Ադրբեջանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում ինքնաթիռի կործանման համար
«ԱԼԻՔ» – Ադրբեջանի իշխանութիւնները ռուսաստանեան կողմին են փոխանցել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական աւիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման մեղքն ընդունելու, միջադէպի մեղաւորներին պատժելու եւ փոխհատուցում վճարելու պահանջները, ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեր պահանջները յստակ փոխանցել ենք ռուսաստանեան կողմին, դրանք փոխանցւել են դեռ դեկտեմբերի 27-ին։ Որո՞նք են դրանք։ Նախ՝ ռուսաստանեան կողմը պէտք է ներողութիւն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ ընդունի իր մեղքը։ Երրորդ՝ պատժի մեղաւորներին, քրէական պատասխանատւութեան ենթարկի նրանց եւ փոխհատուցում վճարի ինչպէս պետութեանը, այնպէս էլ տուժած ուղեւորներին ու անձնակազմի անդամներին։ Սրանք են մեր պայմանները: Դրանցից առաջինը երէկ արդէն կատարւել է։ Յուսով եմ, որ մնացած պահանջները նոյնպէս կը բաւարարւեն»,- ասել է Ալիեւը։
Yerevan.today