Այլ

Չորս սննդարար նիւթերի պակասը կարող է քրոնիկ ցաւ առաջացնել

Արիզոնայի Առողջապահութեան համալսարանի գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի, B12-ի, ֆոլաթթւի եւ մագնեզիումի պակասը կարող է կապւած լինել քրոնիկ ցաւի բարձր ռիսկի հետ։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «Pain Practice» ամսագրում։

Ուսումնասիրութեան ընթացքում օգտագործւել է ԱՄՆ Առողջապահութեան Ազգային ինստիտուտների (NIH) «All of Us» տւեալների բազայից ստացւած տեղեկատւութիւն, որը տեղեկատւութիւն է պարունակել հիւանդների առողջական վիճակի մասին։ Ծրագիրը ստեղծւել է 2015 թւականին՝ կամաւորներից գենետիկական եւ բժշկական տւեալներ հաւաքելու համար, ինչպէս նաեւ բժշկութեան մէջ բեկումնային զարգացումներն արագացնելու նպատակով։

Փորձարկւողներին բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբում ընդգրկւել են այն մարդիկ, ովքեր չեն տառապում մշտական ցաւից, իսկ երկրորդ եւ երրորդ խմբերում՝ չափաւոր եւ ծանր քրոնիկ ցաւ ունեցող մասնակիցները։ Ի տարբերութիւն սուր ցաւի, որը սովորաբար առաջանում է վնասւածքի կամ հիւանդութեան հետեւանքով եւ նւազում է ապաքինւելիս՝ քրոնիկ ցաւը կարող է պահպանւել ամիսներ կամ նոյնիսկ տարիներ։

Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ քրոնիկ ցաւ ունեցող մարդկանց մօտ զգալիօրէն աւելի յաճախ են հանդիպում վիտամին D-ի, B12-ի, ֆոլաթթւի եւ մագնէզիումի դեֆիցիտները։ Ընդ որում, օրգանիզմում այս սննդանիւթերի մակարդակի նւազումը փոխկապակցւած է եղել ցաւի ուժեղացման հետ։ Գիտնականները նաեւ պարզել են, որ քրոնիկ ցաւի եւ տղամարդկանց մօտ վիտամին C-ի ցածր մակարդակի միջեւ նոյնպէս կապ կայ։

Հետազօտութեան հեղինակները նշում են, որ ուսումնասիրութիւնը չի արտացոլում պատճառահետեւանքային կապ այս երկու երեւոյթների միջեւ։ Սակայն նոր տւեալները կարող են հիմք դառնալ քրոնիկ ցաւի ոչ դեղորայքային բուժման մեթոդների մշակման համար, օրինակ՝ դիետայի միջոցով։ Գիտնականները ենթադրում են, որ միկրոտարրերի հաւասարակշռութեան բարելաւումը ժամանակի ընթացքում կարող է օգնել նւազեցնել ցաւի արտայայտւածութիւնը եւ ցաւազրկող դեղամիջոցների անհրաժեշտութիւնը։

News.am

Related Articles

Back to top button