Այլ

Կանաչ թէյն օգնում է նիհարել

Կրուզէյրօ դու Սուլի համալսարանի բրազիլացի գիտնականները կանաչ թէյի ճարպակալման եւ նիւթափոխանակութեան վրայ ազդեցութեան վերաբերեալ նոր տւեալներ են ներկայացրել։ Կանաչ թէյի էքստրակտի երկարատեւ օգտագործումը լաբորատոր փորձի ժամանակ նւազեցրել է մկների քաշը, բարելաւել ինսուլինի նկատմամբ զգայունութիւնը եւ կանխել ճարպակալմանը բնորոշ մկանային հիւսւածքի խանգարումները։ Գիտական աշխատանքը հրապարակւել է Cell Biochemistry & Function (CM&F) բժշկագիտական  հանդէսում:

Պրոֆեսոր Ռոզմարի Օտտոնի գլխաւորած գիտնականների թիմն աւելի քան 15 տարի ուսումնասիրում է կանաչ թէյը։

«Ես միշտ հետաքրքրւել եմ, թէ որքանով է ճիշտ այն առասպելը, ըստ որի թէյն օգնում է նիհարել։ Մենք տեսնում ենք, որ դրա ազդեցութիւնը ոչ միայն իրական է, այլեւ կապւած է խոր նիւթափոխանակութեան մեխանիզմների հետ»,- նշել է հետազօտողը։

Փորձի ընթացքում մկներին նախ կերակրել են շոկոլադով, թխւածքաբլիթներով եւ խտացրած կաթով։ Այնուհետեւ կենդանիներից մի քանիսը 12 շաբաթ շարունակ ստացել է կանաչ թէյ (էքստրակտ՝ մէկ անձի համար մօտ երեք բաժակին համարժէք չափաքանակով)։ Արդիւնքում, մարմնի քաշը նւազել է, վերականգնւել է գլիւկոզի կլանման համար պատասխանատու գէների գործառոյթը, եւ մկանային մանրաթելերը պահպանել են իրենց բնականոն տրամագիծը, ինչը վկայում է ատրոֆիայից պաշտպանութեան մասին։

Աշխատանքի առանձնայատկութիւնն այն էր, որ կենդանիները պահւում էին ջերմաչէզոք պայմաններում (28 °C): Սովորաբար փորձերը կատարւում են 22 °C ջերմաստիճանում. մկների շրջանում դա քրոնիկ մրսածութիւն է, եւ այն ինքնին մեծացնում է էներգիայի ծախսը։

«Մենք ցանկանում էինք բացառել արտաքին գործօնների ազդեցութիւնը եւ ցոյց տալ թէյի «մաքուր» ազդեցութիւնը»,- պարզաբանել է Օտտոնը։

Գիտնականները նկատել են նաեւ, որ կանաչ թէյը գործում է ընտրողաբար. նիհար կենդանիների շրջանում այն չի նւազեցրել մարմնի քաշը, մինչդեռ գեր կենդանիների շրջանում կանաչ թէյը նպաստել է քաշի կորստին: Օտտոնի բնորոշմամբ՝ դա հաստատում է այն վարկածը, որ թէյի ակտիւ միացութիւնները գործում են հէնց սննդանիւթերի աւելցուկի պայմաններում։

«Ճապոնիայում կանաչ թէյը խմում են ամէն օր ամբողջ կեանքի ընթացքում, եւ այնտեղ ճարպակալման մակարդակը ցածր է: Սակայն մենք նոր ենք սկսում հասկանալ, թէ ինչպէս է այդ ըմպելիքը գործում օրգանիզմում»,- եզրափակել է Օտտոնը։

News.am

Related Articles

Back to top button