Հայ ժողովրդի փրկութեան միակ ճանապարհը դիմադրութիւնն է
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանը hayeli.am-ի հետ զրոյցում անդրադարձել է այսօր Հայաստանին սպառնացող վտանգներին, Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութեանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին փոխանցած իր մտահոգութիւններին։
Հայաստանին քիչ թէ շատ պաշտպանելու կարողութիւն դաշնակիցներից ունի միայն Ռուսաստանը. ասել է Մուրադ Փափազեանը:
«Ես Մակրոնին հարցրել եմ, եթէ Հայաստանի դէմ Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն զէնքով գալ, Եւրոպան կը պաշտպանի՞, Ֆրանսիան կը պաշտպանի՞, Ամերիկան կը պաշտպանի՞, հիմա գետնի վրայ, կապ չունի պրոռուս լինենք, հակառուս լինենք քիչ թէ շատ պաշտպանելու կարողութիւնը դաշնակից Ռուսաստանինն է» ,-ասել է Մուրադ Փափազեանը։
Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ծախսած քարոզչական միլիոնաւոր գումարները, առանց չափազանցնելու իրենք 0- ի են հաւասարեցրել։
«Ֆրանսիայի նախագահը, վարչապետը, բոլոր կուսակցութիւնները միակամ են հայերի ու Հայաստանի, Արցախի ժողովրդի խախտւած իրաւունքների հարցում։ Օրերս խորհրդաժողով է կայացել, որին մասնակցել են Ֆրանսիայի իշխանութիւնները, բազմաթիւ պատգամաւորներ, որտեղ բարձրացւել է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ ստեղծւած իրավիճակը՝ ըստ առաջնահերթութիւնների»,- նշել է ՀՅԴ Բիւրոյի անդամը։
Նրա փոխանցմամբ՝ Արցախում տեղի ունեցածը գնահատւել է որպէս էթնիկ զտում, բարձրացւել է Արցախի ժողովրդի վերադարձի հարցը՝ միջազգային մեխանիզմներով , միջազգային պաշտպանութեան ներքոյ, նշւել, որ չի կարելի ստիպել հայ ժողովրդին՝ աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում, կայացնել որոշում ու կատարել ընտրութիւն՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ։
Մուրադ Փափազեանը յիշեցրել է, որ նման ընտրութեան առջեւ հայերը եղել են 100 տարի առաջ եւ ստիպւած են եղել ընտրել Ռուսաստանը։ Եւ այսօր նոյն ընտրութեան առաջ են։ Գործիչն արձանագրել է, որ Փաշինեանն ու Ալիևն ունեն համաձայնութիւն՝ վախեցնել հայ ժողովրդին պատերազմով ու ստիպել անել ընտրութիւն, որը 4-5 տարի անց կը յանգեցնի այն իրավիճակին, որ Հայաստանի ողջ տնտեսութիւնը կը լինի Թուքիայի ու Ադրբեջանի վերահսկողութեան տակ։
Նա կոչ է արել հայ ժողովրդին ծնկի չգալ եւ պայքարել՝ հեռացնելու ապազգային իշխանութիւններին ու ուշադրութիւն հրաւիրել, որ ինքը, ապրելով Եւրոպայում, չի հակադրում ռուսամէտութիւնը եւրոպամէտ լինելուն։