ՄԱՅՐԱՄՈՒՏ, ՈՐԸ ՀԱՐԿԱՒՈՐ Է ԿԱՍԵՑՆԵԼ
Վաղը օգոստոսի 16-ն է, արդի հայ քաղաքական մտքի ամենավառ անհատականութիւններից մէկի՝ Վահան Յովհաննիսեանի ծննդեան օրը:
Արդէն 6 տարի մեր իրականութեանը իրենց «թաւշէ» ներկայութիւնը պարտադրող անհասցէների գինարբուքի մեր գորշ օրերում առաւել քան երբեւէ զգացւում է Վահան Յովհաննիսեանի՝ նմանը չունեցող ինտելեկտի, սկզբունքայնութեան եւ գաղափարականի բացառիկ կերպարի կարիքը:
Ուրիշ էր մեր իրականութիւնը, երբ կար ընկեր Վահանը, բոլորովին այլ բան է այն՝ նրա բացակայութեան պայմաններում։ Ուրիշ էր նաեւ հայ քաղաքական միտքը Վահան Յովհաննիսեանով, մի այլ բան՝ առանց նրա:
Հայաատանի քաղաքական դաշտը դեռ երկար/կասէի տասնամեակներ/ է զգալու Վահան Յովհաննիսեանի բացակայութիւնը։
Ականջդ կանչի ընկեր Վահան, քեզ կարօտել ենք, շա՜տ ենք կարօտել:
ԽՄԲ.
***
Ստորեւ ներկայացնում ենք Վահան Յվոհանիսեանի «Մայրամուտ, որ հարկաւոր է կասեցնել» գրքից մէջբերումներ՝ սպառման ժամկէտ չունեցող, ճիշտ ու ճիշտ մեր իրականութեանը համապատասխան:
– Եթէ դուք պատրաստւում էք սպասել հրաշքով ձեզ փրկողին`dues ex machine ոճով, իսկ ինքներդ ցանկանում էք ապրել, ինչպէս ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել եւ շատ լաց լինել, եթէ ցանկանում էք նստել հեռուստաէկրանի առջեւ եւ հեռւից հետեւել սեփական փրկութեանը, ապա առաւելագոյնն, ինչ կը տեսնէք, կը լինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն:
– Կա՛մ զարթօքի թարմ քամի եւ քայլ դէպի ապագայ, կա՛մ մակաբուծութիւն սեփական պատմութեան վրայ, ահա սա է այն ընտրութեան իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է:
– Մարդկութիւնն, ընդհանուր առմամբ, ինչպէս եւ առանձին վերցրած ցանկացած ազգ, կազմւած է անհաւասար մասերից. նրանք ովքեր զարկ են տալիս առաջընթացին, նրանք, ովքեր ակտիւ դիմադրում են դրան, եւ նրանք, ովքեր պասիւ սպասում են այդ գործընթացի արդիւնքներին` «ճանապարհին գցած գերանի» կարգավիճակում:
– Ե՛ւ սէրը, ե՛ւ ատելութիւնը ընդամէնն արձագանգն են այն բանի, թէ ինչպէս է իշխանութիւնն իրականացնում հասարակութեան կողմից իրեն արտօնւած` այդ հասարակութեանը ղեկավարելու իրաւունքը: