Հայոց Ցեղասպանութեան փաստագրումը Օսմանեան «Ալեմդար» օրաթերթում
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու
Հայոց Ցեղասպանութեան փաստագրման առումով առանձնայատուկ կարեւորւում են Օսմանեան աղբիւրները, որոնց շարքում նշանակալի տեղ է գրաւում տւեալ ժամանակաշրջանի օսմանեան մամուլը:
Առաջին աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտութիւնից յետոյ, պատերազմական տարիներին հարկադրեալ լռութիւն պահպանած օսմանեան մամուլը սկսեց ակտիւօրէն քննարկել հայոց տեղահանութիւնը, կոտորածները, դրանց կապակցութեամբ յարուցւած դատական գործերը, դատավարութիւնների ընթացքը եւ այլ յարակից խնդիրներ, որոնք նաեւ սուր վիճաբանութիւնների առիթ դարձան թուրքական տարբեր օրաթերթերի միջեւ:
Հայոց Ցեղասպանութեան խնդրի հանդէպ մեծ հետաքրքրութիւն էր ցուցաբերում յատկապէս «Ալեմդար» («Դրօշակակիր») օրաթերթը:
«Ալեմդար»-ը հրատարակւել է Ստամբուլում 1912-1921 թւականներին: Օրաթերթի պատասխանատու խմբագիրն էր Ռեֆի Ջեւադ Ուլունայը, իսկ տնօրէնը՝ Ահմեդ (Փեհլիւան) Քադրին: Հրատարակւել է նաեւ «Թաքւիմլի գազեթէ» («Օրացոյց-օրաթերթ») եւ «Թեշրիհ» («Մեկնաբանում») անւանումներով: Օրաթերթի 1918-1921 թւականներին տպագրւած եզակի համարները պահպանւում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գրադարանում:
1919 թւականին սոյն օրաթերթում տպագրւած հայոց կոտորածներին վերաբերող յօդւածների մէջ առանձնայատուկ յիշատակութեան է արժանի օրաթերթի գլխաւոր խմբագիր Ռեֆի Ջեւադ Ուլունայի յօդւածաշարը:
«Ալեմդար» օրաթերթի գլխաւոր խմբագիրը հայոց տեղահանութեանն ու կոտորածներին, ինչպէս նաեւ դրանց վերաբերեալ յարուցւած դատական գործերին անդրադարձող իր առաջնորդողներում յատկապէս շեշտում էր երիտթուրքերի դատաքննութիւններն արագ իրականացնելու եւ յանցագործներին անմիջապէս պատժելու անհրաժեշտութիւնը:
1919 թւականի փետրւարի 14-ին տպագրւած «Տեղահանութեան եւ կոտորածների կապակցութեամբ» վերնագրով յօդւածում նա իր մտահոգութիւնն էր արտայայտում այն փաստի կապակցութեամբ, որ Թուրքիան հայոց կոտորածների դատաքննութիւններն իրականացնում էր հարկադրւած, եւ որ դատավարութիւնների շարժառիթ էր ծառայել ոչ թէ արդարութեան վերականգնումը, այլ ընդամէնը Եւրոպայի առջեւ արդարադատ երեւալու ցանկութիւնը. «Երկիրը, կամայ թէ ակամայ, մի քայլ կատարեց դէպի արդարադատութիւն: Այն, ցաւօք, կոչում ենք հարկադիր քայլ, քանզի, չգիտես թէ ինչու, մեր երկրում բոլոր իրաւական, տնտեսական եւ հասարակական միջոցառումների համար որեւէ ազդեցիկ շարժիչ ուժի կարիք է զգացւում, այլ կերպ չենք կարողանում»:
Նոյն յօդւածում Ռեֆի Ջեւադն ընդգծում էր հայոց կոտորածների զանգւածային բնոյթը. «Կառավարութիւնը, տեղահանութեան եւ կոտորածների խնդրոյ կապակցութեամբ, դատարանին յանձնեց երեքից-հինգ հոգու: Մի՞թէ խնդիրն այդքանով աւարտւում է,- տարակուսում էր Ջեւադը,- Ինչպէ՞ս կարելի է տեղահանութիւնն ու կոտորածները սահմանափակել նման շրջանակում»:
«Ալեմդար»-ի խմբագիրն իր յօդւածներում արագ գործելու կոչ էր անում հայոց կոտորածները քննող Ստամբուլի ռազմական արտակարգ ատեանին: Վերոյիշեալ յօդւածում Ռեֆի Ջեւադը գրում էր. «Ներկայում ընթացող դատավարութիւնը շատ ծանրաքայլ է առաջ գնում… Այդ մարդիկ (իթթիհադականները-Մ.Ա.) արտակարգ արագութեամբ գործեցին: Ինչու՞ նոյնպիսի արագութիւն չի ցուցաբերւում արդարադատութեան իրականացման դէպքում:
…Տեղահանութեան եւ կոտորածների խնդրոյ շրջանակը շատ լայն է. այդ ծաւալը լցնենք ոչ թէ ժամանակով, այլ արդարադատութեամբ, արագութեամբ եւ գործողութիւններով»:
Նա նոյն հարցերին էր անդրադառնում նաեւ 1919 թւականի փետրւարի 20-ին հրապարակւած «Ինչպիսի՞ն են եղել ուղեկառքի ձիերը» յօդւածում. «Մահմուդ Հայրեթ փաշայի նախագահութեամբ ռազմական արտակարգ ատեանում ընթացող տեղահանութեան եւ կոտորածների դատաքննութիւնը հետզհետէ հետաքրքիր փուլ է մտնում: Դատավարութեանը համընթաց՝ կամաց-կամաց բացայայտւում են խնդրի տագնապայարոյց կողմերը: Միայն թէ այդ դանդաղ ընթացքը չի համապատասխանում անյապաղ որոշում կայացնելու անհրաժեշտութեանը: Երէկւայ դատավարութիւնը թւով 7-րդն էր: Եթէ դատաքննութիւնը շարունակւի նոյն ընթացքով, ապա չենք կարծում, թէ գործը վերջնական արդիւնքի հանգի մեզ ցանկալի ժամանակահատւածում»:
Միեւնոյն յօդւածում Ռեֆի Ջեւադը շեշտում էր, որ Եոզղատի դատավարութեան մեղադրեալներից Եոզղատի կառավարչի տեղակալ, Բողազլըեանի գաւառապետ Մեհմեդ Քեմալը, ոճրագործ լինելով հանդերձ, ընդամէնը գործիք էր եղել Հայոց Ցեղասպանութեան հեղինակների՝ գլխաւոր պատասխանատուների ձեռքում, իսկ վերջիններս ոչ միայն դեռ չեն պատժւել, այլեւ նոյնիսկ չեն էլ կալանաւորւել. «Ո՞վ է Քեմալ բէյը. եթէ ճշմարտութիւնը որոնելու լինենք, այն բաղկացած կը լինի արիւնոտ մի կացնից: Արդարադատութիւնը պէտք է կտրի այդ կացինը գործել տւած ձեռքը, իսկ այդ ձեռքերը, այդ ուղեղները դեռ ազատ շրջում են մեր մէջ»:
Նոյն այդ յօդւածում Ջեւադը գրում էր. «Մեր առաջին իսկ հրապարակումներում ընդգծում էինք, որ կառավարութեանը (երիտթուրքերի-Մ.Ա.) պատժելու համար կարիք չկայ հետաքննութեան: Ոճրագործութիւնը յայտնի է, պատիժն էլ՝ պատրաստ: Խնդիրը պատժի արագ կիրառման մէջ է:
…Մահմուդ Շեֆքէթ փաշայի սպանութեան հեղինակների դատաքննութիւնը սահմանափակւեց մէկ նիստով: Մենք դեռ զբաղւած ենք Քեմալի յանցաւորութիւնը հաստատող վկաների փնտրտուքով: Հասկացանք, ամբողջ աշխարհն էլ համոզւեց, որ այդ մարդը կատարել է տւեալ ոճիրները: Ուրի՞շ ինչ ենք որոնում: Ինչու՞ խնդրին ժամ առաջ վերջ չենք տալիս: Տեղահանութեան եւ կոտորածների դէպքերը իթթիհադականների հեղինակած ամենազազրելի, մինչեւ այժմ չլսւած իրադարձութիւններն են: Պատգամաւորների պալատում մէկը բղաւում էր, թէ այդ ազգին (հայերին-Մ.Ա.) կործանել է տալու մինչեւ վերջին շունչը: Նա, մեղքեր գործելուց դեռ չկշտացած, ազատ շրջում է: Եթէ այս դատւողները փաստացի մարդասպաններ են, ապա իրական մարդասպաններն այստեղ են. թանձրուկներով լի վայրի ուղեղները գտնւում են մեր շրջապատում: Ինչո՞ւ են նրանց նորանոր աղետներ նախապատրաստելու հնարաւորութիւն տալիս,-հարցնում էր մտաւորականը եւ ապա շարունակում,- տեղահանութեան եւ կոտորածների հարցը հին չէ, խնդիրն անչափ պարզ է. «Միութիւն եւ առաջադիմութիւն» աւազակախումբը հրամայեց՝ հպատակներին ոչնչացրեց: Ոմանց կախեց, ոմանց կոտորեց, ոմանց էլ այրեց: Այս հրամանը յղացած ուղեղը, տւած բերանը, գործադրած ձեռքը՝ բոլորն էլ գտնւում են արդարադատութեան ձեռքում: Դրա համար բոլորովին էլ չկայ մի շարք անիմաստ հարցերի, մանրակրկիտ հետաքննութիւնների անհրաժեշտութիւն»:
Ռեֆի Ջեւադը, նոյն յօդւածում անդրադառնալով դատարանի՝ խնդիրը ձգձգելու ցանկութեանը, գրում էր հետեւեալը. «Նախանցեալ օրը տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ականատես եղանք (դատարանի նախագահի-Մ.Ա.) տեղակալներից մէկի տւած տարօրինակ հարցին: Հետաքրքրւում էր, թէ ի՞նչ գոյն, ի՞նչ ձեւ ունէին Քեմալի նստած ուղեկառքի ձիերը: Այդ հարցին պատասխան կը տանք մենք.
-Ուղեկառքի ձիերը վիշապի տեսք ունէին, իսկ դրանց գոյնը՝ արեան:
Եթէ դատարանը դա չարձանագրի, կարձանագրի պատմութիւնը»:
«Ալեմդար»-ի խմբագիրը նոյն խնդիրներին էր անդրադառնում նաեւ 1919 թւականի մարտի 28-ի համարում տպագրւած «Տեղահանութեան եւ կոտորածների դատավարութիւնները» յօդւածում:
Ռեֆի Ջեւադը, տեղահանութեան եւ կոտորածների դատաքննութիւնները շրջան առ շրջան իրականացնելն անարդիւնաւէտ գտնելով, առաջարկում էր խնդրի լուծման իր տարբերակը. «Տեսնում ենք, որ Եոզղատի տեղահանութեան եւ կոտորածների դատավարութիւնն աւարտւելու վրայ է: Սկսւել է նաեւ Տրապիզոնի տեղահանութեան եւ կոտորածների դատական գործի քննութիւնը: Եոզղատի դատը բաւականին երկար տեւեց: Կարծում էինք, թէ տեղահանութեան դատավարութիւնը չափազանց յուզումնալից էր անցնելու, մինչդեռ այդպէս չեղաւ: Դատավարութիւնը, Սանդըքբուրնուում հարբելուց յետոյ միմեանց ծեծած երկու հարբեցողի դատաքննութեան նման, սովորական ընթացք ունեցաւ: Դրա պատճառներից մէկն էլ այն է, որ Համաշխարհային պատերազմը մարդկանց վարժեցրել է արեան: Յիրաւի, վերջին տարիներին մահւանն այնքան ենք ընտելացել, որ նման որեւէ տեսարանի ականատես լինելիս, էլ առաջւայ պէս չենք սարսափում: …Եթէ դատավարութիւններն այս կերպ շարունակելու լինեն, ապա անկախ նրանից, թէ դատարանի նախագահը որքանով է արագ գործում կամ որքանով է խորանում, թէ ինչպիսին են եղել ուղեկառքի ձիերը, շատ յաւանական է, որ տարիներով չկարողանայ յաղթահարել իր առջեւ դրւած խնդիրը:
Դատավարութեան՝ Եոզղատին վերաբերող հատւածն աւարտւելու է, ապա սկսւելու է Տրապիզոնի խնդիրը, այնուհետեւ՝ Դիարբեքիրը եւ այլն, եւ այլն:
Քանի որ տեղահանութիւն եւ կոտորածներ եղել են Օսմանեան կայսրութեան բազմաթիւ վիլայեթներում, դե՜հ պատկերացրէք՝ երբ կաւարտւեն դրանք ամբողջութեամբ:
Այդ դէպքում անհրաժեշտ է որեւէ բանական, օրինական եւ տրամաբանական ելք գտնել: Այդ ելքը կայ: Աւելի ճիշտ, այն ընկալում ենք ոչ թէ որպէս ելք, այլ միակ օրինական ճանապարհը, որին մինչեւ այժմ էլ պէտք է հետեւած լինէինք: Տեղահանութիւններն ու կոտորածները կրում են համընդհանուր բնոյթ: Ճիշտ չենք համարում այն որպէս քաղհայց ընկալելը:
Եթէ ռազմական ատեանը, գործը երկարացնելով, յոյս ունի մի ամբողջ շարք գաղտնիքներ բացայայտել, ապա այդ տեսակէտը եւս քննադատութեան չի դիմանում, քանզի տեղահանութիւնն ու կոտորածներն այն յանցագործութիւններն են, որոնք ե՛ւ յայտնի են, ե՛ւ հաստատւած, ե՛ւ ապացուցւած: Այդ իսկ պատճառով առանձին-առանձին հետաքննութիւններն անհրաժեշտ չենք գտնում: Պէտք է կազմակերպել մի դատավարութիւն, որը կը լինի հասարակական հայցի հիման վրայ: Խնդիրը պէտք է լուծւի ընդհանուր դատավճռով»:
Ռեֆի Ջեւադը շեշտում էր նաեւ կոտորածների խնդրում բոլոր իթթիհադականների՝ մեղքի բաժին ունենալու հանգամանքը, այդ թւում եւ նրանց, ովքեր, տեղեակ լինելով հանդերձ, չեն միջամտել. «Աւազակախմբից (նկատի ունի «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեանը-Մ.Ա.) շատ քիչ թւով մարդ ենք ճանաչում, որ տեղահանութեան եւ կոտորածների խնդրում չունենայ իր մեղքի բաժինը: Այդ ոճիրները գործողները մեղաւոր են, դրանց գործիք եղողներն էլ են մեղաւոր, լռութիւն պահպանողները՝ նոյնպէս: Տեղահանութիւնը եւ կոտորածները «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան երբեւէ խաղացած ամենաահասարսուռ ողբերգութիւնն էր: Անհնար է երկրի անունից չտխրել, մարդկութեան անունից այն չատել: Լռութիւն, սպանիչ կերպով լռութիւն պահպանելը մի՞թէ նոյնպիսի ոճիր չէ, որպիսին կոտորելն է: Նոյնիսկ տեղին չէ հարցնել, թէ դրանց դէմ ինչ կարելի էր ձեռնարկել, քանզի աւելի հեշտ կը լինէր հրաժարւել, քան սեփական համոզմունքներին հակառակ գործել: Եթէ այդ վճռական, այդ հաստատակամ քայլը կատարած լինէինք, երկիրն այս օրին չէր հասնի»:
Յօդւածի վերջում Ռեֆի Ջեւադը կրկին արագ գործելաոճ էր պահանջում դատարանից եւ մէկ անգամ եւս ընդգծում յանցագործութիւնների՝ ակնյայտ լինելու հանգամանքը. «Եթէ ռազմական արտակարգ ատեանը քննի տեղահանութեան եւ կոտորածների խնդրին առնչւող բոլոր մանրամասները, ապա կրկնում ենք՝ տարիներ կը պահանջւեն այս գործի հանգուցալուծման համար:
…Չգիտեմ՝ որքանով է անհրաժեշտ ժամանակ ծախսել արդէն իսկ ապացուցւած ոճրագործութիւնների մանրամասն հետաքննութեան վրայ»:
«Ալեմդար»-ի պատասխանատու խմբագիրը 1919 թւականի ապրիլի 9-ի համարում տպագրւած «Ի պատասխան մի պաշտպանութեան» վերնագրով յօդւածում ընգծում էր հայոց կոտորածների կանխամտածւած բնոյթը, մտայղացողի եւ կատարողի միասնական լինելը. «Ենթադրենք՝ որեւէ մէկը յանցագործութիւն է կատարել: Բնականաբար, չենք կարող այդ ոճրագործութիւնը նիւթած ուղեղն ու ի կատար ածած ձեռքը միմեանցից բաժանել: Դա ո՜չ օրէնքը թոյլ կը տայ, ո՜չ էլ բանականութիւնը: Եթէ Բեհաէդդին Շաքիրը, ողբերգութիւններ յղացած ուղեղն էր, ապա Քեմալ բէյն ու իր յանցակիցները այդ ուղեղի չարագործութիւնները նախապատրաստող ձեռքերն էին: Օրէնքը ձեռքն էլ է կտրում, ուղեղն էլ՝ հանգցնում: Հիմա անդրադառնանք դատարանին: Տւեալ խնդրում դատարանը չկատարեց արտակարգ ատեանի՝ իրեն վերապահւած դերը: Տասնինը նիստում դատաքննւեցին երեք մեղադրեալ: Դատավճիռն էլ դեռ չի կայացւել: Այդ դէպքում ի՞նչ իմաստ ունէր ռազմական արտակարգ ատեաններ կազմել: Եթէ արագ չէին գործելու, ապա այդ առաջադրանքը նոյն յաջողութեամբ սովորական դատարաններն էլ կարող էին կատարել»:
Ռեֆի Ջեւադը «Ալեմդար»-ի 1919 թւականի մարտի 23-ի համարում հրապարակւած «Ջեւահիրջեան էֆենդու խօսքերը» յօդւածում պատերազմի տարիներին թուրքական դատարանների՝ անմեղ հայերին դատելու եւ դատապարտելու օրինակներ էր բերում. «Երբ գտնւում էինք Չորումում, ծանօթացանք մեր հայ հայրենակիցներից մէկի հետ, որը ցմահ բանտարկութեան դատապարտւելուց յետոյ աքսորւել էր այնտեղ եւ մի կերպ էր օձիքն ազատել մահից: Պետրոս Փափազեան անունը կրող այդ մարդու մօտ նոտաներ էին յայտնաբերել: Բուրսայի դատարանը, ոչ թէ յանցագործութեան համար պատիժ, այլ պատժի համար յանցագործութիւն որոնելով, նոտայի բովանդակութիւնը որակել էր որպէս հայկական քայլերգ: Երբ Պետրոս էֆենդուն դատարանում հարցաքննում էին նոտաների առնչութեամբ, նոյն պահին դրսում զինւորական նւագախումբը հէնց այդ երաժշտութիւնն էր նւագում, սակայն նոյնիսկ սոյն հանգամանքը չէր օգնել մեր խեղճ հայրենակցին»:
Նոյն յօդւածում մտաւորականը նշում էր հայերի՝ Օսմանեան կայսրութեանը մատուցած ծառայութիւնները, արդիւնաբերութեանը, արւեստին, ընդհանրապէս՝ կայսրութեան զարգացմանը նրանց բերած նպաստը, ընդգծում Ցեղասպանութեան պատճառներից մի քանիսը՝ նախանձը քաղաքակրթւած հայ ազգի նկատմամբ, հայերի ինչքը իւրացնելու մտադրութիւնը. «…Իթթիհադականները սարսափելի հարւած հասցրեցին արդյունաբերութեան, ժամանակակից զարգացման մէջ շատ առաջ գնացած այդ ազգին: Անհրաժեշտ էր յագեցնել աւազակախմբի սոված անդամներին: Պահուստային ֆոնդերը, վագոնային կողոպուտները, չարաշահումներն այլեւս չէին բաւարարում: Անհրաժեշտ էր կողոպուտի միջոցով յագեցնել չեթէի (աւազակախմբի- Մ.Ա.) ստոր խաւին: Այդպէս էլ վարւեցին, սակայն այդ կողոպուտի շահոյթը (հայ-Մ.Ա.) ազգի արիւնը, հոգին, աւելի ճիշտ գոյութիւնն արժեցաւ»:
«…Մինչդեռ հայերը այս երկրի երաժշտութեանը թուրքերի չափ, գուցէ եւ թուրքերից աւելի շատ են ծառայութիւններ մատուցել»:
Վերադառնանք Ռեֆի Ջեւադի «Ի պատասխան մի պաշտպանութեան» յօդւածին:
Յօդւածագիրը, անդրադառնալով Եոզղատի տեղահանութեան եւ կոտորածների դատական գործում գլխաւոր մեղադրեալ Մեհմեդ Քեմալի պաշտպանական ճառին, հեգնանքով գրում էր, որ ճառը յուզել էր ներկաներից մի քանիսին, նոյնիսկ դատարանին, եւ շեշտում, որ այդ արցունքները ոչ թէ դատարանում, այլ՝ Ցեղասպանութեան ժամանակ պիտի թափւած լինէին. «Երէկւայ մամուլում հրապարակւեց Եոզղատի տեղահանութեան եւ կոտորածների գործով գլխաւոր մեղադրեալ Քեմալի պաշտպանական ճառը: «Զաման» օրաթերթը այդ պաշտպանական ճառին իր գլխաւոր սիւնակը յատկացնելուց յետոյ, չի մոռանում նաեւ յատուկ մի մասում 24 տպատառով արձանագրել թափւած արցունքները:
Քեմալ բէյի ոճրագործութիւնը դատարանի համար հաստատւած հանգամանք է: Դատավճիռը դեռեւս չի հաղորդւել: Չգիտենք էլ, թէ ինչ դատավճիռ կը կայացւի: Շատ հաւանական է, որ վկաների ցուցմունքներում առկայ հակասութիւնների պատճառով Քեմալն ու նրա յանցակիցներն օձիքներն ազատեն փոքրիկ մի պատժով: Կամ էլ այդ պատիժը կարող է մարմնաւորւել կախաղանների վրայ նոր դիակների տեսքով, կախաղաններ, որոնց ժողովուրդը, արդէն տասը տարի է, ինչ վարժւել է: Դրանից առաւել մեր ուշադրութիւնը գրաւեց այն հանգամանքը, որ Քեմալ բեյի պաշտպանական ճառը վշտացրեց ունկնդիրներին, միգուցէ նաեւ՝ դատարանին:
Համարեա շատ քիչ ժամանակահատւածում մեղադրեալից դատապարտեալի վերածւած տւեալ անձնաւորութեան՝ մարդ լինելու հանգամանքն ի նկատի ունենալիս, բնականաբար, մենք էլ ենք տխրում: Բացի այդ՝ ընտանիքներ, կործանւած օջախներ, շրջւած աշխարհ…
Սակայն այդ ոճիրների արդիւնքում ստեղծւած այսօրւայ իրադրութեանն ի տես՝ զգում ենք խղճահարութեան տնքոցները չլսելու անհրաժեշտութիւնը:
…Քեմալ բէյի պաշտպանական ճառն ունկնդրած ներկաներից շատերն արտասւեցին: Թերեւս դատարանն էլ ինչ-որ չափով զգացւեց: Ինչ վերաբերում է մեզ, մենք այդ վիշտը չզգացինք:
Կարթագենի կործանման համար ողբացող բնակչութեան երեսին ծիծաղած Հաննիբալն ասել էր. «Ժամանակին շատ եմ ողբացել»: Մենք նոյնպէս շատ, այնքան շատ ենք ողբացել, որ այսօր գնդացրի տրաքոցի պէս պայթող աղետալի տեսարանների առաջ մեր աչքերը չեն խոնաւանում:
Նման աղետալի տեսարանի մէկ ուրիշ անգամ էլ եմ հանդիպել. երբ դուրս էինք գալիս Հաւզայից, հանդիպեցինք գաղթականների մի քարաւանի: Երկանիւ սայլեր լցւած այդ խեղճ մարդիկ տեղափոխւում էին ժանդարմների՝ ատրճանակի պէս շառաչող մտրակների ուղեկցութեամբ:
Մի պատանի, սարսափելի նեարդային ջղաձգութիւնների մէջ ցնցւելով, իրեն սայլից ցած նետեց: Այդ անկումն այնքան անսպասելի եղաւ, որ սայլում գտնւող ծնողները չկարողացան պահել իրենց տուժած որդուն:
Ժանդարմը մօտեցաւ, մտրակով ուշքի բերեց երեխային եւ սայլը նետեց: Մի փոքր անց մէկ ուրիշ ջղաձգութիւն նոյն անկմամբ եւ նոյն «դարմանով» աւարտւեց: Այնժամ նայեցի այդ սգաւոր քարաւանին, որ մօտենում էր՝ փոշու ամպ տարածելով ընդարձակ դաշտերի վրայ, եւ այն տղայի հօրն ու մօրը. չէին լալիս, քանի որ համակերպւել էին վշտին:
…Այս արցունքները պէտք է այն ժամանակ թափւած լինէին. այդ դէպքում այսօր ո՜չ այս դատարանը կը ստեղծւէր, ո՜չ էլ երկիրն այս վիճակին կը հասնէր:
Զգացմունքային եմ գրում, քանի որ թե՛ ես, թէ՛ նա մարդ ենք»:
Պէտք է նշել, որ հայոց կոտորածների խնդիրը երբեմն նաեւ սուր վիճաբանութիւնների առիթ էր դառնում օսմանեան տարբեր օրաթերթերի միջեւ:
Ալեմդարի խմբագրի յօդւածներից տեղեկանում ենք, որ սոյն խնդրի առնչութեամբ գրաւոր վիճաբանութիւնն էր սկսւել «Հադիսաթ» («Իրադարձութիւններ») եւ «Ալեմդար» օրաթերթերի միջեւ: Այդ կապակցութեամբ Ռեֆի Ջեւադը «Ալեմդար»-ի 1919 թւականի ապրիլի 10-ի համարում տպագրւած «Ի՞նչ ենք ասում, ի՞նչ ենք ուզում» յօդւածում գրում էր. «Տեղահանութեան եւ կոտորածների դատավարութեանն առնչւող վերջին զարգացումներից յետոյ վերսկսւեցին այն վիճաբանութիւնները, որոնց տեղիք էր տւել «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան կործանումը: Նոյնիսկ բաւականին կրքոտ վիճաբանութիւն ծաւալւեց «Հադիսաթի» եւ մեր օրաթերթի միջեւ: Վիճաբանութեան ընթացքում Սուլէյման Նազիֆ բէյէֆենդին, մեզ մի փոքր անդրադառնալուց յետոյ, խնդիրը դիտարկել էր կրօնական տեսանկիւնից: Երէկւայ մեր յօդւածում մէկ տողով պատասխանել էինք «Հադիսաթ»-ի՝ մեզ ուղղւած աննշան քննադատութեանը:
Այն հանգամանքը, որ երէկ թերթերի մեծ մասն անդրադարձել էր այդ խնդրին, մեզ կրկին հրաւիրում է այդ թեմային:
Եթէ մինչեւ այժմ չենք կարողացել բացատրել մեր մտքերը, մէկ անգամ էլ դրանք կը կրկենք, եւ տեսնելով, որ խնդրին անդրադարձել ենք հիմնաւորապէս՝ կընդունեն մեր իրաւացիութիւնը»:
Այնուհետեւ «Ալեմդար»-ի խմբագիրը, կասկածի տակ առնելով կոտորածների՝ փոխադարձ լինելու մասին վարկածը, շեշտում էր, որ հայոց կոտորածները տեսել էր սեփական աչքերով եւ գրում էր որպէս ականատես. «Կրկին օրակարգում է տեղահանութեան եւ կոտորածների խնդիրը: Ասւում է՝ այն փոխադարձ է եղել: Մեր առարկութիւնը վերաբերում է նաեւ փոխադարձ եղած լինելուն:
Ասում են՝ իբր հայերը բռնարարքներ են գործադրել խաղաղ բնակիչների հանդէպ: Գրում ենք՝ ասում են, իբր, քանի որ նրանց արածը չենք տեսել մեր սեփական աչքերով: Այնինչ հայերի հանդէպ կատարւած բռնութիւնները տեսել ենք անձամբ: Քանի որ դրանք տեսել ենք մեր սեփական աչքերով, բնականաբար, այդ դէպքերն առաւել խորը տպաւորութիւն են թողել մեզ վրայ»:
Խմբագիրը սոյն յօդւածում եւս շեշտում էր ոճրագործներին ըստ արժանւոյն պատժելու անհրաժեշտութիւնը. «Ընդամէնը արդարութիւն ենք պահանջում մեր յօդւածներով: Արդարութիւն ասելով՝ ի նկատի ունենք բռնութեանը համարժէք պատիժ»:
«…Այսօր քաղաքակիրթ աշխարհն ու մարդկութիւնը չեն կարող անտարբեր մնալ պատռւած աղիքների, հանւած աչքերի, ջնջխւած ուղեղների հանդէպ:
Չի կարելի մեծ հայրենասէր համարել այդ ողբերգական տեսարանների հեղինակներին: Միակ բանը, որ պարտաւոր ենք անել, մի ողջ ժողովրդի դէպի բնաջնջում տարած մարդասպաններին պատժելն է:
…Մեր ցանկութիւնն է, որ դատարանը կոտորածների խնդիրն առաւել հիմնաւոր ու համակողմանի քննի եւ գործին սկզբունքային մօտեցում ցուցաբերի:
Այնժամ ամբոջ աշխարհին կապացուցենք մեր անկողմնակալութիւնը եւ պատւով կատարած կը լինենք մեզնից հասանելիքը»:
«Ալեմդար»-ի խմբագիրը օրաթերթի՝ 1919 թւականի ապրիլի 11-ի համարում հրապարակւած «Ծայրայեղութիւն արդարութեան մէջ. ձերբակալութիւններ, ազատ արձակումներ» յօդւածում իր տարակուսանքն էր արտայայտում այն փաստի կապակցութեամբ, որ կոտորածների մեղադրանքով ձերբակալւած անձանց մեծամասնութիւնն ազատ էր արձակւել, եւ ընգծում, որ իր կարծիքով՝ իւրաքանչիւր իթթիհադական մեղսակից էր եղել այդ ոճիրներին. «Վերջերս բազմաթիւ կալանաւորներ բերւեցին նահանգներից: Նրանց շարքերում մեծ էր նաեւ այն անձանց թիւը, որոնք առնչւել էին «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեանը:
Մեծ զարմանքով տեսանք, որ այդ մարդիկ յաջորդ օրն իսկ ազատ արձակւեցին: Բնականաբար, այդ ձերբակալութիւնները չէին կատարւել որեւէ նահանգի պաշտօնեայի անձնական քմահաճոյքով: Դրանք, անշուշտ, կատարւել էին՝ աւելի իրաւասու պաշտօնեայից ստացւած հրահանգի հիման վրայ: Այդ ձերբակալւած անձանց մեծ մասը յայտնի է որպէս «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեանը յարող: Այդ դէպքում ինչո՞ւ ազատ արձակւեցին: Այստեղ հարց է ծագում. արդեօ՞ք իւրաքանչիւր իթթիհադական պէտք է կալանաւորւի: Այդ հարցին անվարան կերպով հետեւեալ պատասխանն ենք տալու՝ այո՛, իւրաքանչիւր իթթիհադական պէտք է ձերբակալւի»:
Նոյն յօդւածում «Ալեմդար»-ի խմբագիրը, նկատի ունենալով այն, որ հայոց կոտորածները կրել էին ոչ թէ մասնակի, այլ համատարած բնոյթ, առաջարկում էր այդ գործով կազմակերպել ընդհանուր դատավարութիւն, որը կանցնէր Օսմանեան կայսրութեան տարբեր հպատակներից բաղկացած յանձնաժողովի հսկողութեան ներքոյ. «Ըստ էութեան, քանի որ յանցագործները հիմնականում մեղսակից են եղել միմեանց, ապա առանձին-առանձին դատական պրոցեսների կազմակերպումն աւելորդ հոգս է:
Կարելի է նոյն յանցագործութեան համար մեղաւորներին միասին դատել, (Օսմանեան կայսրութեան-Մ.Ա.) տարբեր հպատակներից կազմել յանձնաժողով, եւ յանձնաժողովի «մեղաւոր է» կամ «մեղաւոր չէ» խօսքերից յետոյ անմիջապէս դատավճիռ կայացնել:
Այդ կերպ լիովին բաւարարւած կը լինի թէ՛ եւրոպական, եւ թէ՛ օսմանեան հասարակայնութիւնը»:
Ռեֆի Ջեւադն այդ յօդւածն աւարտում էր հետեւեալ խօսքերով. «Եթէ ծայրայեղութիւնների մէջ ընկնելու լինենք, այդ չափազանցութիւնը ցուցաբերենք այս խեղճ հայրենիքը կորստեան մատնած անձանց պատժելու գործում:
Եւ թէ՝ արագ կերպով»:
Այսպիսով, «Ալեմդար» օրաթերթի խմբագիր Ռեֆի Ջեւադ Ուլունայի յօդւածաշարում բերւած վկայութիւնները մէկ անգամ եւս ապացուցում են, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանեան կայսրութիւնում հայ ազգի դէմ ուղղւած գործողութիւնները՝ հալածանքներն ու կոտորածները, կանխամտածւել, նախապատրաստւել եւ հրահանգւել են իթթիհադական կառավարութեան կողմից, դրանք կրել են ոչ թէ տեղական կամ մասնակի, այլ համատարած բնոյթ: Ռեֆի Ջեւադն իր յօդւածներում շեշտում էր երիտթուրքական կառավարութեան՝ հայ ազգին մինչեւ վերջին շունչը բնաջնջելու մտադրութիւնը, ընդգծում՝ հայ ազգի կործանումը, մտայղացողի ու իրականացնողի միասնական լինելը, կարեւորում՝ Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր պատասխանատուներին՝ հեղինակներին, անմիջապէս պատժելու անհրաժեշտութիւնը: Թուրք մտաւորականը գրում էր, որ զանգւածային կոտորածներն ապացոյցների կարիք չէին զգում. դրանք այն յանցագործութիւններն էին, որոնք ե՛ւ յայտնի էին, ե՛ւ ապացուցւած, ե՛ւ հաստատւած: Ռեֆի Ջեւադն ափսոսանքով էր գրում, որ հայոց տեղահաննութիւնն ու կոտորածները քննելու եւ դատապարտելու շարժառիթ էր հանդիսացել ոչ թէ արդարամտութիւնը, մի ամբողջ ազգի բնաջնջման ցաւը, այլ ընդամէնը՝ Եւրոպայի աչքում արդարադատ երեւալու ցանկութիւնը: «Ալեմդար» օրաթերթի խմբագիրը մատնանշում էր քաղաքակրթւած հայ ազգի՝ Օսմանեան կայսրութեան զարգացմանը բերած նպաստը, Հայոց Ցեղասպանութեան պատճառներից մէկը՝ հայ ժողովրդի ունեցւածքը կողոպտելու եւ իւրացնելու ցանկութիւնը: Ռեֆի Ջեւադ Ուլունայը նաեւ կասկածում էր կոտորածների երկկողմանի լինելը, գրում, որ հայ ազգի ողբերգութիւնը տեսել էր անձամբ: Քանի որ Ռեֆի Ջեւադը, մտաւորական լինելով հանդերձ, նաեւ հայոց կոտորածների անմիջական ականատեսն էր, նրա վկայութիւնները կրկնակի արժէք են ձեռք բերում:
Եւ հէնց իր՝ «Ալեմդար» օրաթերթի խմբագիր Ռեֆի Ջեւադ Ուլունայի խօսքերով ասած՝ եթէ անգամ վերոնշեալ վկայութիւնները չարձանագրւեցին էլ օսմանեան ռազմական արտակարգ ատեանի կողմից, դրանք արձանագրեց պատմութիւնը: