Շաքար պարունակող ըմպելիքների չափազանց օգտագործումը բարձրացնում է մազաթափութեան վտանգը

Nutrition and Health բժշկագիտական հանդէսում հրապարակւած նոր համակարգւած ակնարկը համատեղել է 17 հետազօտութիւնների արդիւնքներն՝ ընդհանուր առմամբ աւելի քան 61 հազար 332 մասնակիցների մասնակցութեամբ։ Այն պարզել է, որ շաքարային ըմպելիքների չափազանց օգտագործումը (շաբաթական աւելի քան 3500 մլ) բարձրացնում է մազաթափութեան վտանգը, յատկապէս տղամարդկանց շրջանում։ Միեւնոյն ժամանակ, բացասական կապ է յայտնաբերւել օրգանիզմում D վիտամինի մակարդակի եւ ալոպէցիայի բարդութեան միջեւ. D վիտամինի ցածր մակարդակն աւելի է բարձրացնում մազաթափութեան վտանգը։ Արձանագրւել է նաեւ երկաթի օգտակարութիւնը՝ յատկապէս կանանց շրջանում. հետազօտութիւններից մէկում երկաթի յաւելումները նոյնացւել է մազերի աճի բարելաւման հետ։
Առողջ մազերին նպաստող լրացուցիչ գործօններից են սպիտակուցի բաւարար ընդունումը, սոյայի արտադրանքը եւ խաչածաղկաւոր բանջարեղէնը (օրինակ՝ բրոկկոլին, կաղամբը), թէեւ սոյայի ազդեցութիւնը վիճակագրօրէն նշանակալի չէր։ Կլինիկական փորձարկումներում կանաչ թէյի եւ խուրմայի տերեւների մզւածքները ցոյց են տւել մազաթափութիւնը նւազեցնելու եւ մազի ցողունը խտացնելու ներուժը։ Միեւնոյն ժամանակ, պարզւել է, որ A վիտամինի (ռետինոլ) աւելցուկը կարող է սրել ալոպէցիայի իմունամերժ ձեւը՝ ալոպէցիայի արեատան (վիճակ, որի դէպքում իմունային համակարգը յարձակւում է մազի ֆոլիկուլների վրայ առաջացնելով մազաթափութիւն -խմբ.)։
Տեսութիւնն ընդգծում է սննդի կարեւորութիւնը առողջ մազերի համար. հիմնական սննդարար նիւթերի (D վիտամին, երկաթ, լիարժէք սպիտակուց) բաւարար մակարդակի ներառումը եւ շաքարային ըմպելիքների, ալկոհոլի եւ A վիտամինի աւելցուկի օգտագործման սահմանափակումն օգնում են կանխել եւ կառավարել ալոպէցիան: Ընդսմին, հեղինակները նշում են, որ չնայած համոզիչ տւեալներին, պատճառահետեւանքային կապերը հաստատելու եւ պարզաբանելու համար հետագայ հետազօտութիւններ են անհրաժեշտ:
News.am