ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԵՐԲ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՒՈՒՄ Է ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐՈՎ

Սոցիալական մեդիան եւ հայկական մշակութային ժառանգութեան դէմ մղւող նոր պատերազմը

ՀԱՏԻՍ

 

2025 թւականի դեկտեմբերի 16-ին «ԱԼԻՔ»-ն անդրադարձել էր Իրանի տարածքում գտնւող հայկական եկեղեցական յուշարձանների ինքնութեան շուրջ սոցիալական հարթակներում տարածւող մտահոգիչ երեւոյթին։ Այդ օրերին ուշադրութեան կենտրոնում էին Սուրբ Թադէոս Առաքեալի եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքերի մասին հրապարակումները, որոնցում դրանց հայկական պատկանելիութիւնը կամ ամբողջութեամբ շրջանցւում էր, կամ փոխարինւում՝ պատմագիտական հիմնաւորումներից զուրկ ձեւակերպումներով։

Այսօր, ամիսներ անց, դժբախտաբար ստիպւած ենք արձանագրել, որ խնդիրը թեւակոխել է նոր եւ աւելի կազմակերպւած փուլ։

Փոխւել է ոչ միայն տարածման ծաւալը, այլեւ մեթոդաբանութիւնը։

Եթէ նախկինում նման հրապարակումները հիմնականում ուղղւած էին թուրքերէն կամ ազերերէն լսարանին, ապա այժմ թիրախը պարսկախօս հասարակութիւնն է։ Տասնեակ Instagram-եան էջեր, տեսանիւթեր եւ կարճ հրապարակումներ ներկայացնում են Իրանի հիւսիս-արեւմտեան պատմական եկեղեցիներն ու վանական համալիրները՝ որպէս տարածաշրջանի «հնագոյն եկեղեցիներ», «պատմական կոթողներ» կամ «Ադրբեջանի մշակութային գօտու յուշարձաններ»՝ առանց անգամ մէկ բառով յիշատակելու դրանց հայկական ինքնութիւնը։ Յաճախ նոյնիսկ «Իրան» անունը բացակայում է՝ տեղը զիջելով միայն աշխարհագրական ընդհանուր բնորոշումների։

Առաջին հայեացքից սա կարող է թւալ աննշան խմբագրական ընտրութիւն։ Սակայն իրականում լռութիւնն այստեղ վերածւում է պատմութեան խմբագրման գործիքի։

Սոցիալական մեդիան այսօր այլ տրամաբանութեամբ է գործում։ Այստեղ պատմական նարատիւը ձեւաւորւում է ոչ միայն հրապարակման բովանդակութեամբ, այլեւ մեկնաբանութիւնների բաժնում։ Հէնց այնտեղ են յայտնւում նոյնանման պնդումները, թէ Սուրբ Թադէոսի կամ Սուրբ Ստեփանոսի վանքերը «խազարական», «աղւանական», «ադրբեջանական» կամ «թուրքական» ճարտարապետութեան օրինակներ են։ Դրան յաջորդում են կեղծ ստուգաբանութիւններ, գոյութիւն չունեցող աղբիւրների յղումներ եւ պատմագիտական որեւէ հիմքից զուրկ մեկնաբանութիւններ։

Այս երեւոյթի առանձնայատկութիւնն այն է, որ կեղծիքը շատ յաճախ չի ներկայացւում բացայայտ ձեւով։ Ոչ ոք չի ասում, թէ «այս եկեղեցին հայկական չէ»։ Փոխարէնը՝ «հայկական» բառը պարզապէս բացակայում է։ Իսկ այդ բացակայութիւնը ժամանակի ընթացքում սկսում է ընկալւել որպէս բնական վիճակ։

Սա նոր մարտավարութիւն է։

Քարերը չեն տեղափոխւում, արձանագրութիւնները չեն ջնջւում, բայց փոխւում է դրանց նկարագրութիւնը։ Իսկ երբ նոյն նկարագրութիւնները հարիւրաւոր անգամներ կրկնւում են ալգորիթմների միջոցով, այն աստիճանաբար վերածւում է հանրային «գիտելիքի»։

Խնդիրը, սակայն, միայն Իրանի հայկական վանքերը չեն։

Վերջին տարիներին նոյն մեթոդաբանութիւնը կիրառւում է Արեւմտեան Հայաստանի հայկական եկեղեցիների, Արցախի վանական համալիրների, հայկական ճարտարապետական յուշարձանների, իսկ երբեմն նաեւ Ուրարտական քաղաքակրթութեան ժառանգութեան նկատմամբ։ Աշխարհագրական նկարագրութիւնը պահպանւում է, իսկ պատմական ինքնութիւնը՝ աստիճանաբար մղւում լուսանցք։

Այս գործընթացը յատկապէս վտանգաւոր է այն պատճառով, որ սոցիալական ցանցերի մեծ մասը գործում է ոչ թէ ակադեմիական չափանիշներով, այլ ալգորիթմների տրամաբանութեամբ։ Որքան շատ է կրկնւում նոյն ձեւակերպումը, այնքան աւելի մեծ է դրա հասանելիութիւնը։ Ժամանակի ընթացքում օգտատէրը սկսում է վստահել ոչ թէ սկզբնաղբիւրներին, այլ այն պատկերին, որն ամենաշատն է հանդիպում իր լրահոսում։

Հետեւաբար, պատմական յիշողութեան շուրջ պայքարի բնոյթն արմատապէս փոխւել է։

Եթէ անցեալում մշակութային ժառանգութիւնը պաշտպանելու հիմնական միջոցները գիտական հրատարակութիւններն էին, այսօր դրանց կողքին անհրաժեշտ է նաեւ ներկայութիւն ունենալ այն հարթակներում, որտեղ ձեւաւորւում է հանրային ընկալումը։ Պատմական ճշմարտութիւնը չի կարող սահմանափակւել միայն գրադարաններով, երբ ապատեղեկատւութիւնը հասնում է միլիոնաւոր մարդկանց՝ ընդամէնը մէկ րոպէ տեւող տեսանիւթերի միջոցով։

Հայկական կողմի արձագանգը, դժբախտաբար, մինչ այժմ հիմնականում պաշտպանողական է եղել։ Յաճախ բաւարարւում ենք մեկնաբանութիւններում առանձին հերքումներ գրելով կամ երկար յօդւածներ հրապարակելով, մինչդեռ խնդիրը տեղափոխւել է մի հարթութիւն, որտեղ որոշիչ են ոչ միայն փաստերը, այլեւ դրանց մատուցման ձեւը, լեզուն, տեսողական մշակոյթը եւ շարունակականութիւնը։

Անհրաժեշտ է աւելի նախաձեռնող մօտեցում։ Հայկական պատմամշակութային ժառանգութեան մասին բարձրորակ բովանդակութիւնը պէտք է հետեւողականօրէն ներկայացւի ոչ միայն հայերէն, այլեւ պարսկերէն, անգլերէն եւ տարածաշրջանի այլ լեզուներով՝ հիմնւած միջազգային ակադեմիական գրականութեան, պատմական արձանագրութիւնների եւ գիտական փաստերի վրայ։ Այդ աշխատանքը չպէտք է թողնել միայն անհատների ուսերին։ Այն պահանջում է մշակութային հաստատութիւնների, եկեղեցու, գիտական շրջանակների եւ մեդիայի համակարգւած համագործակցութիւնը։

Հայկական մշակութային ժառանգութիւնը պաշտպանելը միայն հայկական շահի հարց չէ։ Այն նաեւ Իրանի բազմադար մշակութային բազմազանութեան, տարածաշրջանի պատմական հաւասարակշռութեան եւ համաշխարհային մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիր է։ Սուրբ Թադէոսի եւ Սուրբ Ստեփանոսի վանքերը պատահական կոթողներ չեն։ Դրանք ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկւած հայկական վանական համալիրներ են, որոնց պատմական ինքնութիւնը հաստատւած է դարաւոր արձանագրութիւններով, ճանապարհորդական յիշատակութիւններով, եկեղեցական մատեաններով եւ միջազգային գիտական գրականութեամբ։

Մենք դեռ չենք աւարտել…

Related Articles

Back to top button