Բաքւում պահւող հայերի հարցով դիմումներ են նախապատրաստւում. Իրաւապաշտպանը՝ առկայ վիճակի մասին

Բաքւում պահւող հայ գերիների առողջական վիճակի մասին օբիեկտիւ տեղեկութիւններ ստանալու հնարաւորութիւններ այս պահին չկան։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանը՝ անդրադառնալով այն տեղեկութիւններին, որ գերիների շրջանում լուրջ վնասւածքներ, այդ թւում՝ կոտրւածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառւում՝ բռնութեան հետեւանք են։
Սահակեանը նշեց՝ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակայարմար չի համարում բացայայտել, թէ երբ եւ ուր են դիմելու։
Գլխաւոր խնդիրներից մէկն այս պահին շարունակում է մնալ Բաքւում պահւող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին օբիեկտիւ տեղեկութիւններ ստանալու անհնարինութիւնը։ Մինչեւ 2025 թ. սեպտեմբերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի միջոցով էին տեղեկութիւններ ստացւում, սակայն Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունէութեան դադարեցումից յետոյ այդ ուղին էլ վերացաւ։
«Մենք խօսում ենք նրանց բացարձակ մեկուսացւածութեան մասին արտաքին աշխարհից, երբ չկայ ֆիզիկական կապ միջազգային անկախ դիտորդական առաքելութիւնների, անկախ փաստաբանների, անկախ բժիշկների, հիւպատոսական ծառայողների հետ։ Այս վիճակում նրանց պայմանները բացառապէս կարող են դիտարկւել, նրանց վերաբերեալ տեղեկութիւններ կարող են հաւաքագրւել ադրբեջանական աղբիւրներից, որոնք արժանահաւատ չեն եւ ամենակարեւորը՝ ստուգելի չեն։ Այսինքն՝ ինչպիսի պատկեր էլ նկարագրւի, այն ստուգելի չէ անկախ, օբիեկտիւ, ոչ կողմնակալ սուբիեկտների կողմից, քանի որ հասանելիութիւնը հայ պատանդներին սահմանափակւած է»,- նշեց Սահակեանը։
Տեղեկատւութիւն ստանալու միակ ուղին այս պահին հարազատների հետ զրոյցներն են, որոնք եւս վերահսկւում են ադրբեջանական կողմից։ Հեռախօսակապի պարբերականութիւնն էլ հաստատուն չէ. Սահակեանի խօսքով՝ այստեղ որոշակի խտրական մօտեցում կայ, գերիներից մէկին կարող են, օրինակ, շաբաթը 1 անգամ թոյլ տալ զանգահարել հարազատներին, մէկ ուրիշին՝ 4 կամ 6 շաբաթը մէկ անգամ։
Sputnik



