Անւանւել է 2025 թւականի ամենամեծ սպառնալիքը
«ԱԼԻՔ» – Համաշխարհային տնտեսական ֆորումը հանդիսանում է Դաւոսի տարեկան հանդիպման եւ բազմաթիւ այլ նախագծերի հիմքում ընկած միջազգային վերլուծական կենտրոնը: Արդէն երկու տասնամեակ նա հրապարակում է իր Գլոբալ ռիսկերի զեկոյցը, որում նկարագրւում են մոլորակի ամենամեծ ռիսկերը՝ ինչպէս կարճաժամկէտ, այնպէս էլ երկարաժամկէտ հեռանկարում։ Այս մասին յայտնում է IFLScience-ը։
Ամենամեծ սպառնալիքն այս տարի անւանւել է «պետական մակարդակով զինւած հակամարտութիւնը»։ Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ գրեթէ իւրաքանչիւր չորրորդ հարցւողն ընտրել է այս սպառնալիքը՝ որպէս հետազօտողների առաջարկած 33 տարբերակներից ամենահաւանականը։ Նշենք, որ անցեալ տարի զինւած հակամարտութեան ռիսկերը գտնւում էին միայն 8-րդ տեղում, սակայն այս տարի այդ սպառնալիքի դիրքերը լրջօրէն բարձրացել են։ Միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ հեռանկարում յաջորդ մի քանի տարիների ընթացքում զինւած բախումների ռիսկը զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ տասնամեակի կտրւածքով՝ 12-րդ տեղը։
Փորձագէտները նշում են մի շարք յարակից ռիսկեր, ներառեալ կիբերլրտեսութիւնը, պատերազմները եւ ապատեղեկատւութիւնը: Սակայն զեկոյցում ընդգծւած հիմնական մտահոգութիւնը խաղաղութեան պահպանմանն ուղղւած միջազգային ջանքերի բացակայութիւնն է։ Պարզ ասած, փորձագէտները մտավախութիւն ունեն, որ ապագայում աշխարհը կը դիմի պատերազմի վարման էլ աւելի դաժան ոճի:
Եթէ մարդկութեանը այնուամենայնիւ յաջողւի գոյատեւել յաջորդ 12 ամիսներին, ի՞նչ է սպասւում մեզ ապագայում: Հետազօտողները նշում են, որ այս դէպքում կլիմայի փոփոխութիւնը կը դառնայ հիմնական սպառնալիքը ամբողջ աշխարհի համար։