ճգնաժամային պահերին վճռորոշ են ոչ թէ քանակը, այլ որակը», եւ այդ որակի վերջին ամրոցներից մէկը՝ Հայոց եկեղեցին, այսօր դարձել է համակարգւած հարւածի թիրախ։
Պատահական չէ, որ նոյնիսկ աշխարհիկ պետութիւնները չեն հատում եկեղեցու ինքնիշխանութեան սահմանը, մինչդեռ Հայաստանում, յատկապէս ԱՄՆ նախագահի օգնական Վենսի այցից յետոյ, հակաեկեղեցական խօսոյթը թափ արձանագրելով շարունակեց մնալ որպէս պետական գործելակերպ։
Ընդդիմադիր դաշտի փոշիացումը նոյնպէս բարձրաձայնւում է որպէս կառավարութեան օրակարգ: Անցողիկ շեմը չյաղթահարող ուժերի խրախուսումը, «խաղաղութեան» պատրանքը, երկրի միջանցքայինացման վտանգը եւ ադրբեջանական նարատիւով թէզերի ներթափանցումը ծառայում են նոյն նպատակին՝ ընտրութիւններում «յաղթողի պատուհանից» դուրս սողալու։
Այս համատեքստում արդէն բացայայտ է դառնում նաեւ իրաւական ճնշումը, երբ օրւայ իշխանութեան հրամանով Աննա Վարդապետեանի դատախազութիւնը քրէական հետապնդում է յարուցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ: Յարուցւած քրէական հետապնդման հետ միասին Վեհափառ Հայրապետի երկրից ելքի արգելքը նպատակ ունի ձախողելու Աւստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը եւ կաթւածահար անել ազգային հոգեւոր կենտրոնը։
Այս պայմաններում այլեւս հարց իսկ չի մնում, թէ վեհարանին կը յաջողւի՞ իրեն ուղղւած անէծքը աղօթքի վերածել, քանի որ տեղի ունեցողը գիտակցւած չարիք է, որի պատմական գինը վաղուց յայտնի է եւ միշտ ունեցել է «մէկ անուն եւ մէկ հետեւանք»*։
—–
*«Մէկ անուն ու մէկ հետեւանք» — Պատմական փորձով, պետական իշխանութեան կողմից ազգային-հոգեւոր կենտրոնի թիրախաւորումը միշտ է կոչւել հալածանք, ճնշում, կամ աւելի ուղիղ՝ ազգային ինքնութեան դէմ գործողութիւն։ Այդպիսի քայլերը երբեք չեն սահմանափակւում միայն եկեղեցական դաշտով։ Պատմութեան մէջ դրանց յաջորդել են ազգային պառակտում, բարոյական քայքայում, պետական թուլացում, եւ վերջնական հաշւով՝ ազգային պարտութիւն։



