Հայ Դատ

Հայ Դատը դատապարտում է Բաքւի դէմ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրութիւնը

ՎԱՇԻՆԳՏՈՆ – Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտել է Թրամփի վարչակազմի կողմից տրւած ազդանշանը՝ Բաքւի դէմ պատժամիջոցներ հաստատող որոշումը շրջանցելու կապակցութեամբ, որը ճանապարհ է բացում Բաքւի համար ամերիկեան օժանդակութիւններն ստանալու համար:

«Նախագահ Թրամփը շարունակում է անտեսել «Առաջնայինը Ամերիկան» (America First) խոստումը՝ կանաչ լոյս վառելով Ադրբեջանին տրամադրւող արտաքին օժանդակութիւնների համար եւ ամերիկացի հարկատուների գումարները նւիրելով նաւթով հարուստ ցեղասպան բռնապետութեանը: Վարչակարգ, որը շարունակում է պատանդ պահել հայերի, հայկական տարածքները պահում բռնագրաււած, քրիստոնէական եկեղեցիներ է քանդում եւ արգիլում է տեղահանւածների Արցախ վերադարձը», նշել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

«Ադրբեջանի իշխող Ալիեւ ընտանիքին, որի հարստութիւնը տասնեակ միլիարդ դոլարների է հասնում,  ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ արժանի է ամերիկացի ժողովուրդի առատաձեռնութեանը», եզրափակել է Համբարեանը:

Հայ Դատը զօրակցում է ARMENIA Security Partnership Act (H.R. 6840) բանաձեւին, որը ներկայացւած է կոնգրեսականներ Քաս Պիլիրաքիսի (Հ․, Ֆլորիդա) եւ Ֆրենք Փալոնի (Դ․, Նիւ Ջերսի) կողմից: Բանաձեւն արգիլում է նախագահին շրջանցել նշեալ պատժամիջոցները այն քան ժամանակ, երբ Ադրբեջանը դուրս չի բերել իր ուժերը հայկական տարածքներից, ազատ չի արձակել բոլոր հայ պատանդներին, չի դադարեցրել Հայաստանի նկատմամբ թշնամանքը եւ չի ճանաչել Արցախից բռնի տեղահանւած հայերի վերադարձի իրաւունքը:

Յայտարարութեան մէջ Հայ Դատի յանձնախումբն ամերիկահայերին յորդորել է այցելել կայքը՝ պահանջելու իրենց կոնգրեսականներից՝ դառնալ H.R.6840-ի համահովանաւոր:

Related Articles

Back to top button