Այլեւս անհնարին է երկար ճանապարհ գնալ այս իշխանութեան հետ
Alpha News-ի ուղիղ եթերում ՀՅԴ Հայ Դատի Եւրոպական գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նոր պահանջին։ Յիշեցնենք, որ Ալիեւը Խոջալուում յայտարարել է, թէ «Հայաստանը պէտք է ճանաչի Խոջալուի ցեղասպանութիւնը եւ ներողութիւն խնդրի»։
«Ակնկալելի էր, որ Ալիեւը նման բան կասէր։ Քանի ինքը այսօրւայ իշխանութեան հետ լեզու է գտել, վտանգաւոր է։ Նրանք ինչ ուզեն, այս իշխանութիւնը կը կատարի»,- նշում է Գասպար Կարապետեանը։
Մեր զրուցակիցն անդրադարձ է կատարել նաեւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը։ Կարապետեանի խօսքով՝ այս իշխանութիւնները քննադատում են շարժումը, բայց իրենք էլ յաջողութեան են հասել քայլերթով։
«Ես լաւատես չեմ։ Այլեւս անհնարին է երկար ճանապարհ գնալ այս իշխանութեան հետ։ Տպաւորութիւն է, որ Նիկոլ Փաշինեանը ամէն գնով պիտի փորձի իր աթոռի վրայ մնալ ու այս իշխանութիւնը պահել։ Այս ամէնը շատ վատ է երկրի համար։ Եթէ ես Փաշինեանի տեղը լինէի ու ունենայի հայրենասիրական ջիղ իմ մէջ, պիտի փորձէի որեւէ լուծում գտնել»,- ասել է Գասպար Կարապետեանը։
Նա նաեւ նշել է, որ Հանրապետութեան հրապարակում մարդկանց հոծ բազմութիւն հաւաքելը բարդ է, բայց Բագրատ Սրբազանին դա յաջողւում է.
«Կարեւորն այն է, որ երկրում կայ շարժում։ Դա տեսանք Բագրատ Սրբազանի քայլերթով։ Երբ այսօրւայ վարչապետը սկսեց քայլերթ անել Գիւմրիից, 3 հոգով էին, 4-5 հոգով հասաւ այստեղ։ Պայմաններն այդպէս ստեղծւեցին ու ունեցան մեծ հանրահաւաքներ։ Հիմա այդ նոյն մարդիկ չեն հասկանում երկրի վիճակի լրջութիւնը:
Arfd.am