Իշխան Սաղաթէլեան. «Ռուսներին դարձրել են ՀՀ ինքնիշխանութեան սպառնալիք ու ոչ մի թթու խօսք Ադրբեջանի ու Թուրքիայի հասցէին»

Սրա վարած քաղաքականութեան արդիւնքում կորցնում ենք մեր դաշնակիցներին եւ նոր դաշնակից ձեռք չենք բերել: Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:
«Այն քաղաքականութիւնը, որ փոխենք երկրի արտաքին քաղաքական վեկտորը, եւ Արեւմուտքը կապահովի մեր անվտանգութիւնը, Արեւմուտքը բացայայտ եւ ուղիղ ասում է՝ ես ձեր անվտանգութիւնը ապահովել չեմ կարող: Մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական դաշնակցային պայմանագիր, մենք ունենք մի շարք հնարաւորութիւններ մեր յարաբերութիւնները կարգաւորելու, վերականգնելու, փոխվստահութեան մթնոլորտի մէջ մեր անվտանգային հարցերը լուծելու:
Իրանի հետ ունենք բազմաթիւ հնարաւորութիւններ: Իրանը բազմաթիւ անգամ յայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն իր համար կարմիր գիծ է: Հայաստանին բազմաթիւ առաջարկներ են արւել, որը մերժւել է այս իշխանութիւնների կողմից, որովհետեւ սա խամաճիկ կառավարութիւն է:
Մենք չենք քննարկում՝ Արեւմուտքը լաւ է, թէ վատ է, մենք ասում ենք, որ դա անիրատեսական է: Խաբում է ձեզ, ազատ վիզա, բարեկեցիկ կեանք, ընդամէնը մի քննարկում է եղել Հայաստանին ԵՄ անդամի դիտորդի կարգավիճակի: Եթէ այդ ճանապարհը վերցնենք, 20 տարի է պէտք դրան հասնելու համար, իսկ այս իրավիճակում պետութիւնը չի լինի»,- ասաց Սաղաթէլեանը:
Նա նկատեց, որ ապրիլի 5-ին Բրիւսէլում տեղի ունեցած հանդիպմանն ամէն ինչի մասին խօսել են, բացի Հայաստանի անվտանգութեան խնդրից. «ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը եկաւ Երեւան, ոչ մի խօսք Հայաստանի անվտանգութեան մասին, ոչ մի խօսք ագրեսոր Ադրբեջանի գործողութիւնների մասին, որի զօրքերը գտնւում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
Այս իշխանութիւնն այսօր ռուսներին դարձրել է Հայաստանի ինքնիշխանութեան սպառնալիք, ոչ մի թթու խօսք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին»,- յայտարարեց պատգամաւորը:
Yerkir.am