ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ՝ 1914-1918 ԹԹ.
Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը
1914 թ. օգոստոսին, Առաջին համաշխարհային պատերազմի բռնկմամբ, Այսրկովկասում շարժում էր սկսւել՝ կազմակերպելու հայ կամաւորական գնդեր, օժանդակելու ռուսական բանակին: Հայկական կամաւորական ջոկատների կազմութիւնը մեծ մտահոգութեան տեղիք էր տւել օսմանցիներին, քանզի հայ զինեալները ռուս բանակի հովանաւորութեամբ ներխուժում էին թուրքական սահմանային շրջաններ եւ ուժգին հարւածներ հասցնում օսմանական բանակին եւ այնուհետեւ վերադառնում ռուսական տարածքներ1): Կամաւորական շարժումը Ազգային բիւրոյի միջոցով ղեկավարում էր Հ. Յ. Դաշնակցութիւնը, որի գործակալները լինում էին աշխարհի տարբեր մասերում, կազմակերպում կամաւոր գրւելու գործը: 1914 թ. սեպտեմբերին տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. կովկասեան շրջանային ժողովը, որը քննութեան առաւ կամաւորական շարժման հարցը: Սոյն ժողովում որոշւել էր, որ կազմակերպչական աշխատանքը, մասնաւորապէս ուսուցումը, կազմակերպելու էր Դաշնակցութիւնը2): Ազգային բիւրոյի զինւորական մարմնի միջոցով «…որոշւեց խմբերի գործունէութեան 4 կէտեր ընդունել. Սալմաստից պիտի շարժւէր Անդրանիկի գունդը 1500 հոգուց բաղկացած եւ պիտի արշաւէր դէպի Վան …»3): «Բոլոր գնդերի մօտ,- գրում է Ս. Վրացեանը,- մենք ունեցել ենք մեր քաղաքացիական ներկայացուցիչները. Պարսկաստանում նրանք բժ. Զաւրիեւն էր ու Սամսոնը (Թադէոսեան)»4): Իսկ Նիկոլ Աղբալեանի կարծիքով հայ կամաւորական շարժումն ինքնաբուխ էր: Ըստ նրա՝ կամաւորական շարժումն ունեցել է երկու փուլ՝ մինչեւ 1915 թ. ապրիլ եւ 1916 թ. մարտ՝ գնդերի ցրում եւ հայկական ազգային գումարտակների ստեղծում: «Այդ շարժումով,- գրում է նա,- հայ ժողովուրդն ապրեց ամբողջ երեք տարի: Դա բարոյական վերածննդի տարեթիւ է հայ ժողովրդի համար: 10.000-անոց անձնւէր բանակ հանել, մեր պատմութեան մէջ եզակի երեւոյթ է …Նախքան կամաւորական շարժումը մենք ենթադրում էինք, թէ կարող ենք պետականօրէն կազմակերպւել ու պաշտպանւել, իսկ հիմա դրա ապացոյցն ունենք: Կամաւորական շարժման մի շարք թերութիւններ նսեմանում են այս մեծ, դրական կողմերի առաջ …»5):
Արդէն սեպտեմբերի վերջերին Անդրանիկը՝ որպէս Առաջին կամաւորական գնդի հրամանատար, մեկնեց Իրան, Սալմաստ, որտեղ հաւաքւել էին եւ իր հրամանին էին ենթակայ հայ կամաւորական առաջին գնդի ուժերը: Հոկտեմբերի 18-ին (հին տոմար) սկսւեց ռուս-թուրքական պատերազմը, եւ Անդրանիկի գունդը մեկնեց ռազմաճակատ: 1914-ին Անդրանիկի գունդը մասնակցեց մի քանի կռիւների Իրան ներխուժած թուրքական բանակի դէմ6):
Մինչ Անդրանիկի Պարսկաստան անցնելը, զօրավար Սեպուհը (Արշակ Ներսիսեան) 500-ի հասնող զօրքով մեկնում է Սալմաստ: Այդ մասին ուշագրաւ են նոյնինքն Սեպուհի վկայութիւնները. «…Մեր անցած ճանապարհի երկու կողմերը խռնւած էր հայ ու պարսիկ գիւղացիութիւն մը. Սալմաստ տօնական երեւոյթ ունէր …Փայաջուկում Մշոյ առիւծը՝ Սմբատը իր 300 զինւորներով եւ զինւորական կարգով կանգնած էր մեզ դիմաւորելու …Մտքերու փոխանակութիւնէ մը ետք որոշեցինք յաջորդ օրն իսկ սկսիլ զինւորական մարզանքի, մինչեւ Անդրանիկի գալը … Քանի մը օր ետք խումբը մեկնեցաւ դէպի Տիլման, Կէօյնիւլար եւ Աշնակ, ուր կռւի բռնւեցաւ թշնամիին հետ եւ պարտութեան մատնեց զանոնք»7):
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու
(Շար. 1)
——————–
1) GH 1332 K66- p 38-15, Իրանի ազգային փաստաթղթերի կազմակերպութիւն:
2) Պօղոսեան Ստ., Հայոց Ցեղասպանութեան պատմութիւն, 2-րդ հատոր, էջ 479:
3) Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Թեհրան, 1982, էջ 581:
4) Նոյն տեղում, էջ 584:
5) ՀՀ ՊԿ ՊԱ, ֆ. 221, ց. 1, գ. 21 (տե՛ս. Ստ. Պօղոսեան, նշւ. աշխ., հատոր 2, էջ 482):
6) Ահարոնեան Վ., Անդրանիկ. Մարդը եւ ռազմիկը, Բոստոն, 1957, «Հայրենիք» տպարան, էջ 29:
7) Յեղափոխական ալպոմ-Ազատագրական պայքարի յուշամատեան, հեղ.՝ Աւօ, 1971 թ., Լիբանան, 8-րդ հատոր, էջ 166-168: