Դաշնակցական ԲեմՀայ ԴատՍփիւռք

Արթուր Խաչատրեանը ելոյթ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում յունւարի 22-ին ստորագրւել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի եւ ՀՀ Սիւնիքի մարզի միջեւ համագործակցութեան հաստատման վերաբերեալ յուշագիր։ Կարեւոր այդ արարողութեանը ներկայ են գտնւել տեղական օրէնսդիրներ, Հայ Դատի Ամերիկայի կենտրոնական եւ Կալիֆորնիայի նահանգային յանձնախմբերի պատասխանատուները, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Հայ Դատի ԱՄՆ Արեւմտեան ափի յանձնախմբի ջանքերի արդիւնքում՝ Կալիֆորնիայի եւ ՀՀ Սիւնիքի մարզի միջեւ նահանգային-մարզային յարաբերութիւնների համագործակցութեան վերաբերեալ աշխատանքները սկսւել են դեռեւս 2022 թ. սկզբից, երբ փետրւարի 10-ին Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել էր համապատասխան բանաձեւ։ Հետագայում Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանն ընդունել էր նաեւ մէկ այլ հայանպաստ բանաձեւ՝ դատապարտելով Արցախի դէմ Ադրբեջանի շրջափակումն ու ագրեսիան, պահանջելով անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ Արցախի բարձրաստիճան ղեկավարներին, վերահաստատելով Արցախի ինքնորոշման իրաւունքը եւ կոչ անելով գործուն քայլերով դատապարտել Հայաստանի դէմ Ադրբեջանի թշնամական քաղաքականութիւնը։

Յունւարի 22-ի ձեռնարկը կազմակերպւել էր նահանգային օրէնսդրի անդամ եւ յիշեալ բանաձեւերի ընդունումն առաջնորդած Քրիս Հոլդենի, Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի եւ Կալիֆորնիայի Օրէնսդիր մարմնի՝ Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամների կողմից։

Իր խօսքում ՀՀ ԱԺ անդամ Արթուր Խաչատրեանը շնորհակալութիւն յայտնեց Քրիս Հոլդենին՝ հայամէտ բանաձեւերն առաջ մղելու համար, ինչպէս նաեւ երախտագիտութիւն յայտնեց Կալիֆորնիայի օրէնսդիրներին եւ Հայ Դատի յանձնախմբին՝ Կալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ կապերն ամրապնդելու այս պատմական ջանքերին աջակցելու համար: Խաչատրեանն ընդգծել է, որ բանաձեւերի ընդունումը «շատ կարեւոր քաղաքական ուղերձ է աշխարհին, Ադրբեջանին եւ նրա հովանաւոր Թուրքիային։ Չնայած Ադրբեջանի ագրեսիային, Արցախի վերաբերեալ էջը փակւած չէ, Արցախի ժողովուրդն իրաւունք ունի ինքնուրոյն որոշել իր ճակատագիրը, ինչպէս աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ»։

Խաչատրեանը նաեւ անդրադարձել է Հայաստանի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի շարունակւող ագրեսիային եւ թշնամական գործողութիւններին. «Կան մարդիկ, ովքեր կարծում էին, թէ Ադրբեջանը հայի արեան ծարաւը յագեցրել է Արցախի ցեղասպանական էթնիկ զտումներով եւ օկուպացիայով, բայց, ինչպէս մենք կանխատեսել էինք, եւ տեղի ունեցած իրադարձութիւնները ցոյց տւեցին, դա ակնյայտօրէն այդպէս չէ: Առաջադրելով նոր նպատակակէտեր՝ Բաքուն այժմ մարտահրաւէր է նետում Հայաստանի միջազգայնօրէն ճանաչւած սահմաններին, որն անւանում է «Արեւմտեան Ադրբեջան», սպառնում է Սիւնիքի միջանցքով ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ, ինչպէս նաեւ բացայայտօրէն պահանջում է վերաշարադրել Հայաստանի Սահմանադրութիւնը»։

Խաչատրեանը բարձր է գնահատել նորաստեղծ յարաբերութիւնները Կալիֆորնիայի եւ Սիւնիքի հետ՝ նշելով, որ դա կօգնի տնտեսական եւ մշակութային աւելի ամուր կապերի զարգացմանը, ինչն օգտակար կը լինի Սիւնիքի համար, որը, ադրբեջանական կողմից սահմանամերձ գիւղերի շարունակւող ռազմական օկուպացիայի եւ վերսկսման սպառնալիքների պայմաններում, շարունակում է մնալ վտանգի տակ։

Միջոցառման ընթացքում ելոյթ են ունեցել նաեւ Քրիս Հոլդենը, Հայ Դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների Կենտրոնական յանձնախմբի անդամ Այիդա Դիմեջեանը, եւ կալիֆորնիացի բազմաթիւ խորհրդարանականներ։

Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով Արթուր Խաչատրեանը Կալիֆորնիայից մեկնել է մայրաքաղաք Վաշինգտոն՝ ԱՄՆ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
26.01.2024թ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button