Գիտնականներն աուտիզմի բուժման նոր դեղամիջոց են ստեղծել

Սթենֆորդի բժշկական համալսարանի հետազօտողները բեկումնային յայտնագործութիւն են կատարել աուտիզմի բուժման մէջ։ Ինչպէս գրում է DailyMail-ը, նրանք յայտնաբերել են նոր դեղամիջոց, որը մէկ դեղաչափով հակադարձում է աուտիզմի ախտանիշները։
Նոր հետազօտութեան համաձայն՝ աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող մկների վրայ ուսումնասիրութիւնների արդիւնքում գիտնականները պարզել են, որ թալամուսի ցանցանման կորիզի գերակտիւութիւնը, որը պատասխանատու է զգայական տեղեկատւութեան մշակման համար, կապւած է աուտիկ վարքի հետ։
Ուսումնասիրութեան շրջանակում մկներին ներարկել են Z944 դեղամիջոցը, որը նաեւ յայտնի է որպէս ulixacaltamide։ Այս դեղամիջոցն օգտագործւում է որպէս էպիլեպսիայի հնարաւոր բուժման միջոց, որի ժամանակ նկատւում է ցնցումային համախտանիշ։ Արդիւնքները տպաւորիչ են եղել. դեղամիջոցի ներարկումը ճնշել է ուղեղի այդ հատւածի ակտիւութիւնը՝ դրանով իսկ վերացնելով աուտիզմի ախտանիշները։
Յօդւածում նշւում է, որ «գիտնականները պարզել են, որ մկներին դեղամիջոցի մէկ ներարկումը վերացնում է աուտիզմի հետ կապւած ախտանիշները, ներառեալ՝ լոյսի եւ ձայնի նկատմամբ բարձր զգայունութիւնը, ինքնախթանումը, կրկնւող վարքագիծը, սոցիալական խնդիրները եւ ցնցումների բարձր ռիսկը»։
Հետազօտութեան արդիւնքները ցոյց են տալիս, որ էպիլեպսիան եւ աուտիզմը վերահսկող ուղեղի գործընթացները կարող են միատեղւել, ինչը բացատրում է, թէ ինչու են աուտիզմով մարդիկ աւելի յաճախ տառապում ցնցումներով։
Ենթադրւում է, որ աուտիզմով մարդիկ 30 անգամ աւելի հաւանական է, որ կը տառապեն էպիլեպսիայով, քան ընդհանուր բնակչութիւնը։ Ժամանակի ընթացքում դա կարող է վատթարացնել ճանաչողական գործառոյթները եւ յանգեցնել խօսքի ու սոցիալական հմտութիւնների յետընթացի։
Հետազօտողները նշել են, որ Z944-ը կարող է օգտագործւել ինչպէս աուտիզմի, այնպէս էլ էպիլեպսիայի բուժման համար։ Սակայն դեղամիջոցը դեռեւս հասանելի չէ լայն կիրառման համար եւ դեռեւս անցնում է կլինիկական փորձարկումներ։ Բացի այդ, պարզ չէ, թէ ինչպիսին կը լինեն դրա ազդեցութիւնները մարդու վրայ։
News.am



