Գառնիկ Դանիէլեան. «Ամէն օր մի քարտէզ թեւի տակ դրած գալիս են, ասում՝ ճամբեն էսպէս է անցնում. էստեղ Շուռնուխից աւելի վատ է լինելու»
«ԱԼԻՔ» – Ամէն օր մի քարտէզ թեւի տակ դնում են, գալիս են ասում՝ ճամբեն էս դպրոցով է անցնում, մի ասում են՝ եկեղեցու կողքով է անցնում։ Այս պահի դրութեամբ ադրբեջանցիներն ասել են, որ սահմանը դպրոցից 100 մետր հեռաւորութեամբ է անցնելու: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները` այս մասին, երէկ՝ ապրիլի 20-ին, Տաւուշի մարզի Կիրանց գիւղում յայտարարել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Այսինքն կամ դպրոցի միջից պէտք է անցնի, կամ դպրոցի կողքով: Այս պահի դրութեամբ այդպէս է, թէ յաջորդ անգամ ոնց կը լինի, չգիտենք: Այստեղ Շուռնուխից աւելի վատ է լինելու: Իսկ իշխանութիւնն ասում է՝ այնտեղ, որտեղ կանգնած է ադրբեջանական զինւորը, դա ամենաապահով տեղն է: Ասում են՝ ի՞նչ կարող ենք անել, Ադրբեջանն ասում է, պէտք է անենք: Ադրբեջանը միւս գիւղերն էլ է ուզում: Նրանք պատերազմի մասնակիցների ցուցակ են հրապարակել, որ յանձնեն Ադրբեջանին: Էս գիւղում լիքը կռւած մարդիկ կան, մի օր էլ էս մարդկանց ցուցակն է հրապարակելու, ի՞նչ տարբերութիւն:
Ո՞նց կարող է մարդը թուրքի կողքն ապրի ու իրեն անվտանգ զգայ: Արդէն էստեղ մարդ կար, որ ուզում էր իր տունն այրել: Դա խայտառակութիւն է»,- յայտարարեց Դանիէլեանը:
Նա որպէս ելք առաջարկեց համազգային պայքարը, քանի որ սա Ոսկեպարի կամ Կիրանցի հարցը չի: