Ժողովրդի 95 տոկոսը դէմ է Տաւուշի գիւղերն Ադրբեջանին յանձնելուն
Հասարակութիւնը դէմ է իշխանութիւնների կողմից Տաւուշի չորս գիւղերն Ադրբեջանին յանձնելուն, եւ ընդհանրապէս`առանց համաձայնեցւած քարտէզների սահմանագծում անելուն։ «Փաստինֆօ»-ն աւանդական դարձած հարցումների շրջանակներում հետաքրքւել է, թէ արդեօք քաղաքացիները համամիտ են, որ սահմանագծումը կարելի է կատարել՝ առանց համաձայնեցւած քարտէզների։ Մենք արձանագրել էինք, որ Երեւանի եւ Բաքւի միջեւ չկայ համաձայնեցում, թէ որ քարտէզների հիման վրայ պէտք է իրականացւի սահմանազատումը, ինչի մասին յայտարարել է թէ՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը, թէ՛ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, չնայած դրան` Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ պատրաստ է Տաւուշի չորս գիւղերը յանձնել Ադրբեջանին։
Հարցմանը մասնակցել է 4000 քաղաքացի, որոնց բացարձակ մեծամասնութիւնը՝ 95 տոկոսը, դէմ է այդ գործընթացին՝ նշելով, որ նախ պէտք է քարտէզները համաձայնեցւեն։ Մնացեալ 5 տոկոսը հաւասարաչափ է բաշխւել, մի մասը կողմ է եղել, միւս մասը՝ դժւարացել է պատասխանել։ Քաղաքացիները նաեւ քննարկումներ են ծաւալել՝ զարմանք յայտնելով, թէ առհասարակ ինչպէս կարող է նման գործընթաց սկսւել, եթէ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքում են գտնւում, ինչպէս կարող է որեւէ մէկը միանձնեայ որոշել ամբողջ ազգի ճակատագիրը՝ հողերը յանձնելով թշնամուն։ Մէկ այլ քաղաքացի էլ արձանագրել է, որ եթէ որեւէ այլ երկրում նման բան լինէր, ապա երկրի ղեկավարը վաղուց կալանաւորւած կը լինէր։