ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐՈՒՄ ՊԷՏՔ Է ՅԱՂԹԻ ՀԱՅԻ ՀՈԳԵՒՈՐ ՅԵՆԱՍԻՒՆԸ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի եւ նրա գլխաւորած իշխանութեան սանձազերծած պայքարը թեւակոխել է բացայայտ առճակատման փուլ, որը վառ դրսեւորում է ստացել զրպարտանքների տարածման, ատելութեան ու թշնամանքի հրապարակային հրահրման տեսքով:
Հետեւելով գործընթացին, աներկբայօրէն կարող ենք նշել, որ այն իրականացւում է արտաքին թշնամական ուժերի թելադրանքով եւ ուղղորդմամբ, կրում է համակարգւած եւ նպատակային բնոյթ՝ թիրախաւորելով հայոց հոգեւոր արժէքների մարմնաւորողը համարւող, մեր ազգային ինքնութեան, նկարագրի եւ գոյութեան պահպանման գործում իր անգնահատելի դերն ու նշանակութիւնն ունեցող 1700-ամեայ Հայ Առաքելական եկեղեցու հիմքերը, որոնց խարխլելուց յետոյ միայն հնարաւոր կը լինի վերջնականապէս փշրել հայ ժողովրդի ողնայարը, փոշիացնել նրա պայքարի ոգին, ոչնչացնել դիմադրութեան կամքն ու արժանապատւութիւնը:
Արտաքին պատւէրի առկայութիւնը միանշանակ է: Դա ապացուցւում է այն յայտարարութիւններով եւ գործողութիւններով, որ արւում են փաշինեանական իշխանութիւնների կողմից, որոնք ընտրել են իրենց վեկտորը՝ Թուրքիան, ընդունել են տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի գերակայութիւնը, եւ հովանաւորութիւն են փնտրում Անկարայում ու Բաքւում:
Փաստը՝ տխուր, իրականութիւնը՝ սարսափելի: Թուրք-ադրբեջանական տանդեմի յանձնարարականները, որոնցից իւրաքանչիւրն ունի որոշակի՝ յստակ նշանակութիւն իջնում են, եւ ՀՀ գործող հակազգային իշխանութիւնները լծւում են դրանց իրականացմանը: Յիշենք միայն վերջին տարիների իրադարձութիւնների ընթացքը. Բանակի բարոյալքում եւ կազմաքանդում, Արցախեան գոյամարտի հրամանատարների ու հերոսների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ քաղաքական հետապնդումներ, Արցախի վերջնական յանձնում եւ հայաթափում, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի քօղի ներքոյ ՀՀ ինքնիշխան տարածքի որոշակի հատւածների, ինչպէս նաեւ անկլաւների զիջում, Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցի քննարկում եւ հանրայնացում…
Եւ ահա հերթն Հայ Առաքելական Եկեղեցունն է, որին Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահ, Ալիեւի մարիոնետ Ալլահշուքիւր Փաշազադէն յայտարարել է «սպառնալիք», «ռեւանշիստական կառոյց», որի հարցն օր առաջ «անհրաժեշտ է լուծել»: Առաջանում է տրամաբանական հարց. պատահակա՞ն է արդեօք ժամանակային առումով այսպէս կոչւած «զուգադիպութիւնը», որ Փաշազադէի յայտարարութիւններից անմիջապէս յետոյ, Փաշինեանը յանկարծակի որոշել է դառնալ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների «հետեւորդ» եւ եկեղեցական բարոյական նորմերի պահպանման եւ ի կատար ածման «քննիչ-դատաւոր»: Պատասխանը մէկն է եւ միանշանակ. Ո՛չ, նա ուղղակի կատարում է իրեն իջեցւած հերթական յանձնարարականը:
Այս խորապատկերում կարեւոր է յատկապէս այն հանգամանքը, որ Հայ Առաքելական Եկեղեցու որեւէ հաւատացեալ հետեւորդ չպէտք է տրւի, ՀՀ գործող իշխանութիւնների տարբեր տրամաչափի եւ նշանակութեան ներկայացուցիչների եւ նրանց սպասարկող արբանեակների մանիպուլեացիային, թէ իբր սա ոչ թէ Եկեղեցու, այլ՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի եւ մի քանի բարձրաստիճան հոգեւորականների դէմ պայքար է: Ո՛չ, միանշանակ ո՛չ: Սա բառի ամենաբուն իմաստով ուղղակի եւ նպատակային պատերազմ է՝ հայ ժողովրդի քրիստոնէական արժէքների եւ հոգեւոր ինքնութեան ու նկարագրի գլխաւոր յենասեան՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ, որի յաջողութիւնն աղէտաբեր է լինելու ողջ հայութեան համար՝ Հայաստանում եւ Սփիւռքում:
Եւ հէնց այս օրհասական վտանգն է, որ օրակարգային է դարձնում հայ ժողովրդի համախմբումը՝ ապացուցելու, որ մեր հոգեւոր սրբութեան դէմ սանձազերծւած սատանայական պատերազմը դատապարտւած է պարտութեան: Մենք դա պէտք է ապացուցենք գործով, որպէսզի երբեւիցէ նեռի վկաների մագիլները չհասնեն ու չպղծեն մեր հոգեւոր ինքնութեան յենասիւնը համարւող, աշխարհում քրիստոնէական առաջին պետութեան ՍՐԲՈՑ ՍՐԲՈՑԸ, ՀԱՅՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԳԱՀԸ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ: