Վերջին տասնամեակների ընթացքում աշխարհում գրեթէ կրկնապատկւել է շաքարային դիաբետով տառապող երեխաների եւ դեռահասների թիւը

1990-2021 թւականներին 204 երկրի տւեալներն ընդգրկող հետազօտութիւնը մտահոգիչ միտում է ցոյց տւել. երեխաների եւ դեռահասների մօտ շաքարախտի դէպքերը գրեթէ կրկնապատկւել են՝ սկզբնական տարիների համեմատ աճելով 94%-ով։ Յատկապէս կտրուկ աճել է 2-րդ տիպի շաքարախտի նոր դէպքերի յարաբերակցութիւնը, որն այժմ մի շարք տարածաշրջաններում երիտասարդների մօտ գերազանցում է առաջին տիպի շաքարախտի ցուցանիշը։
Նոր ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակւել են Frontiers in Endocrinology ամսագրում։
Յայտնաբերւած հիմնական ռիսկի գործօնը արեան մէջ գլիւկոզի բարձր մակարդակն է, որը կապւած է ոչ ճիշտ սննդակարգի, նստակեաց ապրելակերպի եւ ճարպակալման հետ: Թէեւ շաքարախտի հետ կապւած մահացութիւնները, ընդհանուր առմամբ, նւազել են այս տարիքային խմբում, այնուամենայնիւ ապագայի հեռանկարը դեռեւս մտահոգիչ է. կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դէպքում՝ դէպքերի թիւը կը շարունակի աճել:
Տարածաշրջանային տարբերութիւնները նկատելի են. ամենամեծ աճը միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկրներում է, որտեղ առողջապահական համակարգերը յաճախ աւելի քիչ կայուն են, իսկ կանխարգելման եւ բուժման հասանելիութիւնը՝ սահմանափակ։ Նաեւ նշւել են սոցիալ-տնտեսական գործօններ. այնտեղ, որտեղ սնունդն աւելի վատն է, ճարպակալման մակարդակն աւելի բարձր է եւ որտեղ երեխաները քիչ են շարժւում, այնտեղ աճն աւելի արագ է։
Գիտնականներն ընդգծում են, որ կարեւոր է վաղ յայտնաբերումն ու միջամտութիւնը՝ դիետայի վերահսկողութիւնը, կանոնաւոր ֆիզիկական ակտիւութիւնը, աւելորդ քաշի նւազեցումը։ Եթէ գործողութիւններ ձեռնարկւեն, ապա հնարաւոր է ոչ միայն դանդաղեցնել աճը, այլեւ ապագայում նւազեցնել հիւանդութիւնների ծանրութիւնը։
News.am