Հայ Դատ

Երեւանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամաւորների եւ ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը

Երեւանում սեպտեմբերի 25-ից 28-ը գումարւեց ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների Համահայկական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի եզրափակիչ օրւան սեպտեմբերի 28-ին Երեւանում՝ Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութեան շէնքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամաւորների եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենեակների ու յանձնախմբերի ներկայացուցիչների միջեւ։ Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Արցախի պետական նախարարը եւ Մարդու իրաւունքների պաշտպանը։

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցը կարեւորել է Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների ծաւալած աշխատանքը։ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանն իր հերթին ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ կառոյցի գործունէութեան առանցքում, եւ այդ ուղղութեամբ հետեւողական աշխատանքները կրում են երկարաժամկէտ ու անփոփոխ բնոյթ։ Նա նաեւ մատնանշել է Արցախի պետական կառոյցների պահպանման անհրաժեշտութիւնը։

  • Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարութիւնն ու մատնանշել հետեւեալ թիրախային ուղղութիւնները.
  • Հաւաքական վերադարձի իրաւունք. Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութիւն, այդ թւում՝ միջազգային յուսալի երաշխիքների առկայութեամբ հաւաքական վերադարձի իրաւունքի իրացում։
  • Գերիների ազատ արձակում. Ադրբեջանում պահւող հայազգի գերիների եւ պատանդների շուտափոյթ ազատ արձակման հարցի առաջմղում։
  • Մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն. Արցախի մշակութային ու պատմական ժառանգութեան պահպանութիւն եւ Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացման քաղաքականութեան հակազդում։
  • Սոցիալ-կրթական աջակցութիւն. Բռնի տեղահանւած արցախցիներին կենցաղային, սոցիալական եւ կրթական աջակցութեան ցուցաբերման մեխանիզմների ընդլայնում։

Քննարկման աւարտին կողմերը կարեւորել են համատեղ ջանքերի շարունակականութիւնն ու փոխգործակցութիւնը։ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր-Գէորգեանը վերահաստատել է Արցախի իշխանութիւնների դերակատարութիւնը եւ ընդգծել նմանօրինակ հանդիպումների նշանակութիւնը՝ առաջիկայ աշխատանքներն առաւել արդիւնաւէտ համակարգելու գործում։

Related Articles

Back to top button