Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

«Էրդողան խումբը» ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ խմբի փոխարէն. Փաշինեանի «ձեռքբերումը»

Ինչպէ՞ս խուսափել Արեւմտեան Հայաստանի ճակատագրից

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

ՔԱՂԱՔԱԳԷՏ

 

Հայաստանի իշխանութիւնները դառնում են աւելի ու աւելի անկեղծ։ Դա տեղի է ունենում ոչ թէ իրենց կամքով, այլ հանգամանքների բերումով։ Նրանք ստիպւած են «բաց խաղալ», օրինակ՝ յայտարարելով, որ Հայաստանին սպասւում է ոչ թէ սահմանադրական բարեփոխում, այլ նոր Սահմանադրութեան ընդունում։ Նոր Սահմանադրութիւնում չի լինի յղում Հայաստանի Անկախութեան հռչակագրին, որտեղ կան ինչպէս Հայոց Ցեղասպանութեան մասին դրոյթն ու Հայաստանի եւ Արցախի վերամիաւորման մասին դրոյթը։

«Բաց ու անկեղծ» լինելը հասել է այն մակարդակի, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը ընդունում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին պէտք է փոխարինի «Էրդողանի խումբը»։ «Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ հայ-ադրբեջանական յարաբերութիւններում»,- նշել է Միրզոյեանը Անթալիայում թուրքական ԶԼՄ-ներին տւած հարցազրոյցում։

Այս յայտարարութեամբ Միրզոյեանն անուղղակիօրէն հաստատեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խօսքերը, ով դեռ 2024 թւականի աշնանը յայտնել էր՝ Նիկոլ Փաշինեանը Նիւ Եօրքում «Թուրքական տանը» հանդիպման ժամանակ հետաքրքրութիւն է յայտնել, որ Թուրքիան միջնորդի Ադրբեջանի հետ խաղաղութեան հաստատման հարցում։ Էրդողանն աւելի արագ, քան Փաշինեանը, հայ ընտրողներին պատմեց, թէ ինչ է խնդրում Փաշինեանը Թուրքիայից փակ դռների յետեւում։

Մինչ իշխանութիւնը Նիկոլ Փաշինեանին փոխանցելը 2018 թւականին, Հայաստանն ունէր Արցախ եւ ԵԱՀԿ Մինսկի խումբ, որն ունէր մանդատ կարգաւորելու Ղարաբաղեան խնդիրը։ Սակայն 2018-ի մայիսի առաջին օրերից՝ որպէս վարչապետ, Փաշինեանը սկսեց քննադատել Մինսկի խմբին՝ պահանջելով յստակեցնել նրա առաքելութիւնը։ Արդիւնքում, 2025 թւականի գարնանը Մինսկի խումբը կարող է լուծարւել, իսկ նրա տեղը կը զբաղեցնի «Էրդողանի խումբը»։

Հայաստանը մտնում է ընտրական ցիկլ եւ հնարաւոր փոփոխութիւնների շրջան։ Կարեւոր է գիտակցել, որ Փաշինեանն, ամենայն հաւանականութեամբ, չի կարողանայ կամ չի էլ ցանկանայ դուրս բերել երկիրը ստեղծւած իրավիճակից։ «Էրդողանի խումբը» ոչ միայն չի պատրաստւում նպաստել Երեւանի եւ Բաքւի յարաբերութիւնների կարգաւորմանն, այլեւ Հայաստանի պետականութիւնն իր սահմանների կողքին համարում է «արհեստական կազմաւորում»։ Քաղաքական գործընթացների տրամաբանութիւնը յուշում է՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր առաջնորդ եւ թիմ, որը կը կարողանայ կառուցել երկխօսութիւն Ռուսաստանի եւ Թեհրանի հետ։ Հակառակ դէպքում, Հայաստանի Հանրապետութիւնը կարող է կրել Արեւմտեան Հայաստանի ճակատագիրը։

Մտածէ՛ք այդ մասին…:

AlphaNews

Related Articles

Back to top button