Հայաստան - ԱրցախՀարցազրոյց

Հերմինէ Աւագեան. «Մեր ներսում դէպի Արցախ տանող ճանապարհը պիտի միշտ բաց լինի»

Արցախը հայութեան հոգեւոր-մշակութային ոստանն է

Հերմինէ Արմէնի Աւագեանը ծնւել է 1989 թւականի յունւարի 1-ին` Արցախի Հանրապետութեան Մարտունու շրջանի Աշան գիւղում։ Յաճախել է Աշանի միջնակարգ դպրոցը։
2005 թւականին ընդունւել է Արցախի Պետական համալսարանի լրագրութիւն բաժինը։ Ուսումն աւարտելուց յետոյ ընդունւել է նոյն բաժնի մագիստրատուրան։
2006 թւականին աշխատանքի է ընդունւել «Ապառաժ» պաշտօնաթերթում՝ որպէս թղթակից։
2014 թւականին նշանակւել է «Ապառաժ» թերթի խմբագիր եւ Aparaj.am կայքի պատասխանատու։
2018 թւականից առ այսօր հանդիսանում է «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէնը։
2020 թւականին աշխատանքի է ընդունւել Արցախի Պետական համալսարանի լրագրութիւն բաժնում որպէս դասախօս։
Հանդիսանում է Կանադայի «Գրական հորիզոն» թերթի խմբագրական խորհրդի անդամ։
2018 թւականին լոյս է տեսել պատմւածքների առաջին գիրքը՝ «Պատերազմ…Աչքեր…Ծաղիկներ…»: Գրքի հիման վրայ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում հեղինակի սցենարով բեմադրւել է «Լուսաբացից առաջ» ներկայացումը, որը ներկայացւել է ՀՀ-ում կազմակերպւող ամենամեայ «Արտաւազդ» թատերական փառատօնին եւ արժանացել ժիւրիի յատուկ մրցանակին՝ Արցախեան ազատամարտը ըստ արժանւոյն ներկայացնելու համար:
2020 թւականին սեպտեմբերին լոյս է տեսել պատմւածքների երկրորդ գիրքը՝ «Վազում եմ, սպասի՜ր»: Գիրքն արժանացել է Կանադայի «Նագգաշեան» գրական մրցանակին:
2022 թւականին լոյս է տեսել հեղինակի երրորդ գիրքը՝ «Օրացոյցից պոկւած օրեր», որը նրա բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն է:
Արցախի գրողների միութեան անդամ է։
Ամուսնացած է, ունի երեք որդի։

Տիկին Աւագեան, ինչպէ՞ս սկսեցիք՝ ե՛ւ որպէս ազգայինհասարակական գործիչ ե՛ւ որպէս գրող: Ինչպէ՞ս ձեւաւորւեց ստեղծագործական Ձեր դաւանանքը:

– Նախ շնորհակալ եմ ինձ հարազատ «ԱԼԻՔ»-ին հարցազրոյցի հրաւէրի համար, միշտ հաճելի է «ԱԼԻՔ»-ի հետ զրուցելը։ Հին ու լաւ ընկերներ ենք… Հիմա անդրադառնամ հարցին։ Պիտի ամենայն անկեղծութեամբ խոստովանեմ, որ երբեք ինձ արժանի չեմ համարել այն բարձր որակումները, որով Դուք Ձեր հարցի մէջ բնորոշեցիք ինձ, փոխաբերական իմաստով ասած՝ դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեմ «գործիչ» կոչւելու համար։ Սա չի նշանակում, որ ինքս ինձ թերագնահատում եմ, սա նշանակում է, որ անցնելու, գործելու, հասնելու երկար ճանապարհ ունեմ, ու գուցէ այդ ճանապարհին մի օր արժանի լինեմ այդ բարձր բնորոշումներին, չգիտեմ։ Հիմա պարզապէս ձգտում եմ մարդ մնալ, չկորցնել մարդկային արժանիքներս, փոխանցել դրանք իմ զաւակներին։ Պարզապէս փորձում եմ ապրել որպէս արժանապատիւ հայ դեռեւս այսքանը այդ մասին…: Գրող կոչւելու մասով էլ պիտի Ձեզ «հիասթափեցնեմ»՝ ամէն օր պէտք է պայքարել, ինքնակրթւել, աճել ու աճել, որպէսզի այդ կոչմանը արժանանաս, մեր օրերում բոլորը գրում են, գիրք գրելը մոդայիկ ու հեշտ է դարձել, բայց, որ ամենացաւալին է՝ բոլորն իրենց կայացած գրող են համարում, այնինչ շատերը ընդամէնը տեղում դոփում են եւ ուղղակի խզբզում են՝ կարծելով, թէ գոհարներ են ստեղծում: Ես կարծում եմ, որ երիտասարդ գրողը պէտք է անընդհատ կարդայ, կրթւի, կատարելագործւի, ոչ թէ մէկ-երկու ստեղծագործութիւն գրելուց յետոյ գրող հռչակի իրեն: Այս տարիներին երեք գիրք եմ գրել ու բազմաթիւ ստեղծագործութիւններ են ծնունդ առել, բայց ես դրանցից ոչ մէկն էլ գլուխգործոց չեմ համարում, դա պէտք է ընթերցողն ու ժամանակը գնահատեն: Կարծում եմ՝ իմ լաւագոյն ստեղծագործութիւնն ու լաւագոյն գիրքը դեռ ճանապարհին են ու եթէ մի օր տեղ հասնեն, ուրեմն իզուր չէր այս ընտրած ճանապարհս։ Չգիտեմ ամենալաւ ստեղծագործութիւնս ինչի մասին է լինելու, բայց տայ Աստւած, որ դա խաղաղութեան մասին լինի…

Ոմանց, կամ կարծում եմ իւրաքանչիւր սրտցաւ հայի մօտ վստահ համոզմունք կայ, որ երկրների ու բանակների պարտութիւններից առաջ մշակոյթն է պարտւում: Ինչո՞ւ պարտւեց հայկական մշակոյթը՝ որոնք եղան նաեւ մեր պարտութեան պատճառները

– Մշակոյթների պարտութիւնն է տւեալ երկրի աղէտների պատճառը։ Մշակոյթը իւրաքանչիւր երկրի դիմագիծն է, նրա այցեքարտն աշխարհում։ Եթէ երկիրը կորցնում է իր դիմագիծը, ապա դրան յաջորդում են միւս բոլոր պարտութիւնները։ Եթէ քաղաքացին տէր չէ իր մշակութային արժէքներին, ապա նա ոչ լաւ ուսուցիչ կարող է դառնալ, ոչ լաւ դիւանագէտ, ոչ լաւ ղեկավար, ոչ էլ լաւ գեներալ։ Մշակոյթն է սնուցում երկիրը, այն երկրի գլխաւոր զարկերակն է, ուստի եթէ այդ զարկերակը դադարում է սնուցել, մարմինը կամաց-կամաց մահանում է։ Մենք սկսեցինք պարտւել այն ժամանակ, երբ թոյլ տւեցինք ու շարունակում ենք թոյլ տալ, որ օտարածին բարքերը աղաւաղեն մեր ազգային մշակոյթն ու ազգային արժէքները, խեղեն մեր արժէքները, անցեալը, պատմութիւնը: Մենք պարտւեցինք այն ժամանակ, երբ հոգու սովը կերաւ մեր ներսը, ինչպէս յայտնի գրողը կասէր՝ «սկսեցինք քաղցել ճոխ սեղանի քով»: Այդ հողի վրայ էլ խամաճիկները գլուխ բարձրացրին ու տէր դարձան։ Մենք մոռացանք մեզ, հեռացանք ինքներս մեզնից, Մենք-ը պարտւեց Ես-ին, ու անարժանները սկսեցին թելադրող դառնալ։ Մենք հոգով ամուր չէինք, այլապէս ոչ մի բան ու ոչ ոք մեզ չէր կոտրի։ Հիմա հոգու սով է ու հոգու սովը կրծում է մեր երկիրը սնուցող զարկերակը․պէտք է փրկւել ու փրկել…

Բազում մարդկանց համոզմամբ արւեստը հայրենիք չունի, բայց առանց հայրենիքի գոյութեան արւեստը գոյատեւել չի կարող։ Ի՞նչ կարծիքի էք այդ մասին:

– Կարծում եմ՝ աշխարհում ամէն ինչ իր սկիզբն ու ակունքն ունի, ուստի արւեստն էլ իրեն սնող սկիզբն ունի, այլ է հարցը, երբ այն այնքան է բարձրանում, որ համամարդկային արժէք է դառնում։ Իւրաքանչիւր աշխարհահռչակ արւեստագէտ, առաջին հերթին, իր երկրինն է, այն հողինը, որի վրայ առաջին անգամ կանգնել է, առաջին քայլերն է արել… Առանց հայրենիքի արւեստ ստեղծւել չի կարող եւ հակառակը՝ հայրենիքները առանց արւեստի չեն կարող ապրել… Արւեստը յաւիտենական արժէք ունի, յաւիտենութիւնն է արտայայտում։ Ստեղծել բարձր մշակոյթ՝ նշանակում է հայրենիքն օժտել եթէ ոչ յաւերժութեամբ, ապա գոնէ յաւերժութեան իր ձգտման մէջ՝ հզօրութեամբ։ Սա ես չեմ ասել, Սարեանի խօսքերն են…

Արցախը լքած արւեստագէտը, մշակութային գործիչը, անհատը, արցախցին, ինչպէ՞ս է կարող գտնել ներքին զօրութիւնը, որպէսզի շարունակի, որպէսզի Արցախի մշակոյթը եւս չկորչի: Ի՞նչ քայլերով է կարող Սփիւռքը նպաստել այս գործընթացի իրականացմանը:

– Արցախը բռնի ու ստիպողաբար լքած, բռնագաղթած արւեստագէտը, մշակութային գործիչը եւ առհասարակ իւրաքանչիւր արցախցի այլեւս նոյն մարդը չէ․նա այնտեղ է թողել իր արմատը, իր հոգեւոր աշխարհը, իր ներշնչանքը, իր զրոյցները հարազատ լեռների, դաշտերի, ամէն մի քարի ու թփի հետ․ այդ զրոյցները ստեղծագործութեան էին վերածւում… Մենք կիսատ ենք մնացել, մեզ պոկել են մեր արմատից, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի վերանանք, ծիլ չտանք… Հիմա, առաւել քան երբեւէ, պէտք է կառչենք Մայր Հայաստանի հողին, պէտք է չթողնենք, որ մեզ այստեղից էլ պոկեն… Ամուր յենւել ու կանգնել է պէտք, Հայաստան ու Սփիւռք իրար թեւ-թիկունք կանգնել է պէտք, միասնութիւն է պէտք, որպէսզի նախ Հայաստանը պահենք, ապա մի օր կարողանանք յետ գնալ ու նորից ջրել մեր Հայրենիքի արմատը… Այդ օրը գալու է, եթէ ազգովի ու միասնաբար պայքարենք այդ օրւայ համար…

Ձեր ստեղծագործութիւններում խորը սէր կայ հայրենիքի, արւեստի նկատմամբ, Արցախը Ձեր ստեղծած արւեստի մի խոշոր մասն է, հայրենասիրութիւնը արտայայտում էք, որպէս հոգեւոր վերադարձ դէպի Արցախ, դէպի մարդ, դէպի ինքդ քեզ, այդ իրականութեան չգոյութիւնը, ցաւը, Ձեզ չի՞ խանգարում առօրեայ կեանքում:

– Ցաւը, ունայնութիւնը, մենութիւնը ամէն օր քնում եւ արթնանում են ինձ հետ, բայց փորձում եմ չչարանալ ցաւի դէմ, փորձում եմ ցաւն ու դատարկութիւնը լցնել անխոնջ աշխատանքով, փորձում եմ թոյլ չտալ, որ ունայնութիւնն ուտի ներսս եւ չարութիւնը ծլի, տանի այն գեղեցիկը, որ դեռ կայ… Գեղեցիկից կառչել ու դրանով փրկւել է պէտք… Ցաւը ամրացնում է նոյնիսկ ամենափխրուն հոգիները, դու հասկանում ես, որ իրաւունք չունես պարտւելու որպէս մարդ, դու պիտի ապրես իրականութեան հետ երես առ երես, բայց պիտի ամէն օր պայքարես այդ իրականութիւնը փոխելու համար… Չգիտեմ ինձ մօտ ինչքանով է դա ստացւում, բայց ես չեմ հրաժարւում իմ բաժին պայքարից…

Հայ մեծագոյն գեղանկարիչ Մարտիրոս Սարեանի խօսքերին դառնալով՝ «Ստեղծել բարձր մշակոյթ՝ նշանակում է հայրենիքն օժտել եթէ ոչ յաւերժութեամբ, ապա գոնէ յաւերժութեան իր ձգտման մէջ՝ հզօրութեամբ»: Ինչպիսի՞ քայլեր կարող ենք կատարել՝ մշակոյթի ապագայի համար, նկատի ունեմ այն, որ հայկական մշակոյթի ասելիքն այսօր ի՞նչ դրսեւորումներ պէտք է ունենայ, որպէսզի շարունակական լինի այդ ձգտումները:

– Արցախը պիտի շարունակի ապրել իւրաքանչիւր հայի ներսում եւ այդ պարագայում կարեւոր չէ, թէ ով է փակել դէպի Արցախ տանող ճանապարհը, մեր ներսում դէպի Արցախ տանող ճանապարհը պիտի միշտ բաց լինի։ Այն օրը, երբ մենք մեր ներսում դադարենք Արցախ ունենալ, այդ ժամանակ էլ վերջնականապէս կը պարտւենք, կը թերթենք վերջին էջը: Արցախը հայութեան հոգեւոր-մշակութային ոստանն է, գեղեցիկի ու լաւի ակունքը, առանց որի դժւար է գոյատեւել։ Մշակոյթը հոգեւոր լայն աշխարհ է, այդ աշխարհը պիտի հնարաւորինս մաքուր պահել, այդտեղից է սկսւելու փրկութիւնը՝ մեր ներսից…

Ձեր ստեղծագործութիւններից մէկում, որը անւանում էք Շուշի, ասում էք՝ «բառերը լռութեան մէջ են գեղեցիկ, հիմա սէրը հրաժարւում է բառերից, հիմա սէրը ասում է՝ եկէք, գրկէք ինձ ու պահէք: Ես գալիս եմ քեզ մօտ հաւատով, որովհետեւ բոլոր ճամբաները կորցրել եմ, եւ դա միակ ճամբան է, որ ոչ ոք աւերել չի կարող․․․ Գալիս եմ՝ նայեմ աչքերիդ, թողնեմ աչքերս աչքերիդ մէջ, որ արեւածագին արթնանանք միասին՝ իրար պինդ գրկած․․․», այնքա՜ն հոգուն դիպչող տողեր են: Կը լինի՞ այդ արեւածագը:

– Անշուշտ, լինելու է, որովհետեւ աշխարհում յաւիտենական խաւար գոյութիւն չունի, խաւարին միշտ յաջորդում է լոյսը, արեւագալը։ Երկար գիշերներ լինում են, բայց յարատեւ գիշերներ՝ ոչ, որովհետեւ արեւը, թէկուզ եօթը սարի յետեւից, բայց միեւնոյն է ծագում է …

– Շնորհակալ եմ:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button