Մովսէս Յակոբեան. «Ի՞ նչ պէտք է զգայ մի մարդ, ով իր ողջ կեանքը նւիրել է Արցախին, հիմա էլ՝ Արցախն է կորցնում»
Ես չեմ բանակցում եւ չգիտեմ, չեմ կարող ասել՝ ի՞նչ են բանակցում այսօր Իւանեանում հանդիպած Արցախի եւ Ադրբեջանի պատւիրակութիւնները, «Փաստինֆօ»-ին ասել է գեներալ – գնդապետ Մովսէս Յակոբեանն ու յաւելում՝ չի կարող ասել՝ ի՞նչ է սպասւելու նրանց, ովքեր որոշում են կայացրել դուրս չգալու Արցախից։
Յակոբեանն ասել է՝ դեռ երկու տարի առաջ է բարձրաձայնել այն հետեւանքների մասին, ինչին այսօր ականատես ենք լինում այսօր եւ ոչ մէկ անգամ, ասել է՝ Արցախը դատարկւելու է, Արցախը կորցնելու ենք, հարկաւոր է միջոցներ ձեռնարկել։
Հարցին՝ կա՞յ արդեօք, մնացե՞լ է այս պահի դրութեամբ որեւէ հնարաւորութիւն՝ կասեցնելու այս անկումը, Արցախի հայաթափումն ու կորուստը, Մովսէս Յակոբեանը պատասխանել է՝ հնարաւորութիւն միշտ կայ՝ իրատեսական նպատակ է պէտք դնել եւ գնալ դրա կատարման ուղղութեամբ։
Խօսելով ռուսական կողմի որդեգրած քաղաքականութեան մասին՝ Մովսէս Յակոբեանն ասել է՝ որպէսզի կարողանայ յստակ եւ սպառիչ պատասխան տալ, թէ ի՞նչ մոտիւացիայով է ռուսական կողմն այս կամ այն գործողութիւնն անում, պէտք է մասնակից լինի բանակցային ողջ գործընթացին. «Ես բանակցային պրոցեսներին չեմ մասնակցել, սակայն մշտապէս ասել եմ՝ խնդիր կայ 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքած համաձայնագրի 4-րդ եւ 5-րդ կէտերի հետ։ Երբ ստորագրում էին՝ չէի՞ն մտածում, որ այդ կէտերը մեզ մի օր պրոբլեմների առաջ են կանգնեցնելու։ Այս պահի դրութեամբ իրականութիւն է դարձել այդ պայմանագրով ստորագրւած բոլոր կէտերը, անկատար է մնացել միայն 9-րդ կէտը»։
Յիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի, Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքած համաձայնագրի 9-րդ կէտով ապաշրջափակւում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան անվտանգութիւնը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղութիւններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցութեան նկատմամբ վերահսկողութիւնն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները:
Աւարտելով զրոյցը, Մովսէս Յակոբեանն ասել է՝ ի՞ նչ պէտք է հիմա զգայ մի մարդ, ով իր ողջ կեանքը նւիրել է Արցախին, չորս անգամ վիրաւորւել է, եղբայրներ ու ընկերներ է կորցրել Արցախում, հիմա էլ՝ Արցախն է կորցնում…