Այլ

Արեւային այրւածքներից խուսափելը կարող է կանխարգելել մաշկի քաղցկեղը

Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, թէ ինչպէս է արեւի լոյսը կարողանում գործարկել այն մեխանիզմը, որը մաշկի առողջ բջիջները վերածում է քաղցկեղայինի։ Պարզւել է, որ երկարատեւ ուլտրամանուշակագոյն ճառագայթումը քայքայում է YTHDF2 կարգաւորիչ սպիտակուցը, որը պաշտպանում է բջիջները բորբոքումից եւ անվերահսկելի աճից։ Դրա կորուստը գործարկում է ուռուցքների ձեւաւորման հետ կապւած բորբոքային գործընթացները։ Աշխատանքը հրապարակւել է Nature Communications (NatCom) ամսագրում։

Արեւն անհրաժեշտ է մարդուն, մասնաւորապէս՝ վիտամին D-ի սինթեզի համար։ Սակայն հէնց ուլտրամանուշակագոյն ճառագայթումն է համարւում ռիսկի առանցքային գործօն. ԱՄՆ-ում մաշկի քաղցկեղի դէպքերի աւելի քան 90%-ը բաժին է ընկնում դրան։ Ուլտրամանուշակագոյն ճառագայթումը վնասում է ԴՆԹ-ն, առաջացնում օքսիդատիւ սթրես եւ բորբոքում. մեխանիզմներ, որոնք ընկած են սովորական արեւային այրւածքի հիմքում։

«Մենք հետաքրքրւած էինք, թէ ինչպէս է ուլտրամանուշակագոյն ճառագայթներից առաջացած բորբոքումը նպաստում մաշկի քաղցկեղի զարգացմանը»,- ասել է Չիկագոյի համալսարանի մաշկաբանութեան պրոֆեսոր Իւ-Յին Հէն։

Թիմը հետազօտել է, թէ ինչպէս է ուլտրամանուշակագոյն ճառագայթումն ազդում ՌՆԹ մոլեկուլների եւ դրանց աշխատանքը կառավարող սպիտակուցների վրայ։ Յատուկ ուշադրութիւն է գրաւել YTHDF2-ը, որը ՌՆԹ-ի վրայ քիմիական պիտակներ ճանաչող սպիտակուց է։ Ուլտրամանուշակագոյն ճառագայթման ազդեցութիւնից յետոյ դրա մակարդակը կտրուկ նւազել է։ Փորձերում YTHDF2-ի հեռացումը յանգեցրել է շատ աւելի ուժեղ բորբոքման։

Գիտնականները պարզել են, որ YTHDF2-ը վերահսկում է ՌՆԹ-ի յատուկ չկոդաւորող մոլեկուլի՝ U6 snRNA-ի ակտիւութիւնը։ Նորմալ վիճակում երկու մոլեկուլներն էլ տեղափոխւում են էնդոսոմներ, որտեղ YTHDF2-ը արգելափակում է U6-ը եւ թոյլ չի տալիս նրան գործարկել TLR3 իմունային ընկալիչը, որը պատասխանատու է բորբոքման համար։ Սակայն, երբ YTHDF2-ը քայքայւում է ուլտրամանուշակագոյն ճառագայթման հետեւանքով, U6-ն ազատօրէն ակտիւացնում է TLR3-ը, ինչը առաջացնում է հզօր բորբոքային ռեակցիա։ Այդ գործօններից մէկը նպաստում է ուռուցքների զարգացմանը։

«Մենք նկարագրել ենք նոր պաշտպանական մեխանիզմ, մի տեսակ հսկողութեան համակարգ, որը կանխում է չափազանց բորբոքումը եւ հիւսւածքների վնասումը»,- նշել է նա։

Այս բացայայտումը ցոյց է տալիս, որ հէնց ՌՆԹ-ի եւ կարգաւորիչ սպիտակուցների միջեւ հաւասարակշռութեան խախտումը կարող է գործարկել մաշկի քաղցկեղի հետ կապւած բորբոքումը։ Ապագայում այս մեխանիզմը կարող է հիմք դառնալ ուլտրամանուշակային ճառագայթման ազդեցութեամբ պայմանաւորւած հիւանդութիւնների կանխարգելման եւ բուժման նոր մեթոդների համար։

News.am

Related Articles

Back to top button