Դաշնակցական ԲեմՀՅԴ Մամուլ

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026 թ․ 8-րդ համարը

Ընթերցողին է ներկայացւում «Դրօշակ»-ի ընթացիկ տարւայ 8-րդ համարը: Հերթական համարի բազմազան նիւթերի շարքում հիմնական տեղ են զբաղեցնում ազգային-պետական տագնապալի կեանքին նւիրւած վերլուծական բնոյթի յօդւածները: Պաշտօնաթերթի «Առաջնորդող»-ը քննութեան նիւթ է դարձնում այն խնդիրների բեռը, որոնք այսօր ծառացած են զարտուղի ճանապարհներով սեփական իշխանութեան վերարտադրութիւնն ապահոված երկրի ղեկավարի ուսերին:

«Դրօշակ»-ի սոյն համարում արեւելագէտ Լիանա Պետրոսեանի հրապարակած յօդւածի խորագիրը յուշում է արծարծւած նիւթի բովանդակութեան մասին. ««Խաղաղութիւն» առանց երաշխիքի. օգոստոսի 8-ի դիւանագիտութեան հետնաբեմը եւ վաշինգտոնեան ձեւաչափի «թակարդները»»: Հետաքրքրական եւ համակողմանի այս վերլուծութիւնը հիմնաւորւած է կոնկրետ փաստարկներով:

Ազգային հիմնահարցերի, արտաքին խնդիրների հարցում Նիկոլ Փաշինեանի գլխաւորած իշխանութեան իրականացրած քաղաքականութիւնը պատմաբան Անի Մելքոնեանի եզրայանգմամբ դամոկլեան սուր է կախւած Հայաստանի գլխին:

Մէկ այլ դիտանկիւնից է անդրադառնում վերոյիշեալ խնդիրներին «Դրօշակ»-ի մոսկովեան թղթակից Սարգիս Սարգսեանը: Նա գտնում է, որ «Հայաստանը եւ ՀԱՊԿ-ը մօտենում են անդարձելի կէտին»: Մի բան, ինչը հաստատւում է Հայաստանի իշխանութիւնների ներկայիս քայլերով եւ իհարկէ փաստարկւած է Սարգիս Սարգսեանի ներկայացրած հիմնաւորումներով:

Արեւելագէտ Նարէ Գէորգեանն էլ ներկայացնում է Իրանի մտահոգութիւնները անմիջապէս իր սահմանով անցնելիք, այսպէս կոչւած, Թրամփի ճանապարհի վերաբերեալ:

Հայ հասարակութեան ներկայ հոգեբանական վիճակին, երկրում տեղի ունեցող իրողութիւնների նկատմամբ հանրային մտայնութիւններին են անդրադառնում յօդւածագիրներ Մանուէլ Մկրտչեանը եւ Արեգ Ղարաբէգեանը:

Պատմաբան Տարօն Յակոբեանը շարունակում է ներկայացնել Արցախի պետականութեան կայացման ճակատագրական տարիներին հայկական նորաստեղծ հանրապետութեան ներքաղաքական գործընթացները: Հայ մարդու համար անմոռանալի այդ պատմութեան դրւագների լուսաբանութիւնը կը շարունակւի «Դրօշակ»-ի յաջորդական համարներում:

Լրագրող Արմէն Վարդանեանը որը «Դրօշակ»-ին մշտապէս տրամադրում է նիւթեր Հայաստանի բնապահպանական հիմնահարցերի վերաբերեալ, այս անգամ ներկայացրել է իշխանութիւններին յատկապէս յուզող ասֆալտապատման վիճակն ու այս ոլորտում առկայ հիմնահարցերը:

Ընթերցողը «Դրօշակ»-ի օգոստոսեան համարում կը գտնի այլ հետաքրքրական հրապարակումներ եւս:

«Դրօշակ»-ի 2026 թ. 8-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

«Դրօշակ»-ի թիւ 8 2026 թ.

Related Articles

Back to top button