Արաբագէտ. «Իրանն առաջիններից մէկն արձագանգեց յայտարարւած դիւերսիֆիկացման կուրսին»
«Իրանը կը շարունակի յատուկ ուշադրութիւն դարձնել Հարաւային Կովկասի երկրների, մասնաւորապէս Հայաստանի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններին: Իրանը ձգտում է ամէն կերպ մանեւրել եւ խուսափել զինւած հակամարտութիւնների մէջ ներքաշւելուց, եւ այդ սխեման կը պահպանւի:
Յարաբերութիւնների որոշակի սառեցումը, Երեւանի եւ Մոսկւայի ներկայացուցիչների միջեւ փոխադարձ մեղադրանքները Թեհրանում դիտարկւում են որպէս Հայաստանում իրենց ներկայութիւնն ուժեղացնելու հնարաւորութիւն»,- «Ֆէյսբուք»-եան իր էջում նման գրառում է կատարել արաբագէտ Արմէն Պետրոսեանը։
Արաբագէտի խօսքով, Իրանն առաջիններից մէկն արձագանգեց յայտարարւած դիւերսիֆիկացման կուրսին` համագործակցութիւն առաջարկելով տնտեսութեան, էներգետիկայի եւ իհարկէ անվտանգութեան ոլորտներում։
«Ադրբեջանի հետ յարաբերութիւնների դէպքում առաջին հերթին շեշտը կը դրւի տնտեսական բաղադրիչի վրայ։ Իրանի կողմից Ադրբեջանի ներքին կեանքին միջամտելու հնարաւորութիւններն այժմ նկատելիօրէն սահմանափակ են, յատկապէս Ադրբեջանում շիա գործիչների ձերբակալութիւնների լոյսի ներքոյ:
Ու քանի որ հնարաւոր չէ խաղարկել կրօնական գործօնը, Իրանի համար ազդեցութեան լծակների պահպանման համատեքստում կարեւոր է մնում տնտեսութիւնը, ենթակառուցւածքների զարգացումը եւ այլն»,- նշում է նա։