ՀՅԴ Մամուլ

Արցախի ժողովուրդը պէտք է միաւորւի Արցախի պետականութեան շուրջ

Անցնող տարին ոչինչ չտւեց արցախցիներին՝ ո՛չ վերադարձ, ո՛չ սեփական տանիք, ո՛չ պատանդների վերադարձ, ո՛չ հարազատների շիրիմներին այցելելու հնարաւորութիւն, ո՛չ իրաւունքների իրացում…

Արցախցիների իրաւունքները շարունակւում են անտեսւել։ Նոր աշխարհակարգում մարդու իրաւունքների ճանաչում, ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեան բանաձեւեր չեն գործում. գերտէրութիւնների շահերն են առաջնահերթ։ Դառը իրականութեան դիմաց յայտնւած արցախցիները Մայր Հայրենքում էլ բախւում են մի շարք խնդիրների, որոնք արհեստականօրէն բարդացնում են առանց այն էլ դժւարին կացութիւնը։

ՀՅԴ Արցախի կառոյցի համար էլ տարին վերականգնումի տարի էր։ Արցախի կառոյցը պահպանւեց, որը հնարաւորութիւն տւեց միաւորելու միեւնոյն գաղափարի շուրջ համախմբւած հայրենակիցների։

Կառոյցին ուղեկից միութիւնների վերակազմաւորում, անելիքների վերադասաւորում, նոր ռազմավարութեան ճշտում, Արցախի պետականութեան գոյատեւման անհրաժեշտութիւն, պատանդների վերադարձի ուղղութեամբ պայքար։

Արցախում գրանցւած բազմաթիւ կուսակցութիւններից շատ քչերն են շարունակել իրենց գործունէութիւնը Հայաստանում։ Հիմնականում ԱՀ Խորհրդարանական կուսակցութիններն են շարունակում գործել։ Պէտք է խոստովանենք, որ ժողովրդի մի մասը թէեւ դժգոհ է քաղաքական ուժերից, Արցախի իշխանութիւններից, որին նպաստում է նաեւ ընդգծւած թշնամանքի եւ ատելութեան տարածումը, սակայն գիտակցում է Արցախի պետականութեան լինելիութեան անհրաժեշտութիւնը։ Հետեւապէս, նոր իրողութիւններում մեր հիմնական անելիքը Արցախի ժողովրդի միաւորումն է Արցախի պետական ինստիտուտների շուրջ։ Որքան էլ ցաւալի լինի պարտութիւնը, պէտք է համախմբւած պայքար՝ յանուն Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, Արցախի հիմնախնդրի արդար լուծման։

Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է միասնականութիւն։ Արցախն ունի Սփիւռքի եւ Մայր Հայրենիքի կարիքը։ Չնայած արդիւնքները դեռեւս ակնյայտ չեն գերիների վերադարձի, արցախցիների վերադարձի իրաւունքի իրացման ուղղութեամբ, սակայն ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցների, յատկապէս Հայ Դատի գրասենեակների կողմից մեծ աշխատանք է տարւում նշւած ուղղութիւններով։

Աշխատանքները, որ Դաշնակցութեան միջոցով իրականացւում է, պէտք է համահայակական պայքարի ուղենիշ դառնայ։ Մենք դադար չպէտք է ունենանք, երբ մեր հայրենակիցները բանտերում են, երբ մեր ժողովուրդը բռնի տեղահանւած է իր պապենական օջախից, երբ մեր հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը վնասւած է, երբ մեր բռնազաւթւած երկիրը սպասում է արդարութեան։

Պէտք է պայքարել, համախմբւել, հզօրանալ եւ սատար կանգնել մեր ժողովրդին եւ Հայրենիքին, սա է օրւայ հրամայականը, նահանջ չկայ։

«Ապառաժ»-ի խմբագրական

27 դեկտեմբերի, 2024 թ.

Related Articles

Back to top button