ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղայի. Կասպից ծովում իրանական նաւի վրայ Ուկրաինայի վերջին յարձակումը անպատասխան չի մնայ

Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան խօսնակը, արձագանգելով Կասպից ծովում իրանական նաւի վրայ Ուկրաինայի վերջին յարձակմանը, նախազգուշացրել է, որ Ուկրաինայի վերջին արկածախնդրութիւնն անպատասխան չի մնայ, եւ այդ երկրի բոլոր աջակիցները պէտք է պատասխանատւութիւն կրեն նրա գործողութիւնների համար։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ խօսնակ Էսմայիլ Բաղային երկուշաբթի օրը կայացած իր շաբաթական մամուլի ասուլիսում, ընդգծելով, որ Թեհրանի որոշումները հիմնւած են ազգային շահերի եւ անվտանգութեան վրայ, յայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող որոշել Իրանի համար պատերազմի եւ խաղաղութեան ժամանակը։ Նա նաեւ, քննադատելով Վաշինգտոնի եւ եւրոպական մի շարք երկրների քաղաքականութիւնը, վերահաստատել է Իրանի՝ ինքնապաշտպանութեան եւ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայից օգտւելու իրաւունքը։

Իրանի ԱԳՆ խօսնակը, քննադատելով մարդու իրաւունքների հարցում Եւրամիութեան երկակի չափանիշները, յիշատակել է ԱՄՆ-ի յարձակումը Իրանի հարաւում գտնւող Մինաբ քաղաքի դպրոցներից մէկի վրայ, որի հետեւանքով նահատակւել է շուրջ 170 խաղաղ բնակիչ, այդ թւում՝ աշակերտներ, եւ յաւելել. «Տիկին Կալլաս, եթէ դուք մտահոգւած էք Իրանում մարդու իրաւունքների վիճակով, ապա մի՞թէ Մինաբի մայրերը իրանցիներ չեն»։

Բաղային, անդրադառնալով Իսլամաբադի եւ Դոհայի կողմից հրադադարի եւ բանակցութիւններին վերադառնալու վերաբերեալ առաջարկւող ծրագրի շուրջ շրջանառւող ենթադրութիւններին, յայտարարել է, որ Վաշինգտոնն ընկել է այն ճգնաժամի մէջ, որն ինքն է ստեղծել՝ սիոնիստական ռեժիմի համագործակցութեամբ, եւ պէտք է պատասխանատւութիւն կրի դրա հետեւանքների համար։ Նա յաւելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կը շարունակի պաշտպանել իրեն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է երկրի շահերից, իսկ դիւանագիտութիւնը կը կիրառւի այն դէպքում, երբ այն կը ծառայի ազգային շահերին։

Բաղային իր խօսքի մէկ այլ հատւածում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին, յայտարարել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործումն իրաւունք է, որը Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրով ճանաչւած է բոլոր երկրների համար։ Նա Իրանի եւ որոշ այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած երկակի մօտեցումը բնութագրել է որպէս միջազգային իրաւունքի նկատմամբ ընտրողական վերաբերմունքի դրսեւորում։

Բաղային նաեւ յայտարարել է, որ Իրանի դէմ ռազմական յարձակումների ընթացքում ԱՄՆ-ն իր գործողութիւններին աջակցելու համար օգտագործել է Բրիտանիայի ռազմական բազաները։ Նրա խօսքով՝ այդ քայլը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ միջազգային իրաւունքին, ուստի Բրիտանիայի կառավարութիւնը պէտք է պատասխանատւութիւն կրի այդ յարձակումներում իր ունեցած դերի համար։

Related Articles

Back to top button