ԻրանՔաղաքական

Ռէյիսին «NBC News»-ին տւած հարցազրոյցում. «Մենք կը ծախսենք ապասառեցւած գումարները, որտեղ անհրաժեշտ լինի»

«ԱԼԻՔ»-ը յղում կատարելով «parstoday.ir»–ին գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Էբրահիմ Ռէյիսին ամերիկեան «NBC News» հեռուստաալիքին ասել է, որ իր կառավարութիւնը կորոշի, թէ ինչպէս ծախսել 6 միլիարդ դոլարի սառեցւած միջոցները, որոնք պէտք է ապասառեցւեն ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման մասին համաձայնագրի շրջանակում, եւ որ այս գումարը կը ծախսւի «որտեղ Իրանին անհրաժեշտ լինի»։

Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Թեհրանում ամերիկեան «NBC News»-լրատւական ցանցին տւած բացառիկ հարցազրոյցում, ի պատասխան այն հարցին, թէ արդեօք այդ գումարը մարդասիրական կարիքներից բացի, այլ նպատակների համար է օգտագործւելու, ասել է. «Մարդասիրական նշանակում է Իրանի ժողովրդի ցանկացած կարիք, ուստի այս գումարը կը ծախսւի այդ կարիքների համար, եւ Իրանի կառավարութիւնը կորոշի Իրանի ժողովրդի կարիքները եւ որոշումներ կը կայացնի դրանց վերաբերեալ»:

ԱՄՆ-ի կառավարութիւնը փորձեց միջամտել, թէ ինչպէս է Իսլամական Հանրապետութիւնն օգտագործում իր ապասառեցւած գումարները, սակայն Իրանի պաշտօնեաները կանխեցին այդ միջամտութիւնը եւ յայտարարեցին, որ Իրանին պատկանող փողերը լինելու են իրանցիների տրամադրութեան տակ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի 2024 թւականի նախագահական ընտրութիւններին աւելի քան մէկ տարի մնացած, Ջօ Բայդէնի դեմոկրատական վարչակազմը, որի ժողովրդականութիւնը, ըստ հարցումների, շարունակում է նւազել, ուղիներ է փնտրում Վաշինգտոնի արտաքին քաղաքականութեան ոլորտում իր ստեղծած փակուղուց դուրս գալու համար, որպէսզի մեծացնի իր կուսակցութեան յաղթանակի շանսը:

Related Articles

Back to top button