Արեան մէջ շաքարի մակարդակի կարգաւորումը կրկնակի կրճատում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը

Նախադիաբետը աւանդաբար 2-րդ տիպի շաքարախտի զարգացումից առաջ միջանկեալ փուլ է համարւում: Սակայն նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ շատ մարդկանց մօտ այս գործընթացը կարող է հակառակ ուղղութեամբ զարգանալ: Աւստրալիայի Դէյքին համալսարանի IMPACT ինստիտուտի գիտնականները պարզել են, որ գլիւկոզի մակարդակի կանոնաւոր վիճակի վերադարձն աւելի քան 50%-ով նւազեցնում է հիւանդութեան զարգացման ռիսկը: Հետազօտութիւնը հրապարակւել է Diabetologia բժշկագիտական հանդէսում:
Մոտ երկու միլիոն աւստրալացու նախադիաբետ են ախտորոշել եւ նրանցից իւրաքանչիւր տասներորդն ամէն տարի անցնում է 2-րդ տիպի շաքարախտի: Այս վիճակը ոչ միայն վատթարացնում է կեանքի որակը, այլեւ հսկայական տնտեսական բեռ է ստեղծում. ըստ Diabetes Australia-ի, երկիրը շաքարախտի բուժման եւ բարդութիւնների վրայ տարեկան մոտ 9,1 միլիարդ դոլար է ծախսում:
Նախկինում բժշկական ուղեցոյցները հիմնականում կենտրոնացած էին նախադիաբետից շաքարախտի առաջընթացը դանդաղեցնելու վրայ: Սակայն, ինչպէս ցոյց է տալիս Diabetologia բժշկագիտական հանդէսում հրապարակւած նոր հետազօտութիւնը, այս ռազմավարութիւնը պէտք է վերանայւի: Դիքինի թիմը հետեւել է Աւստրալիայից, ԱՄՆ-ից եւ Ասիայից մօտ 8000 մարդու։
«Մարդիկ, որոնց յաջողւել է իրենց գլիւկոզի մակարդակը վերադարձնել բնականոն սահմանների, 2-րդ տիպի շաքարախտ զարգացնելու 51%-ով աւելի ցածր ռիսկ ունէին։ Դա նշանակալի տարբերութիւն է եւ յստակ նշան, որ նախադիաբետի վիճակի վերականգնումը հնարաւոր է»,- նշել է հետազօտութեան հեղինակ Նաջմէ Դաւուդիանը։
Ազդեցութիւնը յատկապէս արտայայտւած էր նրանց շրջանում, որոնց սրտանօթային առողջութեան ցուցանիշները մնացել են կանոնաւոր՝ արեան ճնշում, խոլեստերին, մարմնի քաշ եւ իրանի շրջագիծ։ Չծխողների եւ մարմնի զանգւածի նորմալ ինդեքս ունեցող մարդկանց շրջանում այդ ռիսկը նւազել է շուրջ 80-85%-ով։ Եւ հակառակը, նախադիաբետի վիճակում մնացած մասնակիցները կրկնապատկել են շաքարախտ զարգացնելու հաւանականութիւնը, նոյնիսկ եթէ առողջութեան այլ պարամետրերը համեմատաբար բարենպաստ էին։
Գիտնականները կոչ են անում վերանայել բուժման մօտեցումները։ Առողջապահութեան ոլորտի մասնագէտները պէտք է ակտիւօրէն աշխատեն արեան մէջ շաքարի մակարդակը նորմալ վիճակի վերադարձնելու եւ դրան առնչւող ռիսկի գործօնները վերացնելու ուղղութեամբ։
«Սա լուրջ ազդանշան է։ Ժամանակն է դադարեցնել նախադիաբետը դիտարկել որպէս շաքարախտի դանդաղ, բայց անխուսափելի ուղի,- ընդգծել է Դաւուդիանը։ -Մենք պէտք է սկսենք այն դիտարկել որպէս շրջելի վիճակ»։
Հետազօտողները կոչ են անում թարմացնել կլինիկական ուղեցոյցները, որպէսզի բուժման նպատակը լինի գլիւկոզի նորմալ մակարդակի վերականգնումը՝ միաժամանակ բարելաւելով նիւթափոխանակութեան ընդհանուր առողջութիւնը։
News.am


